Սփյուռքահայերն ավելի թանկ են վճարում Երեկ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ սփյուռքահայ ուսանողների միջբուհական մշակութային փառատոն: Մեկուկես ժամ տեւած միջոցառման ընթացքում սփյուռքահայերը երգեցին, պարեցին ու ասմունքեցին: Ինստիտուտի դահլիճում այնքան տոթ էր, որ հանդիսատեսը շոգից պարզապես շնչահեղձ էր լինում եւ «հովանալու» համար անընդհատ դուրսուներս էր անում կամ համատարած թափահարում փառատոնի հովանավոր «Բրաբիոն ֆլորա սերվիսի» բաժանած ծառայություններ առաջարկող բուկլետները: Առավել համարձակներն էլ մինչ փառատոնի մեկնարկը «մաքրազարդեցին» ժյուրիի սեղանի ջրեղենը: Չհաշված, որ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի եւ մյուս հյուրերի ուշանալու պատճառով էլ միջոցառումը նախատեսվածից 40 րոպե ուշ սկսվեց: Միջոցառմանը մասնակցում էին 14 բուհերի սփյուռքահայ տաղանդավոր երիտասարդները, որոնք ժյուրիի ընտրությամբ արժանացան մրցանակների՝ հինգ նոմինացիաներով: ԿԳ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանի մեկնաբանմամբ, փառատոնի նպատակը սփյուռքահայերին տեղի ուսանողական կյանքին ինտեգրելն է: Հայաստանի բուհերում այսօր ուսանում է 2000-ից ավելի սփյուռքահայ: Բաժնի պետը վստահեցրեց, որ վերջիններիս՝ հայրենիքում ծագած խնդիրները նույնն են, ինչ տեղացի ուսանողներինը: Մեր տեղեկություններով, ուսանողական արձակուրդներին Հայաստանից մեկնելիս սփյուռքահայ ուսանողները դեսպանատներում առնչվում են մի շարք «տեխնիկական» խնդիրների, ինչի համար դրսի մեր հայրենակիցները մի առիթով ԿԳ նախարարին դժգոհել էին: Հ. Թադեւոսյանը հավաստիացրեց, որ այդ խնդիրը «նվազագույնի է հասցված» եւ որ տարեցտարի սփյուռքահայ դիմորդների թիվը ավելանում է. «Բացի այն, որ պետությունը 70 անվճար տեղ է տրամադրում, նաեւ որոշ արտոնություններ է սահմանել նրանց համար, հեշտացված են ընդունելության քննությունները եւ պահանջվող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կարող են սովորել իրենց նախընտրած ֆակուլտետում»: Զիջումների դիմաց մեր պետությունը սփյուռքահայերից ուսման վարձն ավելի շատ է գանձում: Հ. Թադեւոսյանի տվյալներով, դիմորդները հիմնականում Իրանից, Վրաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից են, որոնց մեծ մասը ավարտելուն պես հեռանում է Հայաստանից: Ողջունելով նախաձեռնությունը՝ Սերգո Երիցյանը «հայ գաղթօջախների ներկայացուցիչներին» քաջալերեց եւ վստահեցրեց, որ «այս փառատոնը ազգապահպանության եւս մի ցույց է»: Սփյուռքահայ մի քանի ուսանողներ բարձր առաջադիմության համար արժանացան շնորհակալագրերի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ