Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս

Հունիս 21,2005 00:00

«Այս սահմանամերձ գյուղում մարդիկ կոտորվում են» Հայաստանում արձանագրված «աննախադեպ» տնտեսական աճը եւ մարդկանց սոցիալական վիճակը «բարելավող» ծրագրերը շրջանցել են Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղը: Խորհրդային տարիների կյանքի մասին այս գյուղացիները դեռ երկար կերազեն: Աղքատությունը դրոշմված է նրանց առօրյայում: Բացի դպրոցի ուսուցիչներից եւ մանկապարտեզի դաստիարակներից, ոչ ոք աշխատանք չունի: Գյուղը գոյատեւում է դրսի հաշվին: Դոնորները, իհարկե, հարազատներն են. յուրաքանչյուր ընտանիք արտագնա աշխատող ունի, որոնցից շատերը հետ չեն վերադառնում: Վերին Կարմիր աղբյուրը սահմանամերձ գյուղ է: Ըստ պաշտոնական տվյալների, այստեղ ապրում է 2056 մարդ: Սակայն իրականում այդ թիվն ավելի փոքր է, քանի որ արտագաղթողներ շատ են եղել: Գյուղում ապրողները զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Սակայն հողագործությամբ զբաղվելը պայմանական է՝ գյուղացին ցանում է, բայց թե ի՞նչ կքաղի՝ կախված է բնության քմահաճությունից: Նույնիսկ ոռոգման ջուր չկա. «Ադրբեջանական գյուղի հետ հարեւաններ ենք: Մի պոմպի եղածն ինչ ա, որ չեն սարքում, ամբողջ ջուրը գնում է թուրքերին»,- ասաց գյուղի բնակիչ Կարլեն Նազինյանը: Մարդիկ ապրում են միօրինակ կյանքով. «Ամեն օր, ջահել ու մեծ տղամարդիկ հավաքվում են գյուղի կենտրոնում ու անգործությունից ծամոն ծամում: Մենք չենք ամուսնանում՝ գործ չունենալու պատճառով: Մի օր էլ մե՛նք կփախնենք էստեղից: Հող մշակե՞նք, ջուր չկա»,- այսպես ներկայացրին իրենց առօրյան գյուղի կենտրոնում հավաքված երիտասարդները: Խմելու ջուրը կարմիրաղբյուրցիները ութ ամիս շարունակ դույլերով կրել են գյուղի ծայրամասից: Երբ մենք գյուղում էինք, այդ օրը մարդիկ տոնում էին խմելու ջրի մուտքն իրենց տուն: Նրանցից մի քանիսը շուրջպար էին բռնել հոսող ջրի ծորակի շուրջ: Ի դեպ, գյուղացիները ոռոգման ջրի պոմպ տեղադրելու համար բազմիցս դիմել են գյուղնախարարին, ստացել են պատասխան՝ սպասել, մինչեւ իրենց մասնագետները կուսումնասիրեն տարածքը: Մինչ մասնագետները կժամանեն գյուղ, բերքը դաշտերում կփչանա: Գյուղում մի քանի ընտանիք է հեռախոսակապով ապահովված, այն էլ չեղածի հաշիվ է: Որեւէ տեղ զանգելու համար նվազագույնը անհրաժեշտ է 20 րոպե: Գյուղի միակ բուժկետն էլ հայտնվել է փողոցում, քանի որ տարածքը ներառված է եղել կառավարության փոքր օբյեկտների ցանկում եւ վաճառվել է: «Մեր գյուղում լավ զարգացած է հետընթացը: Ծանր պայմաններից մարդիկ դարձել են հոգեկան հիվանդներ: Կանանց 80%- ը ռեւմատիկ ու նյարդային հիվանդներ են: Գյուղացին էլ ա, չէ՞, մարդ, թող մեզ չանտեսեն, էլի»,- ասաց տիկին Մարոն, որը մտնում է «80 տոկոսի» մեջ: Վերին Կարմիր աղբյուրում, չնայած սոցիալական ծանր պայմաններին, մշակութային կյանքն ակտիվ է: Կա միայն մի խոչընդոտ՝ ներկայացումների համար մշակույթի տանը չկան վարագույրներ, դրանք Արցախյան պատերազմի տարիներին են անհետացել: «Բազմիցս դիմել ենք նախարարություն, մի զանավեսկի եղածն ինչ ա, դա էլ չեն տալիս, հո փող չե՞նք ուզում: Եղած էնտուզիազմն էլ կվերանա: Դրանով հո տուն չե՞նք պահի»,- ասաց Ռաիսա Թումանյանը: Գյուղապետ Վազգեն Մանուչարյանը, ի տարբերություն գյուղացիների, լավատես էր: Նրա կարծիքով, գյուղի վիճակը բավարար է եւ մի քանի տարուց ավելի լավ կլինի: Բնակիչների դժգոհություններին ի պատասխան՝ ասաց, որ ոչ բոլոր բողոքներն են ճիշտ. «Այդ մարդիկ պարապության են սովոր, երբ ասում ես աշխատի՝ իրենց համար վիրավորական է»,- պարզաբանեց գյուղապետը: Իսկ ոռոգման խնդրի առնչությամբ ասաց. «Ոչինչ, մյուսներն էլ չունեն էդ ջուրը: Զատո արոտավայրեր կան, թող օգտվեն վարկային ծրագրերից»: Աշնանը կայանալիք գյուղապետի ընտրություններին պարոն Մանուչարյանը չի մասնակցի: Ըստ նրա, գյուղին անհրաժեշտ է նոր մարդ, նոր ուժ, նոր մտածելակերպ: Մի խումբ գյուղացիներ «Առավոտի» միջոցով խնդրեցին փոխանցել. «Մեր տեղը ոչ ոք չգիտի: Մեզ միայն ընտրություններին են հիշում: Խնդրում ենք, հիշեք, որ գյուղացին էլ է մարդ եւ այս սահմանամերձ գյուղում մարդիկ կոտորվում են»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930