Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հունիս 18,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԱԿԱ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Ընդդիմությունը հոգու խորքում չի հավատում ընտրությունների միջոցով իշխանության գալուն Թեման հուշում է, որ այս երկրում ինչ-որ բան այն չէ, քանի որ, եթե Հայաստանը լիներ բռնապետական երկիր, ապա այսպիսի քննարկում կարելի էր անել որեւէ դեռեւս չկալանավորված այլախոհի խոհանոցում, եթե լիներ ժողովրդավարական, քննարկումը կվերաբերեր առաջիկա ընտրություններում իշխանության եւ ընդդիմության հաղթելու հնարավորությունների մասին, առանց շեշտելու ազատ, արդար, թափանցիկ ընտրական օրենսգիրք բառերը: Բռնապետությունը ենթադրում է համակարգ, նշանակում է խիստ, դաժան, բաց խաղի կանոններ եւ անհատները, որոնք ընդվզում են ռեժիմի դեմ, գիտեն ինչի են գնում եւ ինչ ճակատագրի կարող են արժանանալ: Ուզո՞ւմ է Հայաստանի իշխանությունը հաստատել բռնապետություն: Գուցե եւ այո: Սակայն ցանկությունը քիչ է: Բռնապետություն հաստատելու համար անհրաժեշտ են հետեւյալ ռեսուրսներից մեկը կամ մի քանիսը՝ ընդերք (էներգետիկ), գաղափարախոսություն, ժողովրդի մտածելակերպ, որեւէ գերտերության հովանավորություն: Կարծում եմ, այս բաղադրիչներից ոչ մեկն այսօր Հայաստանում առկա չէ: Այն, որ ժողովրդավարությունը բոլոր անկատար քաղաքական ռեժիմներից առայժմ ամենակատարյալ համակարգն է, կարծում եմ՝ ներկայացնելու կարիք չկա: Իսկ ի՞նչ ռեժիմ է ներկայումս տիրում Հայաստանում: Արտաքուստ՝ հռչակված ժողովրդավարություն, իրականում ինչպես ուզում եք անվանեք՝ կառավարվող ժողովրդավարության թույլ ավտորիտար կամ մրցակցային ավտորիտար ռեժիմ: Ես այն կբնորոշեի որպես հակահամակարգ, որի հիմնական առանձնահատկությունը, ի տարբերություն վերը նշված երկու տիպի ռեժիմների, թվացյալ կայունության մթնոլորտում պերմանենտ անկայունությունն է: Պատահական չէ, որ իշխանությունը անվերջ խոսում է երկրի կայունության կարեւորության մասին: Եթե նրանք վստահ լինեին իրենց լեգիտիմությանը, նման խոսակցություններն ուղղակի անիմաստ կլինեին: Գեղարվեստական գրականության մեջ նման ռեժիմները, կարծում եմ, լավագույնս արտացոլված է Օ՛ Հենրիի «Թագավորներն ու կաղամբը» վիպակում: Ամեն դեպքում ինչպես ես վերը նշեցի, այսօր Հայաստանում տիրում է թվացյալ կայունություն: Ինչով է այն պայմանավորված: Հայաստանում իշխանությունը քաղաքական չէ, այն հենվում է ուժային կառույցների, օլիգարխիական, ես կասեի՝ ֆեոդալական, իրենց քրեական զորախմբերով կառույցների եւ գրպանային դատարանների վրա: Կոալիցիոն իշխանամետ կուսակցությունները իրենց վրա են վերցրել քաղաքական շղարշի հաճելի թվացող դերը: Պատահական չէ, որ նախարարական պորտֆելներից իրական իշխանության հենարան հանդիսացող նախարարություններից ոչ մեկը կուսակցություններին չի պատկանում: Համաձայն եմ Ս. Զոլյանի վերջերս հնչած այն տեսակետին, որ կառավարական համերաշխության հիմնական գործոնը կառավարությունից դուրս գտնվող նախագահամետ մյուս կուսակցությունների հերթն է: Կընդդիմանաս՝ կկորցնես պորտֆելդ, հերթի կանգնածները շատ են: Մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կհռչակվեն հայրենակցական միություններից ձեւավորված իշխանամետ նոր կուսակցություններ, որոնք կհավակնեն իշխանության նոր հենարան դառնալուն: Եվ դեպքերի «Էվոլյուցիոն» զարգացման պայմաններում իրենց վատ պահած կոալիցիայի անդամ կուսակցությունները կպատժվեն: Եվ ինքնապահպանման բնազդն էր, որ կոալիցիոն կուսակցությունները միացան Սեւանի դեպքերը դատապարտող հայտարարությանը, որից հետո նույն ինքնապահպանման բնազդից ելնելով, հետ կանգնեցին հայտարարությունից: Իսկ ընդդիմությո՞ւնը: Հավատո՞ւմ է, արդյոք, ընդդիմությունը ընտրությունների միջոցով իշխանության գալուն: Հոգու խորքում՝ հաստատ ոչ: Կարծում եմ, որ արդեն ոչ մեկին ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի լինի: Ընդդիմության շատ ղեկավարներ ժամանակ առ ժամանակ հռչակում են մոտակա ժամանակաշրջանում իշխանափոխություն անելու մասին, բոլորին հայտնի են թեժ գարուն կամ աշուն բառակապակցությունները, որից հետո սկսում են բացատրել 1905-ի հեղափոխության պարտության պատճառները՝ «իշխանությունները դիմում են անօրինականությունների, չկա խոսքի ազատություն, ձերբակալում են ակտիվիստներին, չկան զուգարաններ եւ այլն»: Եվ ամեն անհաջողությունից հետո սկսում են ձեւավորվել ընդդիմադիր նոր ֆորմատներ: Իրականում ուզո՞ւմ են, արդյոք, ընդիմադիր գործիչները իշխանափոխություն կամ հեղափոխություն: Կարծում եմ՝ ուզում են, բայց առանց անձնական բարեկեցության զոհաբերման եւ միայն մի դեպքում, եթե իշխանափոխության արդյունքում իրենք կդառնան երկրի ղեկավար, ոչ թե այլ ընդդիմադիր գործիչ, եթե հանկարծ այլը, ապա ավելի լավ է հիմա չլինի, որովհետեւ ինքը անորոշ ժամանակով կորցնում է իր հնարավորությունները: Իսկ առանց պատրաստ լինելու որոշակի անձնական բարեկեցության, զոհաբերության, հնարամիտ, երբեմն իռացիոնալ քայլերի, նմանատիպ երկրներում հեղափոխությունը քիչ հավանական է: Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխություններով ոգեւորված որոշ ընդդիմադիրների թվաց, որ այն իրականացրեց արեւմուտքը, եւ եթե իրենք դառնան արեւմտամետ, ապա արեւմուտքը իրենց կբերի իշխանության: Առաջին հերթին պետք է ունենալ Սահակաշվիլի կամ Տիմոշենկո, որ անսպասելի համարձակ քայլերի պատրաստ լինես, հավանական աջակցություն ունենաս: Եթե Վրաստանում միայն լիներ Ժվանիա, Բուրջանաձե, Ուկրաինայում՝ Յուշչենկոն, կարծում եմ նրանց հեղափոխությունները կձախողվեին: Այսպիսով տպավորություն ունեմ, որ Հայաստանի ընդդիմությունը այս պայմաններում մտածում է այսպես. եթե քիչ ջանքերով իշխանափոխություն չանեմ, գոնե ինչ-որ դաշինքով ապահովեմ ընդդիմադիր պատգամավոր աշխատելս: Լուրջ ընդդիմադիր ուժը ենթադրում է կամ հստակ լիդեր՝ պայմանական Սահակաշվիլի, կամ համախոհների թիմ՝ պայմանական «Ղարաբաղ» կոմիտե: Հայաստանում բացակայում է թե մեկը, թե մյուսը: Պատճառներից մեկը, կարծում եմ, բարեբախտաբար թե դժբախտաբար, Հայաստանի ոչ բռնապետական պետություն լինելն է: Եթե ռեժիմը ավելի դաժան լիներ՝ հստակ կերեւար համախմբված իրական ընդդիմությունը: Հաճախ ընդդիմադիր կեցվածքը նաեւ թանկ վաճառվելու հնարքներից մեկն է: Այսքանը թվացյալ կայունության մասին: Իրականում իրավիճակը ավելի անկանխատեսելի է, քան մակերեսում երեւացողը: Կոալիցիոն կուսակցությունները իրար նկատմամբ բացարձակ վստահություն չունեն, յուրաքանչյուրը մտածում է իր հետագա ճակատագրի մասին, խորհրդարանի վերջին նիստերը ցույց են տալիս այդ ինստիտուտի անիմաստությունը: 1998թ. իշխանափոխությունից հետո, երբ անկախ իշխանափոխության բնույթից՝ հասարակության որոշակի հատված ինչ-ինչ սպասումներ ուներ՝ ի դերեւ դարձան: Իշխանությունը բացարձակ անտեսել է ժողովրդի գործոնը, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակչության նկատմամբ զանգվածային անօրինականությունները, տարադրամի փոխարժեքի վայրիվերումները, եթե դրան գումարենք միջազգային օրեցօր ավելացող մեկուսացումը եւ Ղարաբաղի հարցի հետ կապված ճնշումները, այս ամենը ի վերջո կուտակվում է եւ կազմում որակ: Կարծում եմ, ցանկացած պահի կարող է տեղի ունենալ իշխանական ճգնաժամ, որի հանգուցալուծումը դժվար է կանխագուշակել: Այս ամենը կարող էր այդքան վտանգավոր չլինել այլ ժամանակահատվածում կամ այլ երկրի համար, եթե չունենայինք ղարաբաղյան հարց: Վիճակը առավել վտանգավոր է սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առիթով: Հեղինակային իրավունքով նշեմ, որ ժամանակին Հայաստանի ԵԽ պարտավորությունները ես բաժանել էի պայմանական երեք խմբի, որից երրորդը վերաբերում էր ազատ ընտրություններին եւ անկախ դատական իշխանությանը, ասելով, որ այս պարտավորությունները ՀՀ իշխանությունները չեն կատարի նույնիսկ ԵԽ-ից դուրս մնալու սպառնալիքի առկայության տակ: Եվ, ցավոք սրտի, այն ապացուցվում է: Վենետիկի հանձնաժողովի խիստ գնահատականը կարծես չի ազդելու իշխանության վրա, իսկ ԵԽ հնարավոր պատժամիջոցները Հայաստանի համար կարող են անկանխատեսելի լինել: Սա կբերի Հայաստանի վերջնական մեկուսացմանը՝ իր ամենածանր հետեւանքներով: Կգիտակցի՞ իշխանության մաս կազմող կուսակցությունների քաղաքական թեւը այս վտանգը: Կարծում եմ՝ այո եւ հնարավոր հանգուցալուծումը առավել հնարավոր եմ տեսնում ներիշխանական ճգնաժամի արդյունքում, իշխանափոխության մեջ ընդդիմության հնարավոր աջակցությամբ: Հնարավոր է իրականանա այլ սցենար: Սակայն մնում է ամենակարեւոր հռետորական հարցադրումը: Իսկ հետո՞: Արդյո՞ք նոր իշխանությունները կշարժվեն նույն սցենարով եւ կհայտնվենք նույն «կոտրած տաշտակի» առաջ: Թե՞ կդրսեւորեն կամք՝ իշխանությունը կորցնելու հեռանկարը աչքի առաջ ունենալով՝ իրականացնելու իրապես ժողովրդավարական բարեփոխումներ: Այս պատասխանը առայժմ ես չունեմ: ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ(Հոդվածի թեզերը ներկայացվել են «Համաձայնություն» հ/կ-ի կողմից, 2005թ. հունիսի 4-ին կազմակերպած սեմինարում):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930