Ընդհանուր
եզրեր չկան Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսը, ըստ էության,
ԱԳ նախարարի վերջին շաբաթների բավականաչափ խիտ աշխատանքային գրաֆիկի՝ հիմնականում
զանազան ուղեւորությունների հաշվետվությունն էր ԶԼՄ-ներին եւ, կարելի է ասել, որեւէ
տեղեկատվական արժեք չէր ներկայացնում: Ուստի՝ միայն ընդհանուր գծերով թվարկենք դրա
ընթացքում հնչած հիմնական արձանագրումները: Այսպես: ԼՂ հարցով կայացել են
«երկու կարեւոր հանդիպումներ». հունիսի 8-ին Վիեննայում Վ. Օսկանյանը հանդիպել է
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Քննարկվել են «հակամարտության կարգավորման գործընթացին
առնչվող մի շարք հարցեր, որոնք բխում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան
հանդիպման մոտեցումներից»: Հունիսի 17-ին, համանախագահների միջնորդությամբ, Օսկանյանը
Փարիզում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովին: «Պրահյան գործընթացի
շրջանակներում» անցկացված բանակցությունների ընթացքում «նախարարները կենտրոնացել
են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպմանը արձանագրված առաջընթացի
վրա»: Նրանք ընդհանուր եզրակացության չեն հանգել, սակայն պայմանավորվել են շարունակել
բանակցությունները: ԼՂ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված: Այս առիթով
Վ. Օսկանյանը հայտարարեց, թե «Հայաստանը ողջունում է ԼՂ-ում անցկացված հերթական ընտրությունները:
Սրանով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւս մեկ անգամ արտահայտում է իր քաղաքական կամքը՝
ինքնուրույն ձեւավորելու իշխանություն, որը պատասխանատվություն է կրում Լեռնային
Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ճակատագրի համար: Ընտրություններով ամրագրվում են նաեւ
ժողովրդավարական սկզբունքները, որով առաջնորդվում են պետական հաստատությունները:
Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններն իրենց նպաստն են բերում ղարաբաղյան
հարցի խաղաղ, համապարփակ կարգավորմանը, ինչպես նաեւ ներքին, սոցիալական խնդիրների
լուծմանը»: Վ. Օսկանյանի վաշինգթոնյան այցի շրջանակներում, բնականաբար, կարեւորագույն
իրադարձությունը եղել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումը: Այս առիթով
բանախոսը նշեց, թե դրա ընթացքում քննարկվել են «հայ-ամերիկյան օրակարգի հարցերի լայն
շրջանակ»: Կողմերն անդրադարձել են «դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին՝
նշելով, որ երկու երկրների միջեւ ծավալվում են առողջ քաղաքական երկխոսություն եւ
հետզհետե թափ առնող գործակցություն՝ առեւտրի եւ տնտեսության բնագավառներում»: Օսկանյանն
ԱՄՆ պետքարտուղարին ծանոթացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին,
ինչպես նաեւ «մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում
ընթացող զարգացումների շուրջ»: Տ. Ա.