Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Հունիս 18,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ Երբ Եվտուշենկոն միկրոֆոնով անունս ու ազգանունս հնչեցրեց, դահլիճում ահագին ծափեր հնչեցին, եւ դա նշանակում էր, որ Քութայիսում ընդհանրապես եւ օպերայի էդ դահլիճում մասնավորապես հայեր էլ կային: Մի էդքան էլ ինձ ծափահարեցին «Հայաստան» բանաստեղծությունիցս հետո, ու ինձ համար ամենատարօրինակն այն էր, որ ինձ ծափահարում էին նաեւ երրորդ կարգում նստած ֆրակավոր երաժիշտներից մի քանիսը, ու ծափահարությունների առումով նաեւ պիտի նշեմ, որ ինձանից առաջ ելույթ ունեցողներին դահլիճը ոչ թե յուրաքանչյուր բանաստեղծությունից հետո էր ծափահարում, այլ միայն՝ ամբողջ ելույթից հետո: Հաջորդ բանաստեղծությունս նվիրված էր Վլադիմիր Վիսոցկուն: Վիսոցկին ընդամենը մի տարի առաջ էր վախճանվել, ու մի քանի օրից լրանալու էր նրա անժամանակ մահվան տարին, եւ, ինչպես քիչ անց պարզվեց, վրացիք Վիսոցկուն առանձնահատուկ սիրով էին սիրում, ու վրացիք ընդհանրապես առանձնահատուկ ու ջերմ էին վերաբերվում արգելված կամ կիսաարգելված ցանկացած անհատականության ու երեւույթի, եւ երբ ես կարդացի բանաստեղծությանս ընդամենը վերնագիրը՝ «Վլադիմիր Վիսոցկի», դահլիճն արդեն իսկ թնդաց ծափահարություններից, ու ամենաաշխույժ ծափահարողներն էլի երրորդ կարգում նստած երեք թե չորս ֆրակավորներն էին, ինչպես նաեւ՝ Եվգենի Ալեքսանդրովիչը, որը մերթ ինձ էր ժպտում, մերթ էլ՝ դահլիճին, եւ Վիսոցկու անունը լսելով՝ իրեն շատ լավ զգաց, եւ երբ ես իրեն նմանակելով՝ արտիստաբար կարդացի ու ավարտեցի բանաստեղծությունս, ծափերը բազմապատկվեցին, որովհետեւ իմ էդ բանաստեղծությունը վերնագրից բացի՝ ուրիշ հետաքրքիր տեղեր էլ ուներ, եւ հայերի, վրացիների ու ֆրակավորների հետ նաեւ Եվտուշենկոն էր ինձ ցուցադրաբար ծափահարում, եւ իռլանդուհին ու գյուղապետն էլ էին ինձ ծափահարում, եւ իռլանդուհին ուղիղ ինձ էր ժպտում ու երեւի ներքուստ շատ գոհ էր, որ անձամբ իր պասաժիրն է էդ, ուրեմն, հաջողությանն արժանանում, ու երեւի Եվտուշենկոն էլ էր իմ ելույթից նույն էդ պատճառով գոհ, ու ես էս բաներն ասում եմ, որովհետեւ ելույթիս ու արտասանությանս ընթացքում ուղեղս հազարի վրա էր աշխատում, ու ես հընթացս ամեն ինչ տեսնում, զգում ու հասկանում էի եւ երբ Վիսոցկու մասին էդ բանաստեղծությանս արտասանությունն ավարտեցի, ու ծափերն էլ թնդալուց հետո կամաց-կամաց մեղմացան, Եվտուշենկոն առաջարկեց մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգել Վալոդյա Վիսոցկու հիշատակը, ու հիշում եմ, ինքն էդ անունն էնքան սիրով ասաց, ինչպես հարազատ եղբայրն է իր մահացած ու սիրած եղբոր անունն ասում, ու ինձ էլ շատ սրտանց էր ծափահարում, չնայած ընդունված չէր, որ ժյուրիի անդամն ու մանավանդ նախագահն իր կլիենտին էդքան սրտանց ու էդքան բացեիբաց ծափահարի: Երբ լռության րոպեն ավարտվեց, դահլիճը վերստին թնդաց ծափահարություններից, ու էդ նոր ծափահարություններն արդեն հիմնականում Վիսոցկուն էին վերաբերում, բայց միեւնույն ժամանակ նաեւ ինձ պարտադրում էին իմ ու քրոջս թարգմանած երրորդ բանաստեղծությունս էլ արտասանել, ու ես արտասանեցի, չնայած, հիշում եմ, մեջս վախ կար, որ էդ երրորդ բանաստեղծությունս կարող էր խամրեցնել նախորդի ողջ տպավորությունը: Այդուհանդերձ, ես ստիպված էի արտասանել նաեւ էդ երրորդ բանաստեղծությունս, որը, ինչպես արդեն ասել եմ, նվիրված էր իմ բանակի ընկեր Բախվա Բուրչուլաձեին, ու էդ բանաստեղծությունս հետեւյալ կերպ էր ավարտվում. «Եղբայր իմ, Բախվա՛, գուցեեւ մի օր հանդիպենք իրար Թիֆլիսում կամ Երեւանում, բայց դժվար թե իրար ճանաչենք առանց զինվորական շորերի, առանց քո ալտի ու առանց իմ բալշոյ բառաբանի»: Ինչպես արդեն ասել եմ, էդ բանաստեղծությունս տպագրված էր իմ առաջին գրքում, եւ գրքիս խմբագիր Ումառյան Սերգեյը փոխել էր բանաստեղծությանս էդ վերջին տողը՝ ալտն ու բալշոյ բառաբանը փոխարինելով Կալաշնիկովի ավտոմատով, ու չէի ասի, թե դրանից բանաստեղծությունս տուժել կամ շահել էր, ու չէի էլ ասի, թե դա բանաստեղծություն էր, քանզի դա ընդամենը մի պարզունակ, բաց ու անհասցե նամակ էր՝ ուղղված բանակի ընկերոջս ու արդեն միանգամայն անհայտ զինվորին: Այդուհանդերձ, ես արդեն Քութայիսի օպերայի բեմին միանգամայն ինքնավստահ ու հաստատուն ցցված՝ մեծ ոգեւորությամբ սկսեցի ու նույն ոգով էլ ավարտեցի էդ բանաստեղծության իմ իսկ տարբերակը՝ ալտով ու բալշոյ բառաբանով: Երբ ավարտեցի արտասանությունս, դահլիճը վերստին պայթեց ծափահարություններից, եւ բուռն ու երկարատեւ ծափահարությունների բուն նպատակն այն էր, որ ես եւս մի բանաստեղծություն արտասանեմ, ու ինքը՝ Եվտուշենկոն էլ էր, փաստորեն, դա ցանկանում, որովհետեւ, եթե Եվտուշենկոն ինձանից եւս մի բանաստեղծություն չակնկալեր, անմիջապես կհայտարարեր հաջորդ ելույթ ունեցողի անունը, եւ, ուրեմն, ծափահարություններն էլ միանգամից կմարեին, բայց թե՛ դահլիճը եւ թե՛ Եվտուշենկոն անտեղյակ էին, որ ես այլեւս որեւէ բանաստեղծություն չունեի, ավելի ճիշտ՝ ռուսերեն թարգմանած բանաստեղծություն չունեի, եւ դահլիճն ու Եվտուշենկոն, էդ հանգամանքից անտեղյակ, ծափահարում ու ժպտում էին ինձ, ու ամենից զիլ առաջին կարգից Եվտուշենկոյի իռլանդուհին էր ինձ ժպտում, եւ, մինչ իռլանդուհու ու բոլորի ժպիտներին իմ ժպիտով կպատասխանեի, Քութայիսի օպերայի դահլիճում տեղի ունեցավ մի բան, որը շատ դժվար է էսպես գրավոր նկարագրել, մանավանդ որ՝ ներկաներից ամենաուշը հենց ե՛ս ընկալեցի ու հասկացա տեղի ունեցածը: Մինչ Եվտուշենկոն ու ողջ դահլիճն ինձ ծափահարելով՝ ինձանից միանգամայն այլ բանաստեղծություն կպահանջեին, երրորդ կարգի ֆրակավորներից ճաղատը տեղից կտրուկ վեր կացավ, վազեց դեպի բեմ եւ բեմ բարձրացնող չորս-հինգ աստիճաններով ոչ թե բարձրացավ, այլ աստիճանների վրայով ընդամենը մի ոստյունով թռավ բեմ, գրկեց ու համբուրեց ինձ, հետո ձեռքիցս ուղղակի խլեց միկրոֆոնն ու աղաղակեց. «Դառագիե տավարիշչի, էտը յա՛ Բախվա Բուրչուլաձե, Արմեն էտը աբա մնե՛ նապիսալ»: Դահլիճը, Եվտուշենկոն ու բոլորը տեղի ունեցածից էնքան զարմացած չէին, ինչքան՝ ես, որովհետեւ դահլիճը, Եվտուշենկոն ու բոլորն էն կարծիքին էին, որ ես հատուկ դահլիճում նստած Բախվայի համար եմ էդ բանաստեղծությունն արտասանել, եւ, փաստորեն, ներկաներից միայն ես ու Բախվան գիտեինք, որ Քութայիսի օպերայի բեմի վրա տեղի ունեցողը բանակից հետո իմ ու իր առաջին հանդիպումն է: Այդուհանդերձ, դրանից միանգամայն անտեղյակ Եվգենի Ալեքսանդրովիչն ընդառաջելով Բախվայի խնդրանքին՝ մեծահոգաբար թույլ տվեց, որ Բախվան մի բան նվագի, եւ երբ Բախվան միկրոֆոնով ասաց՝ «Պասվեշչայեցա Արմենու Շեկոյանու», միայն այդ ժամանակ նկատեցի Բախվայի ձեռքի ֆլեյտան, եւ երբ դահլիճը լռեց, Բախվան հուզված ու արցունքախառն սկսեց իր քաղցրալուր «Սուլիկոն», որը երբեւէ լսածս լավագույն «Սուլիկոն» էր: Երբ Բախվան ավարտեց նվագը, դահլիճում ու բեմում նստածների աչքերը թաց-թաց էին, եւ ներկաներն իրենց երկարատեւ ծափահարություններով փորձեցին Բախվային եւս մի բան նվագել տալ, եւ Բախվան, իհարկե, պատրաստ էր մի նոր բան կատարել, բայց Եվտուշենկոն, դահլիճի ցանկությունն ու Բախվայի պատրաստակամությունը կանխելով, հիշեցրեց, որ ուրիշ բանաստեղծներ էլ են արտասանելու, եւ անմիջապես միկրոֆոնի մոտ հրավիրեց Բրիկսինային: Երբ ելույթիցս հետո վերադարձա ու նստեցի տեղս, եւ երբ Բախվան սկսեց իր «Սուլիկոն», աջիս ու ձախիս Տատյանաները ոչ միայն ինձ որեւէ բառ չասացին, այլեւ ընդհանրապես վրաս չնայեցին էլ, եւ դա իրենց կողմից ո՛չ թե ինչ-որ բանաստեղծական նախանձի դրսեւորում էր, այլ՝ զուտ արտիստական նախանձի ուղղակի հետեւանք, որովհետեւ ինձ հետ կապված այն ամենը, որ էդ իրիկուն տեղի ունեցավ Քութայիսի օպերայի դահլիճում, ավելի շատ թատրոնի հետ կապ ուներ, քան՝ բանաստեղծության, եւ Տատյանաներն ու բոլորն էդ ամենը հենց թատրոն էլ ընկալեցին, եւ ինձ ուղղված բոլոր հայացքներում նույն տեքստն էր՝ «շատ լավ էլ բեմադրել էիք», եւ նույնիսկ Եվտուշենկոն էր էդ կարծիքին, բայց, ի տարբերություն իմ մյուս կոլեգաների, Եվտուշենկոյի վրա միանգամայն դրական էր ազդել իմ ու Բախվայի էդ, ուրեմն, թատրոնը, ու Եվտուշենկոն առավել բարձր տրամադրությամբ շարունակեց երեկոն՝ Բախվայից անմիջապես հետո միկրոֆոնի մոտ հրավիրելով Բրիկսինա Տանյային, եւ, չնայած Տանյայի արտասանած երկու բանաստեղծություններն էլ ընտիր էին, դահլիճը գրեթե չարձագանքեց դրանց, որովհետեւ դահլիճն արդեն իմ գործընկերներից ոչ թե պոեզիա էր ակնկալում, այլ միայն՝ թատրոն, եւ երբ Տանյան կարմրած վերադարձավ ու նստեց իր տեղը, եւ երբ ես նրա ուսին թփթփացրի՝ ասելով, որ իր արտասանածները հրաշալի էին, Տանյան չափազանց սառն ու չափազանց տհաճ հայացքով ոտից գլուխ չափեց ինձ, եւ իր էդ սառն ու տհաճ հայացքի մեջ գրված էր՝ «ձեռ ե՞ս առնում»: Մայակովսկու ու Քութայիսի էդ օրերից երկու տարի անց Մոսկվայի Գորկու ինստիտուտի մեր լսարանում փիլիսոփայության դասին կողքս նստած էդ նույն Տանյա Բրիկսինային վերստին հավատացնում էի, որ իմ ու Բախվայի օպերայի էդ հանդիպումն ամենեւին էլ սարքովի չէր, բայց Տանյան էլի չէր հավատում՝ «ախր չլինելու բան ես ասում, Արմենչո», եւ երբ մեր փիլիսոփայության դասախոս Պոտյոմկինը մեր քչփչոցը նկատելով ասաց՝ «էդ ի՞նչ եք քչփչում. սեր ե՞ք բացատրվում», Տանյան Պոտյոմկինին ժպտաց ու ասաց՝ «իսկ ինչո՞ւ ոչ», ու էդ պահին Տանյայի ժպիտը շատ գեղեցիկ էր, ու ինքս էլ ինձ-ինձ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ: Մինչ այդ, Քութայիսի օպերայի բեմում նստած, նույն Տանյան ինձ խեթ-խեթ էր նայում ու էդպես շարունակեց նայել մինչեւ երեկոյի ավարտը: Բրիկսինա Տանյայի ելույթից հետո Եվտուշենկոն եւս չորս թե հինգ բանաստեղծների ձայն տվեց, եւ էդ չորս թե հինգ բանաստեղծները միանգամայն անտրամադիր արտասանեցին իրենց բանաստեղծությունները, որովհետեւ երեւի իրենք էլ էին հասկանում, որ այլեւս հնարավոր չէ էդ, ուրեմն, լսարանին պոեզիայով զարմացնել, եւ ամենից լավ հենց Եվտուշենկոն էր էդ բանը զգում ու հասկանում ու երեւի հենց էդ պատճառով էլ ինքն էդ օրը որեւէ բան չարտասանեց ու բանաստեղծների ելույթներից անմիջապես հետո սկսեց մրցանակների հանձնման արարողությունը: Եվգենի Ալեքսանդրովիչն առաջինն Էնվեր Նիժարաձեի անունը կարդաց, եւ Էնվերը ծափահարությունների ուղեկցությամբ մոտեցավ ու Եվտուշենոյից ստացավ իր մրցանակը՝ մի դիպլոմ ու մի կլոր մեդալ: Հաջորդը, ինչպես արդեն գիտեք, Մարինան էր, եւ Կուդիմովան էլ հպարտ մոտեցավ ու Եվտուշենկոյից ստացավ իր դիպլոմն ու մեդալը: Այն պահին, երբ Եվտուշենկոն պատրաստվում էր կարդալ վերջին մրցանակակրի՝ Ասլանբեկի անունը, անսպասելի ու հանկարծակի դահլիճը սկսեց վանկարկել՝ «Ար-մեն, Ար-մեն», ու էդ պահին ես տեսա ու հասկացա, որ էդ վանկարկումների նախաձեռնությունն ու վարակը հենց Բախվայենց երրորդ կարգից սկսվեց: Եվգենի Ալեքսանդրովիչն անակնկալի գալով՝ մի պահ կարկամեց, շփոթվեց, հետո վերադարձավ իր տեղը, իր դիմացի սեղանիկին թափթփված թղթերի մեջ ինչ-որ բան փնտրեց, ու էդ պահին միայն ե՛ս հասկացա, որ Եվտուշենկոն ազգանունս էր մոռացել, եւ երբ Եվտուշենկոն ազգանունս թղթերի մեջ գտավ, հաղթական մոտեցավ միկրոֆոնին ու հանդիսավոր հայտարարեց, որ հաջորդ ու վերջին մրցանակը տրվում է եղբայրական Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Շեկոյանին: Եվտուշենկոն էդ բոլոր բառերը հանդիսավոր, դանդաղ ու հատ առ հատ արտասանեց, եւ իմ անունն ու ազգանունը հազիվ լսեցի, որովհետեւ «եղբայրական» ու հատկապես «Հայաստան» բառերի վրա դահլիճն արդեն պայթեց ծափահարություններից: Ես ծափահարությունների տարափի տակ մոտեցա Եվգենի Ալեքսանդրովիչին, նրանից ստացա դիպլոմս ու մեդալս, մոտեցա միկրոֆոնին, հայերեն ու ռուսերեն շնորհակալություն հայտնեցի, վրացերեն ասացի իմացածս մի քանի բառերից «գենացվալեն» եւ երբ արդեն վերադարձել ու նստել էի տեղս, նայեցի դիպլոմիս, որի վրա ռուսերեն սիրուն ու խոշոր տառերով գրված էր. «խՌՑպՐՈՑցՐվՈ255 տՐպՎՌ255 ՌՎպվՌ ԾՈ255ՍՏՉրՍՏչՏ տՐՌրցՋՊՈպՑր255 տՏֆՑց ԸրսՈվոպՍց ԸոՊցՐՈւՎՈվՏՉց»: Երկու Տատյանաներն աչքի պոչով նայում էին դիպլոմիս ու մեդալիս, ու ես, անակնկալի գալով, դիպլոմս անմիջապես խցկեցի թղթապանակիս մեջ ու միանգամայն անմեղ հայացքով շարունակեցի ժպտալ դահլիճին ու հատկապես երրորդ կարգում նստածներին, որոնց ծափահարությունները դեռեւս չէին դադարել: Դահլիճում նստածների համար, թերեւս, անսպասելի որեւէ բան տեղի չէր ունեցել, քանի որ դահլիճը միանգամայն անտեղյակ էր, որ Ասլանբեկի փայ մրցանակն եմ ստացել, ու եթե էդ պահին դահլիճում Ասլանբեկից բացի անակնկալի եկած ու սփրթնած մեկն էլ կար, Ջանսուղն էր, որ սարսափահար այսուայն կողմ էր նայում, ու երբ էդ ամենից հետո՝ բանկետի ժամանակ Ջանսուղի մոտ Եվտուշենկոյին արդարացնելով՝ բացատրում էի, որ դահլիճն «Ար-մեն, Ար-մեն» վանկարկելով՝ փաստորեն Եվգենի Ալեքսանդրովիչին ստիպեց էդ մրցանակն ինձ տալ, Եվտուշենկոն նախ Ջանսուղին հանգստացրեց, ասելով, որ մրցանակակիրների փոփոխության ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ հետո ժպտալով ինձ ասաց. «Մի՛ չափազանցրու. դահլիճը ոչ թե Արմեն էր վանկարկում, այլ՝ «Արմենիա»: Մինչ այդ եւ նախքան «Դաիսիի» սկսվելը, Քութայիսի օպերայի կուլիսներում Վրաստանի գրողների միության հաշվապահից առձեռն ստացա մրցանակս մարմնավորող հինգ հարյուր ռուբլին՝ Եվտուշենկոյի, Ջանսուղի ու հաշվապահի ցուցումով ստորագրելով Ասլանբեկ Աբդուռահմանովի անվան դիմաց: Երբ իջա դահլիճ ու նստեցի ամենաեզրի աթոռներից մեկին, դահլիճում արդեն կիսախավար էր, եւ Բախվան ու մյուսներն իրենց փոսի մեջ արդեն սկսել էին իրենց փորձնական ճըզըվըզըները, եւ երբ ճըզըվըզըները դադարեցին, ու դահլիճն իսպառ մթնեց, վարագույրը բացվեց, եւ սկսվեց «Դաիսին»: Ես «Դաիսին» չտեսա, որովհետեւ իմ հոգեվիճակում երկու ժամ օպերա նայելն ուղղակի անհնար էր, մանավանդ որ՝ նստածս տեղից Բախվայի ճաղատի ընդամենը կեսն ու իր ֆլեյտայի էլ ծայրն էր երբեմն-երբեմն երեւում, ու կիսադատարկ դահլիճում մեր պատվիրակությունից միայն Եվտուշենկոն, իռլանդուհին, Ջանսուղն ու Մարինան էին առաջին կարգում քաղաքապետի ու գյուղապետի հետ նստած, ու ես, հազիվ հինգ րոպե դիմանալով, սահուն քայլերով դուրս եկա ճեմասրահ, որտեղ ինձ անմիջապես կալմեջ արին մի քանի հայ տղերք եւ ասացին, որ ինձ ուզում են պատիվ տալ, քանի որ՝ ես իրենց պարզերես արեցի ու մեր ժողովրդի պատիվն էլ բարձր պահեցի, բայց ես իրենց բացատրեցի, որ մինչեւ վերջ պիտի մնամ ու նայեմ «Դաիսին», եւ երբ տղերքից մեկն ասաց, որ էդ «Դաիսին» մեր «Անուշի» հետ համեմատած՝ հեչ բան է, ես ասացի, որ բոլոր դեպքերում պարտավոր եմ մնալ եւ մինչեւ վերջ նայել էդ, ուրեմն, «Դաիսին», ու հայերը, երեւի ինձանից նեղանալով, հեռացան, ու երբ նրանք հեռացան, ինձ մոտեցավ մի աժդահա միլիցիոներ եւ ինձ մեկնեց մի լուսանկար, որտեղ ես ու Եվտուշենկոն էինք պատկերված՝ Բաղդադիի առաջին օրվա մեր միջոցառման ժամանակ: Միլիցիոներն ինձ ասաց, որ էդ լուսանկարն ինքը Եվտուշենկոյին էր որոշել տալ, բայց իմ ելույթն էնքան է հավանել, որ որոշումը փոխեց եւ, ուրեմն, ինձ է տալիս: Բաղդադիի միլիցիոների տված էդ լուսանկարը ես առ այսօր աչքի լույսի պես պահում եմ, որովհետեւ իմ կյանքում, ճիշտ է, շատ նշանավոր մարդկանց հետ եմ շփվել ու մոտիկություն արել, բայց էնպես է ստացվել, որ նրանցից ոչ մեկի հետ լուսանկար չունեմ: Միլիցիոների ու իմ զրույցի ընթացքում նկատեցի, որ ճեմասրահում ճեմում են նաեւ Տատյանաները, եւ երբ միլիցիոները հեռացավ, Տատյանաները մոտեցան ինձ եւ շատ սառն ու պաշտոնական շնորհավորեցին, եւ Բրիկսինան ուղիղ աչքերիս նայելով՝ շպրտեց. «Եվտուշենկոյի հետ համա՜ թե թատրոն սարքեցիք»: Օպերայի դիմաց սրճարան կար, եւ ես Տատյանաներին սուրճի հրավիրեցի, բայց նրանք չափազանց կոպիտ տոնով մերժեցին ինձ, ասելով, որ իրենք ընդհանրապես սուրճ չեն խմում, եւ ես շատ վիրավորվեցի ու նեղվեցի, որովհետեւ ընդամենը երկու օր առաջ Բաղդադիում հենց իրե՛նք էին մի գլուխ ինձ խնդրում, որ պլաստմասսայե բաժակներով իրենց համար էլի ու էլի սուրճ բերեմ, ու սուրճն էլ մի սուրճ լիներ՝ հսկայական թեյնիկով եռացրած շագանակագույն ջուր էր, ու ես Տատյանաների համար մի գլուխ էդ սուրճն էի կրում ու կրում, ու ճեմասրահում, երբ իրենք կտրականապես հրաժարվեցին սուրճից, սիրտս շատ նեղվեց, ու ես, չնայած էդ պահին աննախադեպ հաջողության մեջ էի, բայց ինձ շատ վատ զգացի, ու հիմա էլ, որ հիշում եմ իրենց էդ սառը հայացքները, էլի ինձ վատ եմ զգում ու հիմա նաեւ հասկանում եմ, որ երբ մարդուն իր հաջողության ու ուրախության մեջ մենակ ես թողնում, նույնն է թե՝ դժբախտության մեջ նրան մենակ թողնես, ու որ ասում են՝ իսկական բարեկամը դժբախտության պահին է երեւում, դա ընդամենը ճշմարտության կեսն է եւ նույնիսկ կեսից ավելի քիչ, ու ես կարող եմ պնդել, որ իսկական բարեկամը հենց ուրախությանդ ու հաջողությանդ պահերին է երեւում, որովհետեւ, եթե դժբախտության մեջ մենմենակ թողնված մարդը թերեւս ի վիճակի է տխրել կամ որեւէ բան մտածել, ապա հաջողության եւ ուրախության մեջ մենակ մնացածը միանգամայն բթացած ու նույնիսկ ուրախանալու ընդունակությունն է կորցրած լինում, եւ եթե տխրությունդ հետդ կիսողները սովորաբար քանակությամբ գերազանցում են ուրախությունդ կիսողներին, դա դեռեւս ոչինչ չի նշանակում, եւ հակառակն էլ դեռեւս որեւէ բան չի նշանակում, որովհետեւ երկու դեպքում էլ քանակությունը կախված է տվյալ պահին հասարակության մեջ գրավածդ դիրքից, իսկ հայերիս դեպքում տխրության ու ուրախության պահերի մարդաշատության մինիմումը սովորաբար ապահովվում է, որովհետեւ մենք ծեսի ժողովուրդ ենք, եւ մեզանում մոմ վառողների քանակը կտրուկ գերազանցում է հավատացյալների ու աղոթողների քանակին, չնայած նյութական առումով հավատալն ու աղոթելն անհամեմատ էժան զբաղմունք են, քան՝ մոմ վառելը, իսկ ինչ վերաբերում է մարդու ուրախությունը կամ դժբախտությունը կիսելուն, էդ առթիվ լուսահոգի հայրս մշտապես մտահոգվում էր՝ իր մտահոգությունը մշտապես հետներս կիսելով. «Որ ասում են՝ տխրությունդ հետդ կիսում են, էդ հասկանալի ա, որովհետեւ եթե տխրությունդ կիսեն, տխրությանդ կեսը կմնա, ու կթեթեւանաս: Բայց որ ասում են ուրախությունս հետս կիսեց, հեչ չեմ հասկանում. ուրախությունդ որ կիսեն, փաստորեն, ուրախությանդ կեսն ա մնում, չէ՞»: Շրջապատն ու աշխարհն, իհարկե, չնկատելու ու չհասկանալու տվին հորս էդ պստիկ, բայց էական հայտնագործությունը, եւ հայրս, ինչպես միշտ, իրենը չպարտադրեց ու չպնդեց: Այդուհանդերձ, Քութայիսի օպերայի ճեմասրահում ես հակված էի ուրախությունս կիսել Տատյանաների հետ, ու էս բանը հիմա եմ միայն մտածում, որովհետեւ էն պահին, երբ Տատյանաներն ինձ մերժեցին, ես ընդհանրապես ի վիճակի չէի մենմենակ մտածել, եւ երբ Տատյանաների մերժումից մի քանի վայրկյան անց ճեմասրահում հայտնվեցին իռլանդուհին ու Կուդիմովա Մառան, ես իսկույն հասկացա, որ իրենք հաստատ ինձ հետ սուրճ կխմեն, իսկ ավելի ճիշտ՝ ես ոչ թե հասկացա, այլ՝ զգացի էդ բանը, այսինքն՝ ես էն ժամանակ զգացի այն, ինչ հիմա արդեն հասկանում եմ, այն է՝ քեզ հետ ուրախացողները կամ քեզ հետ տխրողները քեզ հետ ուրախանում ու քեզ հետ տխրում են միայն էն դեպքերում, երբ իրենց համար հաճելի է քեզ հետ միասին ուրախանալն ու քեզ հետ միասին տխրելը: Երբ ճեմասրահում հայտնվեցին իռլանդուհին ու Կուդիմովա Մառան եւ երբ նրանք տեսան ինձ, հենց Տատյանաների աչքի առաջ Մարինան ցատկեց ու փաթաթվեց վզովս, եւ հուզմունքից աչքերը թաց-թաց էին, եւ ես էլ իրեն սրտանց շնորհավորեցի ու համբուրեցի, եւ Մարինայից հետո ինձ շնորհավորեց ու համբուրեց նաեւ իռլանդուհին, ու էդ ամենը տեղի էր ունենում Տատյանաների տեսադաշտում, եւ Տատյանաները մեզանից ընդամենը երկու-երեք մետրի վրա էին, եւ նրանցից առաջինը Մարինային մոտեցավ, շնորհավորեց ու համբուրեց նախ Տատյանա Բեկը, եւ հետո՝ Բրիկսինան, եւ երբ Մարինան իրենց հարցրեց՝ «Բա Արմենին չեք շնորհավորո՞ւմ», եւ երբ Բրիկսինան պատասխանեց՝ «Արմենին արդեն շնորհավորել ենք», ես ցուցադրաբար իռլանդուհուն ու Կուդիմովային հրավիրեցի սուրճ խմելու, եւ երբ Կուդիմովան ինձ հարցրեց՝ «բա իրենց չես հրավիրո՞ւմ», ես ասացի՝ «իրենց արդեն հրավիրել եմ»: Վրացիների ազգային «Դաիսի» օպերայի ցուցադրությունը, փաստորեն, հարամված էր, որովհետեւ առանց այդ էլ կիսադատարկ դահլիճում շատերն էին ներսուդուրս անում, եւ երբ ես իռլանդուհուն ու Մարինային հրավիրեցի սուրճ խմելու, իռլանդուհին անմիջապես վազեց դահլիճ, եւ ես կիսաբաց դռնից տեսա, որ իռլանդուհին մոտեցավ առաջին կարգում Ջանսուղի կողքին նստած իր ամուսնուն, ականջին ինչ-որ բան շշնջաց, արագ-արագ նորից դուրս եկավ ու մեզ ասաց՝ պայեխալի: Օպերայի դիմացի «Քութայիսի» սրճարանում կիսամութ էր, եւ դանդաղ ու շատ ցածր վրացական ինչ-որ մեղեդի էր ծորում, եւ երբ ես երեք սուրճ ու երեք կոնյակ պատվիրեցի, եւ երբ իռլանդուհին ասաց՝ «հա՛, խմենք ու ձեր մրցանակները շնորհավորենք, չնայած ռույլի վրա եմ», Կուդիմովա Մառան ասաց՝ «էս քաղաքի ռույլն էս պահի դրությամբ Եվգենի Ալեքսանդրովիչի ձեռին է», եւ այդ ասելիս Մարինան, իհարկե, Ալեքսանդրովիչի կողակցի անունն էլ ասաց, բայց ես իռլանդուհու անունն էստեղ չեմ նշում, որովհետեւ անունը մոռացել եմ, եւ այդ է պատճառը, որ մի գլուխ «իռլանդուհի» եմ ասում ու գրում: Երբ Մարինան ասաց՝ «էս քաղաքի ռույլն էս պահի դրությամբ Եվգենի Ալեքսանդրովիչի ձեռին է», ես ասացի՝ «որ ռույլն իր ձեռին չլիներ, ինձ դժվար թե մրցանակ հասներ», եւ, որպես լրացում իմ ասածի, Մարինան ասաց. «Ինքը պատասխանատվությունն իր վրա վերցնող մարդ է. հարգում եմ էդ տեսակ մարդկանց»: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել