Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս սահմանամերձ գյուղում մարդիկ կոտորվում են»

Հունիս 21,2005 00:00

Հայաստանում
արձանագրված «աննախադեպ» տնտեսական աճը եւ մարդկանց սոցիալական վիճակը «բարելավող»
ծրագրերը շրջանցել են Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղը: Խորհրդային
տարիների կյանքի մասին այս գյուղացիները դեռ երկար կերազեն: Աղքատությունը դրոշմված
է նրանց առօրյայում: Բացի դպրոցի ուսուցիչներից եւ մանկապարտեզի դաստիարակներից,
ոչ ոք աշխատանք չունի: Գյուղը գոյատեւում է դրսի հաշվին: Դոնորները, իհարկե, հարազատներն
են. յուրաքանչյուր ընտանիք արտագնա աշխատող ունի, որոնցից շատերը հետ չեն վերադառնում:
Վերին Կարմիր աղբյուրը սահմանամերձ գյուղ է: Ըստ պաշտոնական տվյալների, այստեղ ապրում
է 2056 մարդ: Սակայն իրականում այդ թիվն ավելի փոքր է, քանի որ արտագաղթողներ շատ
են եղել: Գյուղում ապրողները զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:
Սակայն հողագործությամբ զբաղվելը պայմանական է՝ գյուղացին ցանում է, բայց թե ի՞նչ
կքաղի՝ կախված է բնության քմահաճությունից: Նույնիսկ ոռոգման ջուր չկա. «Ադրբեջանական
գյուղի հետ հարեւաններ ենք: Մի պոմպի եղածն ինչ ա, որ չեն սարքում, ամբողջ ջուրը
գնում է թուրքերին»,- ասաց գյուղի բնակիչ Կարլեն Նազինյանը: Մարդիկ ապրում են միօրինակ
կյանքով. «Ամեն օր, ջահել ու մեծ տղամարդիկ հավաքվում են գյուղի կենտրոնում ու անգործությունից
ծամոն ծամում: Մենք չենք ամուսնանում՝ գործ չունենալու պատճառով: Մի օր էլ մե՛նք
կփախնենք էստեղից: Հող մշակե՞նք, ջուր չկա»,- այսպես ներկայացրին իրենց առօրյան գյուղի
կենտրոնում հավաքված երիտասարդները: Խմելու ջուրը կարմիրաղբյուրցիները ութ ամիս շարունակ
դույլերով կրել են գյուղի ծայրամասից: Երբ մենք գյուղում էինք, այդ օրը մարդիկ տոնում
էին խմելու ջրի մուտքն իրենց տուն: Նրանցից մի քանիսը շուրջպար էին բռնել հոսող ջրի
ծորակի շուրջ: Ի դեպ, գյուղացիները ոռոգման ջրի պոմպ տեղադրելու համար բազմիցս դիմել
են գյուղնախարարին, ստացել են պատասխան՝ սպասել, մինչեւ իրենց մասնագետները կուսումնասիրեն
տարածքը: Մինչ մասնագետները կժամանեն գյուղ, բերքը դաշտերում կփչանա: Գյուղում մի
քանի ընտանիք է հեռախոսակապով ապահովված, այն էլ չեղածի հաշիվ է: Որեւէ տեղ զանգելու
համար նվազագույնը անհրաժեշտ է 20 րոպե: Գյուղի միակ բուժկետն էլ հայտնվել է փողոցում,
քանի որ տարածքը ներառված է եղել կառավարության փոքր օբյեկտների ցանկում եւ վաճառվել
է: «Մեր գյուղում լավ զարգացած է հետընթացը: Ծանր պայմաններից մարդիկ դարձել են հոգեկան
հիվանդներ: Կանանց 80%- ը ռեւմատիկ ու նյարդային հիվանդներ են: Գյուղացին էլ ա, չէ՞,
մարդ, թող մեզ չանտեսեն, էլի»,- ասաց տիկին Մարոն, որը մտնում է «80 տոկոսի» մեջ:
Վերին Կարմիր աղբյուրում, չնայած սոցիալական ծանր պայմաններին, մշակութային
կյանքն ակտիվ է: Կա միայն մի խոչընդոտ՝ ներկայացումների համար մշակույթի տանը չկան
վարագույրներ, դրանք Արցախյան պատերազմի տարիներին են անհետացել: «Բազմիցս դիմել
ենք նախարարություն, մի զանավեսկի եղածն ինչ ա, դա էլ չեն տալիս, հո փող չե՞նք ուզում:
Եղած էնտուզիազմն էլ կվերանա: Դրանով հո տուն չե՞նք պահի»,- ասաց Ռաիսա Թումանյանը:
Գյուղապետ Վազգեն Մանուչարյանը, ի տարբերություն գյուղացիների, լավատես էր:
Նրա կարծիքով, գյուղի վիճակը բավարար է եւ մի քանի տարուց ավելի լավ կլինի: Բնակիչների
դժգոհություններին ի պատասխան՝ ասաց, որ ոչ բոլոր բողոքներն են ճիշտ. «Այդ մարդիկ
պարապության են սովոր, երբ ասում ես աշխատի՝ իրենց համար վիրավորական է»,- պարզաբանեց
գյուղապետը: Իսկ ոռոգման խնդրի առնչությամբ ասաց. «Ոչինչ, մյուսներն էլ չունեն էդ
ջուրը: Զատո արոտավայրեր կան, թող օգտվեն վարկային ծրագրերից»: Աշնանը կայանալիք
գյուղապետի ընտրություններին պարոն Մանուչարյանը չի մասնակցի: Ըստ նրա, գյուղին անհրաժեշտ
է նոր մարդ, նոր ուժ, նոր մտածելակերպ: Մի խումբ գյուղացիներ «Առավոտի» միջոցով խնդրեցին
փոխանցել. «Մեր տեղը ոչ ոք չգիտի: Մեզ միայն ընտրություններին են հիշում: Խնդրում
ենք, հիշեք, որ գյուղացին էլ է մարդ եւ այս սահմանամերձ գյուղում մարդիկ կոտորվում
են»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել