Իսկ հայաստանցի դիտորդներն «Արդարություն»
դաշինքից այսուհանդերձ մատնանշում են թերություններ, որոնք փոքր-ինչ ստվերեցին ԼՂՀ
խորհրդարանական ընտրությունները: Գոհ են ամերիկացիները ԱՄՆ-ից ժամանած
Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խմբի համանախագահ Ջեյմս Հուպերը
երեկ հրապարակեց իրենց նախնական եզրակացության ամփոփումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում
հունիսի 19-ի ընտրություններն անցկացվել են «ազատ եւ թափանցիկ» եւ համապատասխանում
են միջազգային չափանիշներին: Ըստ այս եզրակացության՝ «Ղարաբաղը նշանակալի առաջընթաց
է կատարել դեպի կայուն ու գործող ժողովրդավարություն, հաշվի առնելով, որ առաջին անգամ
էին քաղաքական կուսակցությունները պայքարում խորհրդարանում տեղերի համար»: 37 ընտրատեղամասեր
այցելած 6 հոգանոց խմբի անդամները նշեցին, թե քվեարկությունը հանդարտ ընթացք է ունեցել
եւ իրենք չեն ստացել բողոք որեւէ լուրջ խախտման վերաբերյալ. «Դրանք որեւէ կերպ չեն
կարող կասկածի տակ դնել ընտրությունների գործընթացը»: Խմբի ղեկավար Փոլ Ուիլյամսը
համոզմունք հայտնեց, թե նման ընտրություններն «անկասկած ազդեցություն կունենան ԼՂ
հակամարտության կարգավորման վրա, քանի որ, որպեսզի քաղաքական եւ իրավական տեսանկյունից
ճանաչվի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պետք է լինի բավական արդյունավետ ինքնակառավարում:
Իսկ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ԼՂ-ն կարողացել է ստեղծել բավական արդյունավետ
ինքնակառավարման համակարգ»: Ամփոփելով՝ նշեցին, թե հեռանում են մի երկրից, ուր ժողովրդավարությունն
իրոք ունի ապագա»: Գոհ են ռուսները Ռուսաստանից ժամանած դիտորդների
խմբի, որի կազմում էին Ազգային անվտանգության հարցերով գիտությունների միջազգային
ակադեմիայի նախագահ Վ. Սպեկտորը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Յաբլոկո» կուսակցության
անդամ Վ. Շեյնիսը եւ այլք, երեկ հրապարակած հայտարարության համաձայն՝ «ԼՂՀ-ում անցկացված
ընտրությունները ժողովրդավարական էին, թափանցիկ, ազատ, անկախ, օրինական, համապատասխան
ԼՂՀ «Ընտրական օրենսգրքին» եւ միջազգային բոլոր բարձր չափանիշներին»: Նրանք էական
խախտումներ չէին հայտնաբերել. «ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները ցուցադրեցին Ղարաբաղի
ժողովրդի անկասելի ցանկությունը՝ ամրապնդել ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը,
դինամիկ զարգացնել քաղաքացիական հասարակությունը: Ռուսաստանյան պատվիրակությունն
արձանագրում է, որ ԼՂՀ-ում ակնհայտ են ժողովրդավարական նվաճումները»: Ըստ նրանց՝
այս ընտրությունները կապացուցեն միջազգային հանրությանն այն փաստը, որ Ղարաբաղը կայացել
է իբրեւ պետություն. «ԼՂՀ-ի ժողովրդավարական նվաճումները պահանջում են աջակցություն
եւ ճանաչում միջազգային քաղաքակիրթ հանրության կողմից, որ կնպաստեր հակամարտության
շուտափույթ կարգավորմանը»: Գոհ է Զատուլինը Առանձին ասուլիս հրավիրեց
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը,
որը նշեց, թե այն իրավիճակում, երբ երկիրը ճանաչված չէ՝ «հեշտ կլիներ նահանջել դեպի
ավտորիտարիզմ ու ղեկավարման կարծր մեթոդներ»: Սակայն, ըստ նրա՝ հունիսի 19-ի ընտրությունները
մի ավելորդ, բայց հերթական անգամ հաստատում են, որ «ժողովրդավարական գործընթացների
չափանիշները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն ցածր չեն, այլեւ կարող է՝ նաեւ զգալիորեն
բարձր են, քան որոշ հարեւան պետություններում, որոնք չեն ճանաչում իրեն: Համենայնդեպս,
Ղարաբաղում ոչ մեկի մտքով չի անցել ու դժվար էլ անցնի իշխանությունը փոխանցել հորից
որդուն»: Կոնստանտին Զատուլինը հարց ուղղեց, թե այս պայմաններում ինչպե՞ս կարելի
է «միջնորդների եւ արտաքին ուժերի միջոցով ուղղակի ստիպել, որ Լեռնային Ղարաբաղը,
հակառակ իր կամքի, ինչ-որ տեղ մտնի կամ դուրս գա այնտեղից»: Նա հեգնանքով
մատնանշեց որոշ թերություններ էլ. «Ընտրական տեղամասերը պակաս կահավորված էին, քան
ԱՄՆ-ում կամ որեւէ այլ երկրում, ուր ժողովրդավարությունը գոյություն ունի 100 տարի
տնտեսական բարգավաճման հետ քով-քովի: Չեմ նկատել օդափոխիչներ: Բայց ընտրողների կնքված
ցուցակները փակցված էին ընտրատեղամասերի մուտքի մոտ: Ցավոք, Ռուսաստանում դա չի արվում:
Եվ սովորելու բան ունենք Լեռնային Ղարաբաղից»: Ըստ նրա, չճանաչված այս երկիրն առավել
ունի պետականության ատրիբուտներ, քան ճանաչված շատ պետություններ, որոնք ներկայացված
են ՄԱԿ-ում. «Թուրքմենբաշու պետությունում չկա ոչ մի ընտրություն, սակայն այն ճանաչված
երկիր է»: Գոհ է «ՀԵՆԿ»-ը Ընտրություններին դիտորդական առաքելությամբ
հետեւում էր նաեւ «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոնը»,
որը «Ընտրություններ եւ ժողովրդավարություն» միջազգային ասոցիացիայի հայաստանյան
ներկայացուցչությունն է: «ՀԵՆԿ»-ի երեկ հրապարակած հայտարարության համաձայն՝ «Ընտրական
գործընթացը մեր կողմից դիտարկված տեղամասերում, ընդհանուր առմամբ, ընթացել է առանց
լուրջ խախտումների»: Խախտումները «հիմնականում կազմակերպչական բնույթ ունեին, որոնցից
էին՝ առանձին տեղամասերում ընտրողների կուտակումները եւ տեղամասերում անհրաժեշտ տեխնիկական
պայմանների բացակայությունը: Նշված թերությունները մասնակիորեն խոչընդոտում էին ընտրության
բնականոն գործընթացին»: «Արդարությունն» էլ է գոհ, բայց… Հայաստանյան
դիտորդները, որոնց եւս անվանում էին միջազգային, ավելի շատ թերություններ մատնանշեցին,
քան իրենց անգլիացի կամ ամերիկացի գործընկերները: Այսպես՝ ԿԸՀ-ում «Արդարության»
ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը նշեց, թե կազմակերպական, տեխնիկական բնույթի որոշ
թերություններ ստվերել են ընտրությունները՝ առանձին տեղամասերում խառնաշփոթ էր առաջացել
հանձնաժողովների անդամների պարտականությունների բաշխման կապակցությամբ, որոշ տեղերում
բացակայել է չհրկիզվող պահարանը, Մարտունիում ցուցակները կնքված չէին համայնքապետի
կողմից, որոշ տեղամասերում ընտրացուցակները կախված էին քվեարկության սենյակում եւ
այլն: Սակայն «Արդարության» ներկայացուցիչը եւս պնդեց, թե այս թերությունները չեն
ազդել ընտրությունների արդյունքների վրա: Գոհ են նաեւ բրիտանացիները
Մարդու իրավունքների պաշտպանության բրիտանական հելսինկյան խմբի ներկայացուցիչ
Մարկ Ալմոնդը եւս ազդարարեց, թե միայն տեխնիկական դժվարություններ կային, սակայն
չեն արձանագրել եւ ոչ մի խախտում ընտրությունների անցկացման կարգի առնչությամբ. «Ոչ
շարքային ընտրողները, ոչ վստահված անձինք կամ դիտորդները նման ոչ մի խախտման վրա
չեն հրավիրել մեր ուշադրությունը»: Մարկ Ալմոնդն անգամ նշեց, թե ընտրողների գրանցման,
անձի հաստատման գործընթացներն «ավելի լավ էին կազմակերպված, քան Մեծ Բրիտանիայում»:
Ի դեպ, այս խմբի մասին հայտնի է, որ Բելառուսում անցկացված ընտրությունները
եւս գնահատել են ժողովրդավարական: Եվ երբ «Առավոտն» այդ մասին հարց ուղղեց Մարկ Ալմոնդին՝
նա հաստատեց, թե Բելառուսում իրոք ականատես չեն եղել խախտումների: Միակ դժգոհ
դիտորդը «Չեխիա» թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Միլան Ստեֆանեցը միակ
դիտորդն էր, որ հունիսի 19-ին առաջին ճեպազրույցում հայտարարեց, թե «շատ դժվար կլինի
այս ընտրություններն անվանել թափանցիկ եւ ժողովրդավարական»: Իր այս պնդումն իրավապաշտպանը
հիմնավորեց հետեւյալ փաստարկներով. «Ասկերանի ընտրողները ցույց էին տալիս, թե ում
են ընտրում՝ մինչ քվեաթերթիկը քվեատուփը նետելը: ՀՅԴ-ի վստահված անձը ուզում էր բողոք
ներկայացնել այս կապակցությամբ, բայց հանձնաժողովի նախագահը մերժեց նրան՝ պնդելով,
թե նման բան տեղի չի ունեցել: Փաստաթղթերի վավեր կամ անվավեր լինելը Մարդակերտի մի
ընտրատեղամասում որոշում էր ոչ թե հանձնաժողովի նախագահը, այլ զինվորական մասի հրամանատարը»:
Եվ երբ երեկ մնացած բոլոր դիտորդները հայտարարեցին իրենց դրական
գնահատականները՝ Միլան Ստեֆանեցին հայտնեցինք մեր դիտարկումը, որ ինքը փաստորեն մենակ
է իր գնահատականներում. «Ոչ: Ես նոր զրուցում էի ոչ կառավարական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ, որոնք չեն ներկայացնում որեւէ կուսակցություն, եւ նրանք ինձ
ասացին, թե իմ պնդումները ճիշտ են՝ շատ կուսակցություններ ձայներ են գնել եւ այլն»:
Հետաքրքրվեցինք, թե ովքեր են արել նման պնդումներ, եւ պարզվեց, որ Միլան Ստեֆանեցը
զրուցել է մասնավորապես ԼՂ «Հելսինկյան նախաձեռնություն-82» համակարգող Կարեն Օհանջանյանի
հետ, որն անդամակցում է «Սոցիալական արդարություն» կուսակցությանը, որը տեղեր չստացավ
խորհրդարանում: