Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնանպատակ

Հունիս 21,2005 00:00

Ինքնանպատակ նախաձեռնությո՞ւն Արդյոք է-կառավարումը կարո՞ղ է բարելավել կառավարության գործունեությունը Աբովյան քաղաքն արդեն պաշտոնական կայք ունի ինտերնետում։ Սա պետք է որ քաղաքի կառավարման համակարգում արդիականացման ու բարեփոխումների ազդանշան լինի՝ մտածեցի։ Կայքն իրեն այսպես է ներկայացնում. «Ստեղծվել է ԱՄՆ-ի ՄԶԳ Ուրբան ինստիտուտի Տեղական ինքնակառավարման ծրագրի շրջանակներում Աբովյանի «Բիզնեսի աջակցության եւ վերապատրաստման կենտրոնի» կողմից: Էջի գլխավոր նպատակն է՝ ներկայացնել քաղաքը եւ այստեղ գործող բիզնեսները համաշխարհային ցանցում: Սրանով իսկ ստեղծելով թափանցիկ միջավայր արտաքին ներդրողների եւ տուրիզմի զարգացման համար»։ Այսպիսով՝ քաղաքի պաշտոնական գլխավոր մտահոգությունը բիզնես ոլորտն է, իսկ թափանցիկ միջավայրը «արտաքին ներդրողի եւ տուրիզմի» համար է։ Կայքում արտահայտվելու միակ եղանակը «հյուրասրահ»-ն է, որտեղ էլ զետեղեցի մի քանի դիտարկումներ ու ընդհանուր բնույթի առաջարկություններ (չնայած այս միջավայրը իր փողոցային արտահայտություններով ամենեւին չէր տրամադրում նման մասնակցության)։ Արձագանքը այս երանգն ուներ՝ հասկանալի չէ, թե ինչ է ձեր ուզածը, միգուցե մի օր հանդիպենք։ Որոշ ժամանակ անց հյուրասրահում արտահայտեցի կարծիքս քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ (ունենալով պետական կառավարման բարձրագույն կրթություն)։ Այն իսկույն ջնջվեց, իսկ իմ էլեկտրոնային փոստում հայտնվեց նման մի պատասխան՝ «Քուր ջան, եթե ինչ-որ բան էլ քեզ դուր չի գալիս, դա քո հոգսն է»։ Լավ, ամեն դեպքում, ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքով ջնջեցիք խոսքս, եթե կան կանոններ, ինձ տեղյակ պահեք: Զարմանքիս արձագանքեցին՝ մեր կայքն է, ինչ կուզենք՝ կանենք։ Ապա խորհուրդ տվեցին ժամանակս ծախսել ինտերնետում որեւէ զրույցի միջավայրում (չաթ անել)։ Սա, բնականաբար, որոշակի ճշտումներ մտցրեց քաղաքի կյանքում իմ տեխնոլոգիական ակնկալիքների մեջ։ Մյուս փորձառությունս առնչվում է Կոտայքի մարզի պաշտոնական կայքի հետ։ Այն պատրաստվել է վերը քննարկված ՄԱԶԾ-ի է-կառավարման նախագծի շրջանակում (հասցեն՝ https://kotayk.region.am): Այս կայքը, Ուրբան ինստիտուտի աջակցությամբ ստեղծված Աբովյանի կայքի համեմատությամբ, ավելի մշակված ու բազմազան բովանդակություն է առաջարկում։ Այստեղ չկա արտահայտվելու կամ քննարկման հրապարակ, սակայն կան պաշտոնյաների էլեկտրոնային փոստի հասցեները եւ մարզպետարանի տարբեր բաժիններ դիմելու հնարավորություն։ Նկատենք, որ մարզպետարանի եւ անգամ կայքի անձնակազմի հետ որեւէ հաղորդակցություն հնարավոր է միայն «դիմում» գրելով, եթե անգամ դա մի կարծիք է կամ հարց։ Գրանցվեցի եւ մարզպետարանի տարբեր մարդկանց ու բաժիններ հարցեր ուղղեցի։ Պարզվեց՝ բոլոր հարցումներս ուղղվել էին մեկ անձի՝ կայքի համակարգողին, եւ նրա արձագանքը գրեթե նախորդի պես էր՝ չեմ հասկանում ի՞նչ է ձեր ուզածը, միգուցե հեռախոսով խոսե՞նք։ Հեռախոսով զրույցը լավատեսություն չներշնչեց՝ ակնհայտ էր գիտելիքի պակասն ու քողարկված ագրեսիվությունը՝ ընդդեմ նոր, անծանոթ տեսակետի… Առաջարկեցի ստեղծել արտահայտվելու, տարբեր հարցեր քննարկելու մի հրապարակ։ Իսկ արտահայտվելու կանոնակարգի մասին ակնարկս լրիվ շփոթեցրեց զրուցակցիս, ասաց, որ ես «ուտոպիաների մեջ եմ»։ Անցավ որոշ ժամանակ, եւ ես դարձյալ հարց ուղարկեցի մարզպետարանի կրթության եւ մշակույթի բաժին (թերեւս շատ էի ցանկանում ինտերնետի միջոցով պաշտոնական որեւէ գործ կարգավորել)։ Մոտ մեկ շաբաթ կայքի դիմումների տիրույթում տեղադրված գունավոր ազդանշանները հուշում էին՝ դիմումս ընթացքի մեջ է։ Վերջապես մի օր նամակ ստացա նույն համակարգողից՝ ձեր դիմումի մեջ սխալ կա։ Իմ հարցին, թե ի՞նչ սխալ, միգուցե պարզաբանեի՞ք, պատասխան ստացա՝ չեք լրացրել, թե ձեր հարցը կրթության բաժնի հատկապես ո՞ր աշխատակցին է ուղղված: ԱԼՎԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆՆյութն ամբողջությամբ կարդացեք՝ www.hetq.am:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել