ԳՐԱՆՏԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Շատ դեպքերում ՀԿ-ների հրապարակած տվյալները «գրանտներ» կորզելու նպատակ են հետապնդում «Ծխախոտամոլությունն ավելի վտանգավոր է, քան ՁԻԱՀ-ը», «Քաղցկեղը Հայաստանում երիտասարդանում է», «ՁԻԱՀ-ը թիվ 1 հիվանդությունն է աշխարհում, որից տառապողները տարեցտարի մեր երկրում ավելանում են» եւ այլն: Սրանք ծխախոտամոլության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, քաղցկեղի եւ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարող կազմակերպությունների հայտարարություններն են, որոնք արվել են վերջին շրջանում հրավիրված մամուլի ասուլիսների ժամանակ: Այս հայտարարություններից ոչ ընթերցողը, ոչ էլ լրագրողները չեն կողմնորոշվում, թե իրականում ո՞ր հիվանդությունն է առավել վտանգավոր: Պարզապես ամեն անգամ ՀԿ-ների ներկայացուցիչները լրագրողներին հրավիրում են՝ ինչքան հնարավոր է «վախենալու» թվեր հրապարակելու եւ իրենց «առաջընթացները» ներկայացնելու համար: Հանդիպման ուրիշ պատճառ դժվար է գտնել: Սա ունի իր բացատրությունը. Հայաստանում այս կամ այն հիվանդության մահացության բարձր ցուցանիշներ արձանագրելը հրավիրում է միջազգային դոնոր կազմակերպությունների ուշադրությունը, եւ խնդրով «անհանգստացած» կազմակերպությունները հսկայական գրանտներ են ստանում նրանցից: Թե ինչպես են օգտագործվում այդ գրանտները, բացարձակ թափանցիկ չէ, լրագրողներին այդ «երկրորդական» խնդիրների վերաբերյալ տեղյակ չեն պահում: Ի դեպ, օրերս իր հայտարարության մեջ նմանատիպ մտահոգություն էր հայտնել «Հայաստանի PR ասոցիացիան»: Օրինակ, Հանրային առողջության հայկական ալյանսը (ՀԱՀԱ) առողջապահության նախարարության Հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանի հետ ամիսը 4-5 անգամ ասուլիս է հրավիրում եւ միշտ ներկայացնում նույն «առաջխաղացումները», այն է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային միանալը եւ ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին մեր օրենքի ընդունումը: Իսկ թե ինչպե՞ս են դրանք Հայաստանում կիրառվում, կազմակերպիչները ձեռնպահ են մնում որեւէ լուրջ բան պատասխանելուց: Երբ բարձր «կոնվենցիաներից» իջնում ես առօրյա կյանքի մակարդակին եւ հարցնում, թե ո՞վ պետք է ստիպի, օրինակ, երթուղային տաքսու վարորդին այլեւս չծխել, Ալյանսի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանն ասաց. «Դե, կարելի է մարդավարի խնդրել, դժվար թե չգցի սիգարետը»: Մարդավարի խնդրելու տարբերակն առանց այս կազմակերպության «առաջընթացների» էլ ընդունելի եւ կիրառելի է եղել բոլոր դարերում, ուստի թե ո՞րն է ծխախոտի դեմ պայքարող տասնյակ կազմակերպությունների առաքելությունը, դժվար է հասկանալ: Ի դեպ, ասուլիսների ու հանդիպումների ժամանակ կազմակերպիչների հրապարակած տվյալները հաճախ «իրար չեն բռնում»: Մասնավորապես ՀԱՀԱ-ի տվյալներով, «ծխելը թոքերի քաղցկեղի բոլոր դեպքերի 90%-ի պատճառն է հանդիսանում», իսկ Ազգային ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի հավաստմամբ, ծխախոտամոլությունն իհարկե նպաստում է թոքերի հիվանդությունների առաջացմանը, բայց այն միայն 4-րդ տեղում է: ՀԿ-ների եւ հիվանդությունները կանխարգելող այլ կենտրոնների վտանգավոր սովորույթներից է նաեւ անհիմն կանխատեսումներ անելը: Մասնավորապես՝ վերջին կանխատեսումներից է, որ մինչեւ 2030-ը ծխելը կդառնա յուրաքանչյուր 6-րդ մարդու մահվան պատճառը, իսկ մինչեւ 2020-ը կարձանագրվի կրծքագեղձի, թոքերի եւ արգանդի քաղցկեղով հիվանդների 15 մլն նոր դեպք: Հուսանք, որ այս «ցնցող» ցուցանիշները միայն կազմակերպությունների քաղաքականության արդյունք են եւ ոչ մի կապ չունեն իրականության հետ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ