Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ

Հունիս 22,2005 00:00

ԵԽԽՎ-ում
ժամանակ առ ժամանակ հրաշքներ են լինում. Հայաստանից Ստրասբուրգ մեկնած ընդդիմադիր
եւ իշխանական պատգամավորները ամենասկզբունքային հարցերում հանդես են գալիս մեկ միասնական
տեսակետով: Այդպես եղավ նաեւ երեկ, երբ հայտնի դարձավ, որ կոալիցիայի սահմանադրական
փոփոխությունների նախագծի օգտին են սկսել խոսել ընդդիմության ներկայացուցիչները,
մասնավորապես՝ Շավարշ Քոչարյանը: ԵԽ դիտարկման հանձնաժողովի երեկ սկսված նիստի ընթացքում
դիտարկման խումբը ներկայացրել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացի
վերաբերյալ իր զեկույցի նախագիծը: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է 3 առաջարկ,
եւ երեքն էլ ընդունվել են: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի երեկվա աշխատանքը հայկական
պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանն այսպես գնահատեց. «Մոնիտորինգի խմբի ներկայացրած
նախագիծը բավականին հավասարակշռված է: Առաջարկները տեխնիկական բնույթի են: Իհարկե,
կան կետեր, որոնց հետ որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ համաձայն չեմ: Դրանք կարելի
էր մի քիչ ավելի սուր բարձրացնել»: Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ նախագծում հաշվի են
առնված բոլոր կողմերի տեսակետները. «Այդ իսկ պատճառով նախագծի վերաբերյալ պետք է
որդեգրել ընդհանուր մոտեցում: Որեւէ մեկը չպետք է փորձի նախագիծը դեպի իր կողմը քաշել
եւ սրել իրավիճակը: Նախագծում արտահայտված են եւ ընդդիմության, եւ իշխանության տեսակետները»:
Թերեւս ընդդիմության ներկայացուցչի այս գնահատականը հիմք է տալիս ենթադրել, որ Հայաստանի
իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները այսօր եւ վաղը ԵԽԽՎ-ում կրկին հանդես
կգան միասնաբար: Նախորդ օրը մեզ հետ հեռախոսային զրույցում պատվիրակության ղեկավար
Տիգրան Թորոսյանն արդեն նման բան կանխատեսել էր: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս
են կարողացել համոզել ընդդիմության ներկայացուցիչներին՝ կրկին կանգնել իշխանության
կողքին եւ պաշտպանել մեկ միասնական տեսակետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Մանավանդ, հենց այս հարցն էր պատրաստվում օգտագործել ընդդիմությունը, որպես իշխանափոխության
հերթական առիթ: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան
Թորոսյանի պատասխանը սա էր. «Կարծում եմ, յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ
է, որ Հայաստանն իսկապես շատ մեծ կարիք ունի սահմանադրական փոփոխությունների: Երկրի
հետագա զարգացումը ուղղակիորեն կապված է դրանից, որովհետեւ դա միայն կարող է հիմք
լինել ժողովրդավարության հետագա խորացման համար: Գաղտնիք չէ, որ գործող Սահմանադրությունն
այս առումով սահմանափակումներ ունի, ուրեմն, մնում է մի բան՝ անկեղծ եւ շիտակ մոտեցում
ունենալ սահմանադրական փոփոխություններին եւ համաձայն լինել ողջամիտ մոտեցումներին
եւ առաջարկություններին: Հիմա ամենակարեւորը հունիսի 23-ի քննարկումներն են եւ այն,
որ դրանց արդյունքում բոլոր հիմնական հարցերը ստանան վերջնական պատասխաններ: Համոզված
եմ, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված երեք հիմնական ուղղությունների մասով
լուծումներ կան: Կարեւորը, որ նախագծում արդեն կան մեխանիզմները, եւ իսկապես կա առարկայական
համաձայնության հիմք»: Իսկ վենետիկցիների վերաբերմունքը կոալիցիայի կողմից
գտնված լուծումների նկատմամբ պարզվել է երեկ, հանձնաժողովի քարտուղար պարոն Բուքիքիոյի
եւ Տիգրան Թորոսյանի զրույցի արդյունքում: Բուքիքիոն ասել է, որ կարեւոր աշխատանք
արվել է, բայց դեռ շտկումների կարիք կա: Պատվիրակության մեկ այլ՝ իշխանական թեւի
ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, որքան արագ մեր երկրի խնդիրները, այդ
թվում՝ սահմանադրական փոփոխությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին, Հայաստանն
այնքան արագ կզարգանա. «Սահմանադրական փոփոխությունների ուղղությունը շատ ճիշտ է
ընտրված, ԵԽ-ի հետ համագործակցությունը շարունակվում է, եւ արդյունքները գոհացուցիչ
են: Կարծում եմ, որ այդ հանգամանքը կարձանագրի նաեւ ԵԽ-ն»,- նշել է պարոն Ռուստամյանը
«ԱՅԲ-ՖԵ»-ին տրված հարցազրույցում: Պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հուսով
է, որ Ստրասբուրգի քննարկումներից հետո իշխանությունը կկարողանա ընդդիմության հետ
այնքան համագործակցված աշխատել, որքան հոկտեմբերին՝ ՀՀ-ի պարտավորությունների կատարման
հարցի քննարկման ժամանակ. «Հուսով եմ, վեհաժողովի կոչերը խթան կհանդիսանան, որ ընդդիմությունը
լիարժեք մասնակցի հետագա բոլոր քայլերին: Անհրաժեշտ է երկու բան: Առաջինը, որ մենք
ունենանք բոլոր չափանիշներին համապատասխանող նախագիծ, որպեսզի հանրաքվեն դրական արդյունք
ունենա: Եվ պետք է ցույց տանք, որ Հայաստանը կարող է նորմալ ընտրություններ անցկացնել
եւ ամեն ինչ անել, որ Սահմանադրությունը համապատասխանի եվրոպական արդի չափանիշներին:
Հակառակ դեպքում, ցավում եմ, բայց Հայաստանը շատ երկար ժամանակ չի կարողանալու համահունչ
քայլել եվրոպական ընտանիքի մյուս անդամների հետ»: Իր այս մտավախությունը պարոն Թորոսյանը
բացատրել է հետեւյալ կերպ. «Ես գտնում եմ, որ մենք ամեն ինչ էլ կարող ենք անել: Ցանկացած
խնդիր լուծելու համար անհրաժեշտ է երկու բան՝ գիտակցել խնդրի կարեւորությունը եւ
աշխատել անկեղծ ու շիտակ: Մենք նման նախադեպ ունեցել ենք, անգամ այնպիսի անհնարին
թվացող հարցում, ինչպիսին ԼՂ հիմնախնդիրն էր»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել