Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՌԱՆԳԱՎՈՐՆԵՐԸ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիս 18,2005 00:00

Այս տարի առաջին անգամ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանն ավարտածներին, մինչեւ ընծայարան մտնելը, կտրվի արձակուրդ, որը նրանք կանցկացնեն Հայաստանում:

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը ունի մոտ 40 սան: 25 միաբան է ծառայում Երուսաղեմի սուրբ Հակոբեաց առաքելական աթոռում՝ պահպանելով տեղի հայկական սրբավայրերը: Այդ թիվն ավելացնելու խնդիր կա եւ այս տարի ծրագրվել է վարժարան ընդունել 15-20 տղաների, որոնք կհանձնեն ուսանելու համար սահմանված քննությունները: Այդ նպատակով Հայաստան են ժամանել վարժարանի եւ ընծայարանի տեսուչ տեր Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը: «Մեր խնդիրն է պատրաստել օրինավոր, բանիմաց հոգեւորականներ, որոնք իրականացնելու են հայ ազգի համար շատ կարեւոր խնդիր՝ օտար երկրում մեր ունեցած սրբավայրերի պահպանումը, որոնք ժամանակի ընթացքում կարող ենք կորցնել, եթե տեր չկանգնենք: Եվ դա է նպատակը, որ պետք է անխափան գործեն վարժարանն ու ընծայարանը, որպեսզի ունենանք անհրաժեշտ թվով հոգեւորականներ: Վարժարանի սաները շատ որոշակի պարտավորություններ ունեն. նրանք ամբողջ օրը զբաղված են լինում: Կարգուկանոնի հանդեպ մեր վերաբերմունքը շատ խիստ է, որն էլ հաճախ տեղիք է տալիս դժգոհությունների: Ուզում եմ, որ երեխաները գան սովորելու նպատակով, իսկ մենք կապահովենք հոգեւոր եւ բարոյական կրթության խնդիրը: Այս տարի ընդունվեց օրենք, որը հնարավորություն է ընձեռում Հայաստան գալ վարժարանն ավարտելուց հետո: Պայմանները խիստ են, քանի որ օգտագործում են վիզա ստանալու մեր հնարավորությունը եւ հասնելով Երուսաղեմ՝ փախչում են վարժարանից: Ասեմ, որ այդ հարցում հետեւողական ենք եւ համագործակցում ենք տեղի իշխանությունների հետ: Վարժարանից դուրս եկողները պետք է վերադառնան Հայաստան: Լինում է նաեւ, որ չեն բավարարում մեր պահանջները եւ մենք ենք երեխային ետ ուղարկում»,- «Առավոտին» ասաց վարժարանի տեսուչը:

Մեր այն հարցին, թե արդյոք շարունակական պատերազմի մեջ գտնվող երկրում վտանգավոր չէ՞, հայր Պարետը հավաստիացրեց, որ հայ համայնքը ապրում է եկեղեցու տարածքում եւ անվտանգ է: Իսկ պատահարները կարող են Հայաստանում էլ լինել:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել