Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ

Հունիս 21,2005 00:00

ՎԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ «Ա. Խաչատրյան» համերգասրահում հունիսի 29-ի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը բացառիկ է իր մտահղացմամբ. նշվում է վինագործ, միջազգային մրցույթների հաղթող Սամվել Երիցյանի աշխատանքային գործունեության 30-ամյա հոբելյանը: Համերգին մասնակցող մենակատարները (բացառությամբ դաշնակահարուհի Կարինե Օհանյանի)՝ ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Արտաշես Մկրտչյանը, ալտահար Իգոր Նայդինը (Ռուսաստան), թավջութակահար Լեւոն Մուրադյանը (Պորտուգալիա), հանդես կգան հայ վինագործի պատրաստած երաժշտական գործիքներով: Հոբելյար վինագործը իր մասնագիտությունը սովորել է հորից՝ Հակոբ Երիցյանից, այնուհետեւ վերապատրաստվել չեխ հայտնի վարպետ Վլադիմիր Պիլարժի, ֆրանսիացիներ Էթիեն Վատլոյի, Սաբադիեի, Անդրե Լեւիի, Միշել Գլադիոյի, ամերիկահայ Վահագն Նիկողոսյանի արվեստանոցներում: Ակնկալելով, որ նա տեղյակ կլինի հայ վինագործության ակունքներին, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչեւ այժմ Հայաստանում չկա վինագործների դպրոց եւ հիմա էլ շարունակվում է սեւ շուկայի մակարդակով երաժշտական գործիքների առքուվաճառքը: Ս. Երիցյանը հայտնեց, որ մինչ Հայրենական պատերազմը, իր հայրը մեկնել է Մոսկվա՝ բանակցությունների, որ Հայաստանում բացվի Ռուսաստանում գործիքներ արտադրող ֆաբրիկաների մասնաճյուղ: Սակայն վրա հասած պատերազմը, հասկանալի պատճառով, անկատար է թողել այդ գործընթացը: Ինչ վերաբերում է հատուկ դպրոց ունենալուն, Ռուսաստանն էլ չունի: Միայն 1986թ. տեղի Երգչախմբային ընկերությանը կից ստեղծվել է երաժշտական գործիքների վարպետների միություն ու մշակույթի նախարարությանը կից կոլեկցիոն կենտրոն, որը նաեւ ԽՍՀՄ տարածքի վարպետներից գնում էր գործիքներ: «Ինձնից ժամանակին գնվել է 8 գործիք: ԽՍՀՄ փլուզումից հետո կենտրոնի ու գործիքներիս ճակատագիրն անհայտ է ինձ: Տարիներ շարունակ իմ գործիքները ձեռք են բերել անգլիացի, ամերիկացի, ֆրանսիացի, իսպանացի եւ ռուս երաժիշտներ»,- տեղեկացրեց վինագործը: Մեր հետաքրքրությանը՝ մշակույթի նախարարությունում գործող Հայաստանի լարային երաժշտական գործիքների կոլեկցիոն կենտրոնի գործառույթը միայն գործիքներ ձեռք բերե՞լն է, Ս. Երիցյանը պատասխանեց, որ ինքը այդ հանձնախմբում ընդգրկված չէ, «դոստուպ» չունի այնտեղ, հետեւաբար իրավասու չէ պատասխանել. «Ես Հայաստանի մշակութային արժեքների պահպանության գործակալության լարային երաժշտական գործիքների մասնագետն եմ: Միայն կարող եմ ասել, որ գործակալությունը պատասխանատու է Հայաստանից դուրս հանվող յուրաքանչյուր գործիքի համար: Դրանցից յուրաքանչյուրին տրվում է անձնագիր»: Դիտարկմանը՝ «Վերջերս ընդունված օրենքի համաձայն, եթե գործիքն ունենում է իր պատրաստման տարեթիվը եւ հեղինակի դրոշմը, ապա դուրս տանելու համար խնդիրներ չպետք է առաջանան: Սակայն, մեր տեղեկություններով, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ կասեք այս առիթով», վինագործը տվեց հակիրճ պատասխան՝ «Մաքսատունն էլ իր երգն է երգում»: Քանի որ աշխարհում երաժշտական գործիքները շատ թանկ արժեն, գուցե տեղին կլիներ այս ոլորտը նույնպես պետական ենթակայության ու հոգածության ներքո գործեր: Այս կերպ, ինչպես հավաստիացնում են մասնագետները, եւ պետությունը կշահեր, եւ կպակասեին վինագործների ստեղծագործական աշխատանքի հետ կապ չունեցող այլ հոգսերը, օրինակ՝ Վրաստանի ծովափնյա քաղաքներից իրենց «կանալներով» գործիքի պատրաստման համար փայտ հայթայթելը, էլ չասենք արտերկրից բերվող այլ նյութերի մասին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել