Փորագրանկարչությունը վերակենդանանում է Ռումինիայի Բայա Մարե քաղաքի «Գարբունարի» փոքր չափերի փորագրանկարների սրահում օրերս ցուցադրվեցին կանադացի Դենիս Պելետյեի, ճապոնացի Յոշեի եւ Արթուր Հակոբյանի աշխատանքները: Հանդիպեցինք Արթուր Հակոբյանին, որը մեզանում ոչ տարածված այս ժանրում ստեղծագործող հայ նկարիչն է, եւ նա սիրով պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող հարցերին: – Արվեստասերների լայն շրջանում հայտնի են միայն անցյալում այս ժանրում ստեղծագործած Էդգար Շահինի եւ Հակոբ Կոջոյանի անունները: Ի՞նչ է, զարգացում չի՞ ապրել փորագրանկարչությունը: Ինչպե՞ս ձեր աշխատանքները հայտնվեցին հեղինակավոր այդ սրահում: – Փորագրանկարը ճիշտ է ներկայացնել ոչ թե ժանր, այլ գրաֆիկայի ձեւ: Այո, 19-րդ դարի վերջին, 20-րդի սկզբին հայտնի էին Շահինի եւ Կոջոյանի, խորհրդային շրջանում՝ Մհեր Աբեղյանի, Վլադիմիր Այվազյանի, ամերիկաբնակ Սամվել Համբարձումյանի անունները: Ի դեպ, Շահինը ժամանակին միջազգային ճանաչում է ունեցել, արժանանալով համաշխարհային ցուցահանդեսների գլխավոր մրցանակների: Մեր օրերում գրաֆիկայի այս ձեւը ներկայացնում են Հայկ Գրիգորյանը, Արման Վահանյանը, Տիգրան Սահակյանը: Պարզապես նկարիչները չեն անդրադառնում փորագրանկարին: Թեպետ ունեցել ենք, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ պրոֆեսիոնալ անցյալ, ունենք եւ ներկա. Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսուցանվում են տպագրական գրաֆիկայի հիմնական ձեւերը: Անցյալ տարի աշխատանքներս ներկայացրել էի Ռումինիայում հայտարարված մրցույթին: 400 նկարիչների պայքարում իմ գործերը արժանացան երկրորդ մրցանակի: Այդ մրցույթի երեք մրցանակակիրներս (առաջին մրցանակ՝ Դ. Պելետյե, երրորդ՝ Յոշե) հրավիրվել էինք այս տարվա մրցույթին (թվով ութերորդ)՝ որպես ժյուրիի անդամ, եւ զուգահեռ բացվեց մեր աշխատանքների ցուցահանդեսը: Նշեմ, որ այն կազմակերպվել էր հայտնի «Ֆլորեան մուզեում»՝ Ժամանակակից արվեստի թանգարանի կողմից: – Ինչո՞վ բացատրել գրաֆիկայի այս ձեւի հանդեպ նկարիչների անտարբերությունը եւ ինչպե՞ս անել, որ թե՛ պրոֆեսիոնալների եւ թե՛ արվեստասերների մեջ հետաքրքրություն առաջանա այս ձեւի հանդեպ: – Փորագրման ձեւերը բազմազան են, աշխատատար, բնականաբար՝ պահանջում են ժամանակ: Այն կապված է տեխնոլոգիական բարդ պրոցեսների հետ: Եվ, որ ամենակարեւորն է, մեզանում նման աշխատանքների պահանջարկը նվազ է: Ինչքան էլ տխուր է, բայց մինչ օրս տպագրական գրաֆիկական աշխատանքների ոչ մի ցուցադրություն չի կազմակերպվել: Նախ՝ արվեստասերների լայն շրջաններին ցուցահանդեսների միջոցով, տեղական ուժերով գովազդենք, ավելի ճիշտ՝ հիշեցնենք փորագրանկարի մասին: Անցկացնենք հանրապետական մրցույթներ, գտնենք միջոցներ՝ ոգեւորելու նկարիչ ուսանողներին: – Որպես գրաֆիկայի այս ձեւի ներկայացուցիչ, միջազգային դաշտում արդեն ճանաչում ունեցող, պատրաստվո՞ւմ եք անձամբ գործնական որեւէ առաջարկով հանդես գալ: – Առաջիկայում կբացվի ինտերնետային էջ, որտեղ այցելուները կծանոթանան ընդհանրապես գեղարվեստի կյանքի իրադարձություններին, մասնավորապես՝ համառոտ տեղեկություններ կստանան փորագրանկարի մասին: Կլինեն նաեւ անդրադարձներ, ինչու չէ՝ քննադատական ելույթներ եւ այլն: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ