ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ Մնում է համաժողովը լուծումներ գտնի Երեկ Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ» համաժողովը, որ կազմակերպել էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Համաժողովը անցկացվում է հունիսի 1-ից մեկնարկած «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական 2-րդ փառատոնի շրջանակներում, որը կամփոփվի նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդների միջազգային օրը: Համաժողովը բացվեց նախագահի եւ վարչապետի ուղերձների ընթերցմամբ, իսկ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը ներկա էր անձամբ, սակայն ելույթ չունեցավ: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա այս համաժողովը երիտասարդներին: «Այսօր մեր երկրում 800000 երիտասարդ կա: Նրանք պատկանում են տարբեր սոցիալական շերտերի ու դասերի՝ գործազուրկներ, աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հաշմանդամ երիտասարդներ եւ այլն: Այս համաժողովը նպատակ ունի համախմբել բոլոր ոլորտների, նաեւ սահմանամերձ գոտիների, Արցախի եւ Ջավախքի երիտասարդներին, նրանց հնարավորություն տալ միմյանց ճանաչելու, տեղեկատվություն փոխանակելու, նաեւ գտնելու համագործակցության եզրեր՝ ինչպես պետության, այնպես էլ երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների եւ մեզ հետ… Մենք առաջարկում ենք երիտասարդությանը ոչ միայն վեր հանել իրենց խնդիրները, այլեւ պետությանը ինչ-որ տեղ նաեւ օգնել՝ ցույց տալ այն մեխանիզմները, որոնք մեզ հնարավորություն կտան լուծելու խնդիրները հենց երիտասարդների մասնակցությամբ»,- պատասխանեց փոխնախարարը: «Գյուղի կին» հ/կ նախագահ Վերա Գրիգորյանը ներկայացնում էր գյուղական երիտասարդության խնդիրները: Ի դեպ, նրանց տաղավարը հայկական կոլորիտով՝ սուջուխ, կարպետ, հայկական տարազ եւ այլն, առանձնանում էր մյուսներից: «Իմ կազմակերպությունը զբաղվում է համայնքների սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահական խնդիրներով: «Գյուղի կինը» առաջարկելու է լուրջ ուշադրություն դարձնել երիտասարդության պրոբլեմներին, մասնավորապես՝ գյուղական երիտասարդության, որովհետեւ նրանք հավասար պայմաններում չեն: Օրինակ, կրթությունը Երեւանում շարունակելու համար գյուղական երիտասարդությունը շատ ավելի ջանքեր պիտի գործադրի ու ֆինանսական միջոցներ ծախսի, քան քաղաքային երիտասարդությունը»,- ասաց Վ. Գրիգորյանը: Լիանա Խլոյանն էլ ներկայացնում էր «Աբուլ» հասարակական- մշակութային կազմակերպությունը եւ «Ուրպիկ» թատերախումբը: «Ջավախքը այն օջախն է, որտեղ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները որեւէ բանով զբաղվելու հնարավորություն չունեն: Աղջիկները կամ պիտի ամուսնանան եւ ապագայի սերունդը արդեն կլինի անգրագետ, կամ էլ պիտի գնան Երեւան սովորելու, որովհետեւ դպրոցների մակարդակը Ջավախքում շատ ցածր է: Սակայն Երեւանում սովորելուց հետո պարզ պատճառով չեն կարողանա վերադառնալ Ջավախք՝ Հայաստանում ստացած բուհական դիպլոմները Ջավախքում ուժ չունեն: Ուստի երիտասարդները ստիպված սովորելու են գնում Թբիլիսի, որովհետեւ միայն վրացական դիպլոմներով կարող են աշխատանքի անցնել վրացական կառույցներում: Շատ եմ ուզում, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն դարձնեն ջավախահայության խնդիրներին: Մեր երիտասարդությունն իսկապես ծայրաստիճան վատ վիճակում է, ու չկան մարդիկ, որ զբաղվեն նրանցով»,- մտահոգված էր Լ. Խլոյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ