Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խճճեցին

Հունիս 18,2005 00:00

Խճճեցին 3 հարեւաններին Արհամարհելով դատարանի որոշումը՝ կադաստրը հրաժարվում է գրանցել սեփականության իրավունքը Ա. Խաչատրյան փողոցի (Արաբկիր համայնք) թիվ 7 հասցեի երեք տան բնակիչները ավելորդ քաշքշուկների մեջ են հայտնվել: Գագիկ Հովհաննիսյանը, որը դիմել է խմբագրությանը, պարտավորված է իր տան մի հատվածը քանդել, քանի որ, ըստ ներկայացված փաստաթղթերի, ժամանակին այդ հատվածի նկատմամբ կադաստրի պետական կոմիտեն չի գրանցել իր սեփականության իրավունքը: Պատկերն այսպիսին է. ժամանակին եղել է հողատարածք, հայրենադարձներին վարկ է տրամադրվել այնտեղ տուն կառուցելու համար, հետո տարածքը երկուսի միջեւ է բաժանվել: Գ. Հովհաննիսյանը նրանցից մեկի ժառանգն է: Մյուս հարեւանի տունը մի քանի սեփականատեր է ունեցել: Այժմ այն երկու տարբեր մարդկանց է պատկանում: Նույն հողատարածքի վրա գտնվող 3 տները ձեռքից ձեռք անցնելու գործարքների պետական անհաջող ձեւակերպումներից հետո հարեւաններն արդեն չեն կարողանում գլուխ հանել՝ ինչը իրավաբանորեն ում է պատկանում: Սակայն կա ընդհանուր օգտագործման 525 քառակուսի մետր հող, հողի վրա տուն, տան կողքը եւ դրա երկրորդ հարկում տարածված մեկ այլ տուն, ինչպես նաեւ այդպիսի մի երրորդ տուն: Ու ստացվել է այնպես, որ տներից մեկի տերը այն գնելուց հետո որոշել է քանդել տալ Հովհաննիսյանի տան մի մասը, որովհետեւ ապօրինի է: Մյուս հարեւանը նույնպես նման պահանջով դիմել է դատարան: Դատարանը պարզել է, որ Գ. Հովհաննիսյանի սեփականության իրավունքը կադաստրի անհիմն գործունեության պատճառով չի գրանցվել: Հետագայում անգամ դատարանն է պարտավորեցրել Կադաստրի կոմիտեին՝ գրանցել սեփականության իրավունքը, սակայն դարձյալ անարդյունք. կադաստրի կողմից առանց որեւէ պատճառաբանության գրանցումը չի կատարվել: Ինչպես նշեցինք, հողատարածքը, որի վրա գտնվում են տները, ընդհանուր օգտագործման իրավունքով են պատկանում երեք հարեւաններին: Այս մասին վկայում են մի շարք փաստաթղթեր: Սակայն այդ հողի ժառանգության իրավունքի գրանցման Հովհաննիսյանի խնդրանքը եւս, դատարանի արձանագրմամբ, դարձյալ առանց պատճառաբանության կադաստրը գրանցում չի կատարել: Արդյունքում ստեղծվել է իրար հետ «չխոսող» փաստաթղթերի մի փաթեթ, որի պատճառով Հովհաննիսյաններին պատկանող տան 27.7 քմ մի հատված ապօրինի է ճանաչվել, եւ այդ տարածքից նա վտարման ենթակա է: Սակայն քանի որ հողն ընդհանուր օգտագործման է, Հովհաննիսյանն էլ իր հերթին է դիմել դատարան՝ այդ հիմքով իր ամբողջ տարածքը օրինական ճանաչելու համար: Ուշագրավ է, որ քաղաքապետարանն էլ է ընդունում, որ հողատարածքը ընդհանուր է, որովհետեւ Հովհաննիսյանի սեփականության իրավունքի չգրանցումը հիմնավորել է «համասեփականատիրոջ կողմից համաձայնագիր ներկայացված չլինելով»: Հետաքրքիր է, որ հարեւանների սեփականության իրավունքը գրանցելիս քաղաքապետարանը նման համաձայնագրի կարիք չի ունեցել: Լ. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել