Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բուժքույր, երկուսն էլ մի օրի

Հունիս 18,2005 00:00

Երկու բուժքույր, երկուսն էլ մի օրի Արագածավանի առողջության կենտրոնի տնօրենն անօրեն կերպով կրճատել է վաստակաշատ, բայց ոչ թոշակային տարիքի բուժքույրերի: Առաջինը՝ Ռուզաննա Ավետիսյանը, ունի 3 անչափահաս երեխա. «Մինչեւ 2004-ի վերջը աշխատում էի ամբուլատորիայում՝ որպես մանկական պատվաստումների կաբինետի բուժքույր: Այս տարվա հունվարից տնօրեն Գոռ Հովհաննիսյանը, առանց պայմանագրի եւ երկկողմ համաձայնության, ինձ երկու ամսով ուղարկել է պաշտոնապես չգրանցված հիվանդանոցային բաժանմունք՝ հերթապահ բուժքույր աշխատելու: Հունվար-փետրվար ամիսները մի կերպ կիսասառած անցկացնելուց հետո, տնօրենը հայտարարեց, որ հիվանդ չունենալու պատճառով բաժանմունքը փակվում է եւ պետք է կրճատումներ լինեն: Մի քանի օր հետո էլ փակ քվեարկությամբ կրճատեց ինձ»: Երկրորդ բողոքարկուն՝ Մարիետա Ալեքսանյանը, 28 տարի աշխատել է որպես մանկաբարձ. «Տնօրեն Հովհաննիսյանը, առանց իմ համաձայնության, մարտի 1-ից ինձ տեղափոխել է հիվանդանոցային բաժանմունք՝ հերթապահության: Հիվանդության պատճառով խնդրել եմ գործընկերներիս՝ փոխարինել ինձ: Դրա համար տնօրենի հրամանով ստացա խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով: Մարտի վերջին նրա որոշմամբ հիվանդանոցը փակվեց, իսկ ինձ էլ կրճատեցին: Ժողովի արձանագրության մեջ նշված է, որ շատերը դեմ են եղել կրճատումներին, բայց հաշվի չի առնվել»: Շարունակությունը երկու բուժքույրերի համար ընթացել է նույն սցենարով. աշխատանքի վերականգնվելու համար նրանք դիմել են Արագածավանի համայնքապետ Ա. Պապիկյանին, մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ա. Վերանյանին, մարզպետ Գ. Գյոզալյանին, առողջապահության նախարարություն, նախագահի վերահսկողական ծառայություն: Վերջինս խնդրի լուծումը հանձնարարել է մարզպետին ու «միսիան» ավարտել: Նախարարությունից եկածները կենտրոնում ժողով են արել, բանավոր կարգադրել տնօրենին՝ վերականգնել կրճատվածներին, որովհետեւ նրա հրամանները խախտել են Աշխատանքային օրենսգիրքը: Կարգադրությունները գրավոր տեսք չեն ստացել: Իսկ Գ. Հովհաննիսյանը, ինչպես նամակագիրներից մեկն է գրել, «նրանց տարավ ռեստորան՝ ճաշկերույթի», ու դրանով էլ, գոնե թե առայսօր, խնդիրը սահմանափակվել է: Նախարարությունից կրկին հանձնաժողով հրավիրելու՝ արդեն նախկին աշխատակիցների խնդրանքը դեռեւս անարձագանք է մնացել: Կրճատվածներին մնում է դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Աշխատանքի պետական տեսչության օգնությանը: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930