Նախկին
ռեֆորմատորները չեն ցանկանում Սահմանադրությունը փոխել, ներկաներին՝ առայժմ չի հաջողվում:
Հանգստյան օրերին, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական
կենտրոնի նախաձեռնությամբ ու Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի աջակցությամբ տեղի
ունեցավ կոնֆերանս՝ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավական եւ քաղաքական
տեսանկյուններ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին գործող Սահմանադրության հայրերն
ու ջատագովները՝ ի դեմս «Արմատ» կենտրոնի, ՀՀՇ վարչության, ներկա ռեֆորմատորներն՝
ի դեմս խորհրդարանական ՄԱԿ խմբակցության, «Ժողովրդավարություն» հկ նախագահ Վարդան
Պողոսյանի, փոխնախագահ Հրայր Թովմասյանի եւ այլոց: Հիշեցնենք, որ դեռեւս 2003-ից
որդեգրած ՀՀՇ-ի դիրքորոշումն ուժի մեջ է՝ բոյկոտել սահմանադրական բարեփոխումները՝
առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու: Նախկին եւ ներկա ռեֆորմատորները համակարծիք
էին մի հարցում՝ որպես հիմք ընդունված եւ առաջին ընթերցում անցած կոալիցիային առաջարկած
տարբերակը չի կարելի դրական բնութագրել: Նախկինները համոզված են, որ Վենետիկի հանձնաժողովի
առաջարկներն ընդունելու կոալիցիայի պատրաստակամությունը խաղ է: Ներկաները համբերատար
սպասում են, թե ի՞նչ կներկայացվի երկրորդ ընթերցմանը: Այս համատեքստում, ՄԱԿ խմբակցության
ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը տեսականում չի բացառում, որ իրենք քարոզեն «կողմ»
քվեարկել բարեփոխումներին, եթե իրենց առաջարկներն ընդունվեն: Իսկ Հրայր Թովմասյանը
այսպիսի պատկերավոր համեմատություն արեց. «Երկու գորտ ընկնում են ջրով լի տակառը:
Մեկը մտածում է, որ, միեւնույն է, փրկություն չունի ու ոչինչ չի ձեռնարկում: Մյուսը
մտածում է՝ ամեն դեպքում ոտքերով թափահարեմ: Պարզվում է՝ տակառի պարունակությունը
ոչ թե ջուր էր, այլ թան: Թափահարելուց կարագ է ստացվում, ինքն էլ նստում է վրան ու
փրկվում: Ես չեմ ասում, որ թան է, բայց…»,- մեր իրականություն տեղափոխվելով տարակուսեց
նա: Ի հաստատումն իրենց դիրքորոշման, Արա Սահակյանը համեմատական անցկացրեց՝
«ՌԴ-ում նույն Սահմանադրության պարագայում Ելցինի իշխանությունն էր եւ օրեցօր ամրապնդվող
Պուտինի անձնիշխանությունը, նույնը Վրաստանում՝ Շեւարդնաձեի եւ Սահակաշվիլիի իշխանությունները:
Վերջինիս ԱՄՆ նախագահ Բուշը «ժողովրդավարության փարոս» անվանեց: Այս Սահմանադրությամբ
Հայաստանում գործել է Լեւոն Տեր- Պետրոսյանի իշխանությունը, գործում է Ռոբերտ Քոչարյանինը,
որոնք, մեր համոզմամբ ու միջազգային կառույցների վկայությամբ՝ օրգանապես տարբեր են»:
Ի հեճուկս մարդկանց, ովքեր գտնում են, որ «ՀՀՇ-ի Սահմանադրությամբ նախագահը գերլիազորություններ
ունի՝ հիշեցնում է, որ Արմեն Դարբինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Արամ Սարգսյանի վարչապետության
օրոք նախագահները հաստատել են կառավարությունների այն կազմը, որոնք ներկայացրել են
վարչապետները, իսկ կոնֆլիկտը, որը բերեց 1998 թվականի հեղաշրջմանը՝ «արտահայտվեց
Սահմանադրության մեջ նախագահի եւ վարչապետի կարգավիճակների բախմամբ: Լ. Տեր- Պետրոսյանին
հրաժարական պարտադրեց պառլամենտական փոփոխված մեծամասնությունը, որն աջակցում էր
այդ վարչապետին»: Այս համատեքստում, նոր ռեֆորմատորների ներկայացրած բազում բովանդակային
անհամաձայնությունները պարոն Սահակյանը բխեցնում է վերջին հինգ տարիների փորձից:
Բերելով մի շարք օրինակներ, երբ Ռ. Քոչարյանը ոտնահարել է Սահմանադրությունը, նա
չժխտելով, որ գործող Սահմանադրությունը որոշ փոփոխման կարիք ունի, մնում է այն համոզման,
որ Հայաստանում գոյություն ունի ոչ թե «Սահմանադրության տեքստի ճգնաժամ, այլ Սահմանադրությունը
հարգելու ճգնաժամ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն
իրեն դնելով 1995-ի Սահմանադրության հայրերի մաշկի մեջ՝ նրանց անունից այսպես խոսեց.
«Այն ժամանակ, երբ ընդունում էինք Սահմանադրությունը, վիճակն այնպիսին էր, որ պետք
էր իշխանությունն ամրապնդել, որովհետեւ ինչ-որ քաոս կար, այո, գործադիր իշխանության
ձեռքին հսկայական լծակներ տրվեցին՝ մտածում էինք հետագայում փոփոխություններ անել
եւ այլն»: Դիտարկումներին, որ գործող Սահմանադրությունը բազում ճգնաժամային իրավիճակներից
ելքեր է առաջարկել՝ պարոն Իշխանյանը հռետորական հարցով է պատասխանում. «Հայաստանում
ավելի շատ ճգնաժամեր եղել են մինչեւ 95 թվականը, երբ գործում էր Խորհրդային Սահմանադրությունը,
ուրեմն այն ավելի՞ լավն էր: Ցավոք, մեզ մոտ ճգնաժամերը լուծվում են այլ ճանապարհով:
Բացի այդ, այս Սահմանադրությամբ, Հայաստանում երբեք օրինական ճանապարհով իշխանափոխություն
չի եղել: Դա նշանակում է, որ ժողովուրդը միշտ իշխանություններից գո՞հ է եղել, ոչ,
եթե գոհ լինեին, 98-ին դուրս կգային իրենց իշխանություններին պաշտպանելու»: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆՀ. Գ. Այլ մանրամասները՝ վաղվա համարում: