Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Շարժում-88»-ը

Հունիս 21,2005 00:00

«ՀՅԴ-Շարժում-88»-ը դժգոհ է Եվ ըստ ամենայնի՝ կհայտարարի իր 3 մանդատներից հրաժարվելու մասին Նշենք, որ այս 3 տեղերից միայն մեկն է պատկանում դաշնակցականի՝ նախկին նախարար Արմեն Սարգսյանին: Ցուցակի 2-րդ տեղում Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանն է, որը «Շարժում-88» կուսակցության անդամ է, 3-րդ տեղում՝ անկուսակցական Վիտալի Բալասանյանը: Եվ եթե անգամ Էդուարդ Աղաջանյանը հրաժարվի մանդատից՝ շարունակելով քաղաքապետի գործունեությունը, պատգամավոր կդառնա էլի ոչ դաշնակցական՝ «Շարժում-88»-ի համանախագահ, «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Երեկ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, ԼՂՀ 4-րդ գումարման խորհրդարանում մեծամասնություն է կազմելու Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որը համամասնական ընտրակարգով շահեց 5 տեղ, եւ դրան կգումարվեն նաեւ մեծամասնական ընտրակարգով հաղթած 7 պատգամավորները, որոնց թեկնածությունը պաշտպանել էր ԱԺԿ-ն: Նկատենք, որ մեծամասնական ընտրակարգով «ՀՅԴ-Շարժում-88»-ի պաշտպանած 20 թեկնածուներից չի հաղթել եւ ոչ ոք: Մինչդեռ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը դաշինքի պես՝ նույնպես 3 տեղ է ստացել խորհրդարանում, այնուամենայնիվ՝ իր խմբակցության մեծությամբ կլինի 2-րդը, քանի որ մեծամասնական ընտրակարգով հաղթած 7 թեկնածուներն էլ «Ազատ Հայրենիքի» պաշտպանյալներն են: 33 հոգանոց այս խորհրդարանում 8 հոգի մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցականներ են: Եվ նրանց մեջ է հանրահայտ Ամուլյան՝ Արմեն Աբգարյանը, որին պաշտպանում էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Ուշագրավ է նաեւ, որ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը թիվ 19 ընտրատարածքում պարտվել է մի ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Գրիգորյանին: Նշենք նաեւ, որ եթե «ՀՅԴ-Շարժում-88»-ն իրոք հրաժարվի իր մանդատներից, ինչի մասին երեկ վստահաբար պնդում էին դաշինքի առանձին գործիչներ՝ այդ տեղերը կբաշխվեն մյուս երկու խմբակցությունների միջեւ: Սակայն երեկ կայացած ասուլիսում «ՀՅԴ-Շարժում-88»-ի ներկայացուցիչներ Արմեն Սարգսյանն ու Գեղամ Բաղդասարյանն ընդամենը չբացառեցին այդ տարբերակը: Նշեցին, թե այժմ քննարկում են իրենց հետագա անելիքները, ժողովում տեղամասերից ստացված ամբողջ տեղեկատվությունը: Իսկ քննարկումների արդյունքները հայտարարությամբ կամփոփեն ավելի ուշ: Սակայն մինչ այդ արդեն դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ընդդիմության համար եւս երկրի կայունությունն ամենակարեւոր արժեքն է, ուստի չեն գնալու ցնցումների ճանապարհով. «Բայց դա չի նշանակում, թե մենք չենք պաշտպանելու մեր իրավունքները»: Գեղամ Բաղդասարյանն այսուհանդերձ ասաց, թե չեն գտնում, որ «անցած ընտրությունները եղել են ազատ, արդար եւ թափանցիկ: Դառը հումորի տպավորություն թող չթողնի, բայց իմ անձնական կարծիքով՝ եղել են ազատ, թափանցիկ անարդարություններ»: Դարձյալ պնդում արվեց, թե իշխանություններն օգտագործել են վարչական ռեսուրսը՝ «եւ մինչեւ նախընտրական քարոզչությունը, եւ նախընտրական քարոզչության ժամանակ, եւ ընտրությունների օրը»: «Առավոտի» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ քվեարկության օրը որեւէ բողոքով չդիմեցին ԿԸՀ, եւ ինչպե՞ս են բացատրում, որ միջազգային դիտորդներն էլ գերազանցապես դրական են գնահատում ընտրությունները՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց, թե ընտրությունները միայն քվեարկության օրը չեն. «Մեր նպատակը չէ սպիտակը սեւի տեղ ներկայացնել: Եվ դաշինքը չի փորձում արեւի տակ տեղ որոնել մանր-մունր տարբեր հարցերի շուրջ՝ ի տարբերություն շատերի»: Ի դեպ, Կոնստանտին Զատուլինն էլ ասուլիսում հայտնեց, թե իր այցելած ընտրատեղամասերում անպայման զրուցել է «ՀՅԴ-Շարժում-88»-ի վստահված անձանց հետ. «Եվ նրանցից ոչ ոք չասաց, թե որեւէ դիտողություն ունի ընտրությունների կազմակերպման վերաբերյալ»: Գեղամ Բաղդասարյանը ցավ հայտնեց՝ ակնարկելով Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը. «Անցած ամառ կայացած ժողովրդավարական պոռթկումի ալիքը չհաջողվեց պահպանել: Եվ դա առաջին հերթին վնասակար ենք համարում երկրի համար: Միեւնույն ժամանակ՝ մեզ համար նաեւ հարմար պահ է մեր սխալները գիտակցելու համար»: Նշենք նաեւ, որ դաշինքի ներկայացուցիչները հաջողություն մաղթեցին հաղթած քաղաքական ուժերին: Էջի նյութերը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՍտեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել