Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր

Հունիս 21,2005 00:00

Ընդհանուր եզրեր չկան Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսը, ըստ էության, ԱԳ նախարարի վերջին շաբաթների բավականաչափ խիտ աշխատանքային գրաֆիկի՝ հիմնականում զանազան ուղեւորությունների հաշվետվությունն էր ԶԼՄ-ներին եւ, կարելի է ասել, որեւէ տեղեկատվական արժեք չէր ներկայացնում: Ուստի՝ միայն ընդհանուր գծերով թվարկենք դրա ընթացքում հնչած հիմնական արձանագրումները: Այսպես: ԼՂ հարցով կայացել են «երկու կարեւոր հանդիպումներ». հունիսի 8-ին Վիեննայում Վ. Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Քննարկվել են «հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր, որոնք բխում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպման մոտեցումներից»: Հունիսի 17-ին, համանախագահների միջնորդությամբ, Օսկանյանը Փարիզում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովին: «Պրահյան գործընթացի շրջանակներում» անցկացված բանակցությունների ընթացքում «նախարարները կենտրոնացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպմանը արձանագրված առաջընթացի վրա»: Նրանք ընդհանուր եզրակացության չեն հանգել, սակայն պայմանավորվել են շարունակել բանակցությունները: ԼՂ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված: Այս առիթով Վ. Օսկանյանը հայտարարեց, թե «Հայաստանը ողջունում է ԼՂ-ում անցկացված հերթական ընտրությունները: Սրանով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւս մեկ անգամ արտահայտում է իր քաղաքական կամքը՝ ինքնուրույն ձեւավորելու իշխանություն, որը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ճակատագրի համար: Ընտրություններով ամրագրվում են նաեւ ժողովրդավարական սկզբունքները, որով առաջնորդվում են պետական հաստատությունները: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններն իրենց նպաստն են բերում ղարաբաղյան հարցի խաղաղ, համապարփակ կարգավորմանը, ինչպես նաեւ ներքին, սոցիալական խնդիրների լուծմանը»: Վ. Օսկանյանի վաշինգթոնյան այցի շրջանակներում, բնականաբար, կարեւորագույն իրադարձությունը եղել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումը: Այս առիթով բանախոսը նշեց, թե դրա ընթացքում քննարկվել են «հայ-ամերիկյան օրակարգի հարցերի լայն շրջանակ»: Կողմերն անդրադարձել են «դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրների միջեւ ծավալվում են առողջ քաղաքական երկխոսություն եւ հետզհետե թափ առնող գործակցություն՝ առեւտրի եւ տնտեսության բնագավառներում»: Օսկանյանն ԱՄՆ պետքարտուղարին ծանոթացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին, ինչպես նաեւ «մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում ընթացող զարգացումների շուրջ»: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930