Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի

Հունիս 18,2005 00:00

Արկադի Ղուկասյանը սպառնում է Արցախում հունիսի 19-ին անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմում է հղել ժողովրդին, ուր մասնավորապես դրական գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ ասված է. «Դրա հետ մեկտեղ՝ պետք է ափսոսանքով խոստովանեմ, որ թեկնածուներից ոմանք, մոռանալով էթիկայի տարրական նորմերը, սոսկ մեկ նպատակ են դրել իրենց առջեւ՝ ցանկացած, այդ թվում՝ անթույլատրելի միջոցներով վարկաբեկել իշխանություններին եւ նախընտրական պայքարում իրենց անմիջական մրցակիցներին, ընդ որում՝ հարկ չհամարելով ընտրողներին ներկայացնել օրինաստեղծ գործունեության իրենց ծրագիրը: Առանձնապես անհանգստություն է հարուցում այն հանգամանքը, որ նախընտրական օրերին բանը հասել է անվանարկման ու զրպարտանքի: Մասնավորապես, կեղծ լուրեր էին տարածվում, թե իբր իշխանությունների հրահանգով ճնշում է գործադրվում ընտրազանգվածի վրա, մարդկանց վախեցնում են, ընտրողներին արգելում հանդիպումներ ունենալ այս կամ այն քաղաքական կազմակերպությունից առաջադրված թեկնածուների հետ: Ամենայն պատասխանատվությամբ ձեզ հավաստիացնում եմ. այդպիսի բան չի եղել ու չի էլ կարող լինել: Այլ բան է, որ պատգամավորության որոշ թեկնածուներ, ընտրողների հետ հանդիպումների ընթացքում հասկանալով ընտրություններում իրենց հաղթանակի խնդրահարույց լինելը, փորձում էին դրա արդարացումը գտնել իշխանություններին վարկաբեկելու ճանապարհով»: ԼՂՀ նախագահը նկատել է նաեւ, որ «նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք ականատես եղանք նաեւ այնպիսի ճառերի, որոնք կարող էին հանգեցնել մեր հասարակության պառակտմանը եւ անուղղելի վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության շահերին» եւ հավելել, թե՝ «խոսքի ազատությունը վեր է ամեն ինչից: Եվ բոլոր այն անպատշաճ խոսքերը, այն ողջ էժանագին բառապաշարը, որ նախընտրական քարոզարշավին հնչեցրել են պատգամավորության առանձին թեկնածուներ ու կուսակցական ֆունկցիոներներ, թող մնան դրանց հեղինակների խղճին: Մեր ժողովուրդը վաղուց կարողանում է խոսքի թեփուկը, ամբոխավարությունը, վերացական ժխտողականությունը տարբերել կառուցողական քննադատությունից: Իհարկե, յուրաքանչյուր տեսակետ գոյության իրավունք ունի: Սակայն միայն ժողովուրդը պետք է որոշի, թե դրանցից որն է ընդունելի մեր հասարակության ու պետության համար: Եվ այդ որոշումը հունիսի 19-ին կընդունվի քվեարկության միջոցով, որը, անկասկած, կլինի ազնիվ ու թափանցիկ: Ես՝ որպես նախագահ, դա երաշխավորում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ խախտումների, ինչպես նաեւ իրավիճակի հետընտրական ապակայունացման ցանկացած փորձ, ում կողմից էլ որ այն ձեռնարկվի, կստանա արժանի գնահատական: Նրանք, ովքեր կնախաձեռնեն ու կկատարեն նման բան, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- հայտարարել է Ա. Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել