ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԸ՝ ՏՈՒԺՈՂ Դատարանում ամբաստանյալի դեմ ցուցմունքներ են տվել տուժողի հարազատներն ու «գործընկերները» Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահությամբ՝ Գ. Պողոսյանի) օրեր առաջ ավարտվեց Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ Ազատ Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամանակով: Ա. Առաքելյանը 2004-ի հուլիսի 13-ից գտնվում էր ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա պաշտպանությունն իրականացնում էր Փաստաբանների միջազգային միության անդամ Վովա Հախվերդյանը: Տուժող էր ճանաչվել մարմնավաճառությամբ զբաղվող Սուսաննա Փաշոյանը: Ըստ տուժողի, «մարմնավաճառությամբ զբաղվելու ընթացքում» ծանոթացել է ամբաստանյալի հետ եւ 2003-ի ամռանից հասկացել, որ «նա այլ նպատակներ ունի, քանի որ ամեն երեկո ստիպելով իրեն ուղարկել է «աշխատանքի» եւ պահանջել օրական ամենաքիչը 50000 դրամ»: Մարմնավաճառը, ըստ քրգործի, «հոգեբանական ճնշումներից ազատվելու նպատակով» մի քանի անգամ լքել էր ամբաստանյալին եւ փախել նրանից: Ա. Առաքելյանը մեղադրվում էր նաեւ մարմնավաճառին Ծերեթելի փողոցից առեւանգելու, ինչպես նաեւ «Ճուտ» մականունով Արմեն Մկրտումյանին եւ «Տբուլ» մականունով Արթուր Խաչատրյանին դանակահարելու մեջ: Ի դեպ, մականունավորները մեկ այլ քրեական գործով գտնվում են «Նուբարաշեն» ԿՀ-ում եւ դատավարության ընթացքում մերժվեց պաշտպան Վ. Հախվերդյանի միջնորդությունը՝ նրանց դատարան հրավիրելու մասով: «Պաշտպանական կողմի մերժումը հիմք է տալիս ենթադրելու, որ դատարանը ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործով եւ խուսափում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն անցկացնելուց»,- դատարանում հայտարարել է Վ. Հախվերդյանը: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունքներ չի տվել, քանի որ չի ընդունել իրեն մեղսագրվածը: Ա. Առաքելյանին մեղսագրվել էր նաեւ այն, որ պարբերաբար ծեծի է ենթարկել մարմնավաճառ Ս. Փաշոյանին եւ մի անգամ էլ «ծաղրանքով կտրատել է վերջինիս մազերը»: Առաքելյանի պաշտպանը գտնում էր, որ չեզոք վկա այս գործով դատարանում չի եղել եւ, փաստորեն, մի կողմի վկաներն են ցուցմունքներ տվել՝ Սուսաննա Փաշոյանը, նրա ընտանիքի անդամները եւ «գործընկեր» մարմնավաճառները: Վ. Հախվերդյանը գտնում էր, որ պետք է կայացնել արդարացման դատավճիռ Ազատ Առաքելյանի նկատմամբ, քանի որ «առեւանգման դրվագում» նշվում է տաքսու վարորդ Մանվել Մուշեղյանի մասին, որին, ինչպես նաեւ գործով անցնող «Ճուտին» եւ «Տբուլին» դատական նիստի չեն հրավիրել: Ըստ տուժող մարմնավաճառի, իրեն առեւանգել էին սպիտակ գույնի «Գազ 24» մակնիշի 67ՕՕ529 պետհամարանիշի ավտոմեքենայով: Պաշտպանը իր միջնորդությամբ՝ դատակոչին ներգրավել այլ անձանց էլ, պատրաստակամություն էր հայտնել նշված անձանց ներկայությունը դատարանում ապահովելու համար իր վրա վերցնել բոլոր գործառույթները: Մեր տեղեկություններով, Ա. Առաքելյանը մտադիր է դիմել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ վիճակելու իր նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀ. Գ. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի մեջ՝ պաշտոնական փաստաթղթում պաշտոնական ձեւակերպում է ստացել «մարմնավաճառությամբ զբաղվող տուժող» փոքր- ինչ զավեշտական բառակապակցությունը: