Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ

Հունիս 21,2005 00:00

«ԵՍ ԻՆՁ ՊԱՀՈՂՆԵՐ ՉԵՄ ՓՆՏՐՈՒՄ, ԵՍ ԽՆԴԻՐ ԵՄ ԼՈՒԾՈՒՄ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ» ԱՄՆ-ից վերադառնալով՝ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – ԱՄՆ կատարած ձեր այցը ինչպե՞ս եւ որքանո՞վ է ազդելու ձեր հետագա քաղաքական գործունեության վրա: – Էական չէ, թե քաղաքական գործիչը ո՞ւր է գնում, շատ էական եւ կարեւոր է, թե քաղաքական գործիչը վերադառնալուց հետո ի՞նչ է անում. հետեւաբար այս ընթացքում իմ խոսքը պետք է լինի իմ գործը, գործով կանեմ, ըստ այդմ կգնահատեք: – Ե՞րբ կանեք: – Հարցը անլուրջ է, որովհետեւ ես չեմ ֆիքսում ժամկետ եւ չեմ ասում՝ էսինչ օրը, այդ «երբ»-ն անում են, եւ մարդիկ տեսնում են: Ես դրա կողմնակիցն եմ, կողմնակից եմ, որ անեմ, հետո բացատրեմ՝ ինչո՞ւ եմ արել եւ ինչո՞ւ այդ ժամկետում (կարծում ենք, սա արդեն փոփոխություն է, քանի որ պարոն Սարգսյանը մինչ այժմ հիմնականում չէր խուսափում կոնկրետ ժամկետներ նշելուց, որոնք այդպես էլ չէին իրականանում- Մ. Ե.): – Իսկ ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգներում հայտարարել եք, թե Հայաստան վերադառնալուն պես դուք վայր եք դնելու պատգամավորական մանդատը եւ դուրս եք գալու «Արդարություն» դաշինքից: – Ես քաղաքական դաշտում երբեւիցե չեմ արել որեւէ բան, որն իր մեջ չունենա կուռ տրամաբանություն: Այդ կոնտեքստն իր մեջ չի ապահովում որեւէ տրամաբանություն, որը կհիմնավորի, որ դա շատ տեղին եւ մեծ պահանջարկ ունեցող քայլ է, հետեւաբար, նման արտահայտություն ես չեմ արել: – Իմ բարեկամներից մեկն իմանալով, որ պատրաստվում եմ ձեզնից հարցազրույց վերցնել, հեռակա խնդրեց փոխանցել՝ թող Արամ Սարգսյանը դաշինքից դուրս գա, բայց մանդատը թող վայր չդնի, թող գնա խորհրդարան եւ աշխատի: Համաձա՞յն եք այս խորհրդին: – Եթե դու ԱԺ ես մտել դաշինքով, հետեւաբար բարոյական կլինի, որ դաշինքից դուրս գալով՝ նաեւ մանդատդ դնես: Ես քաղաքականության մեջ որեւէ «եթե» չեմ բացառում, բայց որպեսզի այդ «եթե»-ները իրականանան, պետք է լինի հասարակական պահանջ: Քաղաքական պահանջարկը ձեւավորում է հասարակությունը, հասարակությունը ընտրություն է կատարում եւ ստանում է իր ուզածը: – Իսկ հնարավո՞ր է հեղափոխությունը ավելի շուտ լինի Ադրբեջանում, քան Հայաստանում: – Ճիշտն ասած, ես Ադրբեջանի էքսպերտ չեմ եւ չգիտեմ՝ Ադրբեջանը վաղը կանի, թե՝ մյուս օրը: Ես հակված եմ եւ ամեն ինչ պիտի անեմ: Նաեւ համոզված եմ, որ մեր հասարակությունը ժողովրդավարության ռեսուրս ավելի շատ ունի, հեղափոխության պահանջարկն իր մեջ ավելի շատ է, քան ցանկացած այլ երկրում: Մենք դրա ծիծեռնակներից եղել ենք, եւ չեմ կարծում, որ շատ ենք փոխվել: Այնպես որ, մեզնից եւ մեր աշխատանքից է կախված ամեն ինչ: – Իսկ դա լինելու է նոր ֆորմատո՞վ, թե՞ դրա մասին եւս չեք ուզում խոսել: – Ընդհանրապես փոփոխությունները, առավելապես՝ հեղափոխությունները անում են ժողովրդով, ֆորմատները էական չեն: – Իսկ ձեր սովորած անգլերենը օգնե՞ց Միացյալ Նահանգներում նորմալ շփումների ժամանակ, եւ արդյո՞ք արդեն բավարար անգլերեն գիտեք, ինչպես դուք էիք ուզում՝ Շեքսպիրի «Համլետը» բնագրով կարդալու համար եւ հասկանալու, թե վրեժխնդրության մասին ի՞նչ էր ասում Համլետի հոր ուրվականը: – Ես հասկացա մի բան. իրական անգլերենով, այն անգլերենով, որ Շեքսպիրն է գրել, նույնիսկ անգլերենի լեզվաբան լուրջ մասնագետները դժվարանում են այդ հարցի պատասխանը գտնել: Այդ հարցը տվել եմ բազմաթիվ մասնագետների, ճշտել եմ իրենց մոտեցումները, երեւի Շեքսպիրի մեծությունը նրանում է, որ ցանկացած մարդ իր ձեւով է ընկալում՝ վրեժխնդրությա՞ն ուղարկել, թե՞ արդարություն հաստատել: – Պարոն Սարգսյան, ձեր ամերիկյան այցը տեղական մամուլում տարբեր կերպ էր լուսաբանվում. ոմանք գրում էին, որ դուք այնտեղ ամենաբարձր մակարդակի հանդիպումներ եք ունեցել, ուրիշները՝ որ ընդամենը մի-երկու հնչակի հրավերով եք գնացել եւ նրանք են միայն ձեզ ընդունել: Իրականում ի՞նչ այց էր դա, ի՞նչ մակարդակի էին ձեր հանդիպումները եւ արդյո՞ք ձեր սպասելիքներն իրականացան: – Այդ հարցին ես հենց սկզբում պատասխանեցի, ասացի, որ էական չէ, թե մարդն ո՞ւր է գնում. ես ծնողներ ունեմ, ընտանիք ունեմ, ես ինձ պահողներ չեմ փնտրում, ես երկրի խնդիր եմ լուծում, եւ իմ գործով դա կերեւա: – Այս այցից հետո կարելի՞ է ձեզ անվանել մաքուր արեւմտամետ գործիչ: – Ես մաքուր հայ մարդ եմ առաջին հերթին, երկրորդ՝ շատ եմ սիրում իմ հայրենիքը, երրորդ՝ իմ քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է ի նպաստ Հայաստանի՝ անկախ նրանից, թե ես ո՞ր երկրի չինովնիկին եմ հանդիպում, ես խնդիր եմ լուծում երկրի համար՝ ի տարբերություն մեր ղեկավարների, որոնք այդ ընթացքում եւս այնտեղ էին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել