Ռուս ժողովրդի անվան Հայաստա՞ն Օտարներին մենք սիրում ենք, դրա համար էլ համաշխարհային ազգ ենք: Հատկապես շատ ենք սիրում ռուսներին ու ռուս ցարերին: Երբեւէ գրած մեր ամենասրտահույզ նամակը հղել ենք ռուսաց թագավորին: Ոչ, պատասխան չենք էլ ակնկալել: Կարելի է ասել՝ ռուսասիրությունը մեր մեջ ֆիլոգենետիկ նստվածք ունի: Վերջերս դա արտահայտվում է նաեւ արձանների տեսքով: Օրինակ, Խորհրդային Միության Սովմինի երբեմնի նախագահ ընկեր Ն. Ռիժկովի պարագային: Արդեն երկուսը տեղադրել ենք՝ Սպիտակում եւ Գյումրիում: Հիմա քիթ ու բերնի ընկած երրորդի մասին ենք մտածում. բա մայրաքաղաքում չլինի, բա որ Նիկոլայ Իվանովիչը նեղանա: Եթե վերջինս իմանար մեզ պատած ավելի մեծ ցավի մասին: Պետրոս Մեծի հաշվով: Ինչ-որ գործիչներ քաղաքային իշխանավորների հետ սյուրպրիզ են մտածել: Երեւանում պիտի կանգնեցվի ռուս ամենահզոր ցարի 14 մետրանոց արձանը: Առայժմ ուղղակի չեն կողմնորոշվում՝ որ բարձունքի վրա տեղադրել: Այնպիսի մի տեղում, որ բոլոր կողմերից երեւանցիները եւ մեր դռներն օրնիբուն ջարդող զբոսաշրջիկներն ու հյուրերը տեսնեն Պետրոսին: Հավատան, թե որքան շատ ենք սիրում ռուսաց թագավորին: Նրան, ով Իսրայել Օրիին բարոյական նվերով խաբեց ու ճամփու դրեց: Հետո հասավ Դերբենդ, ու հետ գնաց: Եվ հայերը կրկին մնացին կրակի բերանում: Բա որ հայերը սա հիշեն… Եթե, իհարկե, ամպերի մեջ առյուծներ որոնող հայ պատմաբանները իմանան ու հայերին պատմեն Պետրոս Մեծի քաղաքական կտակի մասին: Ընդամենը մեծապետական մի բան: Թե ինչպես Մեծը ծրագրել էր կրոնական հիմքով անընդհատ լարված պահել հայերին ու թուրքերին: Թուլացնելով՝ կործանել Թուրքիան, սրա եւ պատմական Հայաստանի միացյալ հողերով ստեղծել Անդրեփրատյան երկրամաս: Իհարկե՝ Ռուսաստանին կցելու համար: Ունենալ Հայաստան՝ առանց հայերի: Բայց Կալխաս գուշակի ձիրքը չունեցող խեղճ Պետրոսը բոլոր մեծերի նման սխալվեց մի բանում: Հայերը նաեւ այս հզորի ջգրու գոյատեւեցին, որ նրա երկայնահասակ արձանը կանգնեցնեն: Բա որ ջղայնանան եւ արձանը տեղադրեն ոչ թե ամենաբարձունքում, այլ մեր ամենավերջին հպարտության՝ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց… ջիջիլ անելու համար: Երկու հզորներին կռվեցնելու նպատակով: Որ մենք անվրդով ապրենք, ձեռի հետ էլ ծիծաղենք սրանց վրա: Էլ ինչու ամեն հարցով, ասենք՝ Նախագահի հաջորդ թեկնածուի անունն իմանալու համար, հասնենք Մոսկվա ու Վաշինգթոն: Գյումրիում բազմել է նաեւ նախկին Միության Սովմինի նախկին տեղակալ Շչերբինայի կիսանդրին: Ով է, ինչ է արել, անհայտ է, մշուշ: Կարեւորը ունենալն է: Հիմա այստեղ մտածում են երբեւէ Գյումրի եկած ցարուհու՝ Ալեքսանդրայի հուշարձանի մասին: Ախր ոնց կլինի, ժամանակին քաղաքը նրա անունով են կոչել, իսկ արձան չկա: Անհամամասնություն է. Իսահակյանի, Ազնավուրի, Մհեր Մկրտչյանի կողքին ռուս եղբայր ժողովուրդը սակավ է ներկայացված: Այ, այ, այ. դա մեզ չի ներվի: Օտարազգի գործիչների հիշատակին հո միայն կանտատներ, ոտանավորներ չպիտի ձոնենք: Դա այնքան էլ տպավորիչ չէ, գուցեեւ չլսեն անծանոթ բարեկամները: Նյութականացված զեղումներ են պետք: Տեսնես ով է լինելու հաջորդ երջանիկը, որին պղնձե կամ քարեղեն ներբող պիտի հյուսեն: Զարդարեն անշուք քաղաքներն ու շեները: Թվում է՝ երկրից հեռացող վերջին բնիկներին փոխարինելու են օտարների նոր անդրիներ ու կիսանդրիներ: Եվ արդյունքում կստացվի ռուս մեծ ժողովրդի անվան արձանների երկիր Հուշահայաստան: ՀԱԿՈԲ ՄԱՐՏՈՒՆԻ