ՉՇԱՀԵՑԻՆ, ՉՎԱՅԵԼԵՑԻՆ, ՉԺԱՌԱՆԳԵՑԻՆ «Ընտանեկան լոտոյով» շահել են 5 տարի առաջ ուրիշին տրված բնակարանները Ազատության 21ա հասցեում տեղակայված հանրակացարանում այժմ բնակվում է «Կանազում» 25-30 տարի աշխատած եւ բնակարանային հերթում հաշվառված 6 ընտանիք, որոնց հերթը հասել եւ անցել է, բայց տուն չեն ստացել: 1997-98թթ. երբ վերսկսվեց գործարանին պատկանող Մամիկոնյանց 36/5 եւ 36/6 շենքերի կառուցումը, հանրակացարանում ապրում էր 22 անտուն ընտանիք: «Մենք լսեցինք, որ կառուցապատող «Դվին» կոնցեռնը պայմանագրով 12 բնակարան այդ շենքերից պետք է հատկացնի «Կանազին» եւ սկսեցինք պայքարել դրանցից բաժին ունենալու համար: Մեր պայքարը հասավ մինչեւ նախագահական: Պայմանները մեզ մոտ ահավոր են: Մի բլոկում՝ իրար կպած երկու, իսկ շենքի մյուս թեւում՝ 3 սենյակներից յուրաքանչյուրում ապրում է մի ընտանիք եւ օգտվում ընդհանուր զուգարանից ու խոհանոցից: Շատ անգամ մեր երեխաները չեն հասցրել լվացվել՝ նոր դասի գնալ: 13 քմ սենյակում բնակվում ենք ամենաքիչը 4 անձով: Շատերն արդեն թոռներ էլ ունեն: Այս պայմանները տեսնելուց հետո, նախագահի վերահսկողական ծառայության օգնությամբ բնակիչների մի մասին տարածքներ հատկացրին գործարանի ենթակայության տարբեր շենքերում: Հանրակացարանում մնացինք 6 ընտանիք»,- պատմեցին բնակիչները: 1999-ի մարտի 5-ին գործարանում գումարված «Կանազ» ՓԲԸ-ի խորհրդի նիստում, որին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներ, որոշվեց Մամիկոնյանց 36/6 շենքի (հայտնի «Ընտանեկան լոտոյի» շենքը) թիվ 25 եւ 26 բնակարանները վաճառել Սարգիս Ստեփանյանի եւ Գայանե Վարդանյանի ընտանիքներին՝ ցածր գնով եւ գումարի երկարատեւ մարման պայմանով: Կնքվեց համապատասխան պայմանագիր: Սակայն 2004-ի վերջին, շենքի շահագործումից հետո բնակարանատերերը սկսել են հետաքրքրվել, թե երբ պիտի տեղափոխվեն նորակառույց: «Բայց տնօրեն Ենգոյանը մեզ կամ սխալ ինֆորմացիա էր տալիս, կամ փափուկ բարձ դնում գլխներիս տակ, կամ ընդհանրապես չէր ընդունում, իսկ երկու ամիս առաջ հեռուստացույցով լսեցինք, որ մեզ տրամադրված թիվ 25 եւ 26 բնակարանները լոտոյով շահել են»: Անհանգստացած բնակիչները գնացել են շենք եւ բնակարանների վրա կախված ցուցանակից համոզվել, որ դրանք շահել են: Հաջորդ տեղեկությունը իմացել են իրենց փաստաբանից՝ այդ բնակարանները, ըստ կադաստրից ստացած գրության, Ենգոյանը վաճառել է եւ արդեն երրորդ սեփականատերերի անունով են գրանցված: Այսպիսով, նորակառույցից ոչ մի բնակարան չի հատկացվել որոշում ու պայմանագիր ունեցող օրինական տերերին: «Բնակարան ստանալուց հետո մեր սենյակները, որպես բարելավում, պետք է տրվեին հանրակացարանում մնացողներին՝ լուծելով նաեւ նրանց հարցը: Թեպետ ամբողջ այս պայքարի ընթացքում «Կանազ» ՓԲԸ-ն մեծ հնարավորություն է ունեցել լուծելու բոլորիս խնդիրը՝ իր ունեցած շենքերում տարածքներ տրամադրելով: Բայց չի արել: Իսկ մենք հետաքրքրվել ու իմացել ենք, որ «Կանազի» ուսումնական կոմբինատից մեծ տարածք է հատկացվել արհկոմի նախագահի որդուն, Ենգոյանի ազգակից Թաթուլին, երկու բնակտարածք է հատկացվել «Կանազի» հետ կապ չունեցող ընտանիքների: Գործարանի թիվ 63 մանկապարտեզի տիպային շենքը Ենգոյանը սեփականաշնորհել է ինչ-որ ազգակցի անունով: Փաստերը շատ են: Մենք պարզել ենք նաեւ, որ «Դվին» կոնցեռնը պայմանագրով նախատեսված 12 բնակարանի փոխարեն հատկացրել է 11-ը, իսկ այդ բնակարանները «Կանազը» տվել է այնպիսի մարդկանց, որոնց հարցը չի լսվել խորհրդի նիստում»,- սա քաղվածք է բնակիչների՝ օրերս նախագահի վերահսկողական ծառայություն ուղարկած գրությունից: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ թե Գայանե Վարդանյանը, թե Սարգիս եւ Ալվարդ Ստեփանյանները շարունակ ասում էին, որ «նախագահի վերահսկողականը մեզ կօգնի ստանալ մեր հասանելիքը, ինչպես օգնել է այն ժամանակ»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ