Ռումինիայի
Բայա Մարե քաղաքի «Գարբունարի» փոքր չափերի փորագրանկարների սրահում օրերս ցուցադրվեցին
կանադացի Դենիս Պելետյեի, ճապոնացի Յոշեի եւ Արթուր Հակոբյանի աշխատանքները: Հանդիպեցինք
Արթուր Հակոբյանին, որը մեզանում ոչ տարածված այս ժանրում ստեղծագործող հայ նկարիչն
է, եւ նա սիրով պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող հարցերին: – Արվեստասերների
լայն շրջանում հայտնի են միայն անցյալում այս ժանրում ստեղծագործած Էդգար Շահինի
եւ Հակոբ Կոջոյանի անունները: Ի՞նչ է, զարգացում չի՞ ապրել փորագրանկարչությունը:
Ինչպե՞ս ձեր աշխատանքները հայտնվեցին հեղինակավոր այդ սրահում: – Փորագրանկարը
ճիշտ է ներկայացնել ոչ թե ժանր, այլ գրաֆիկայի ձեւ: Այո, 19-րդ դարի վերջին, 20-րդի
սկզբին հայտնի էին Շահինի եւ Կոջոյանի, խորհրդային շրջանում՝ Մհեր Աբեղյանի, Վլադիմիր
Այվազյանի, ամերիկաբնակ Սամվել Համբարձումյանի անունները: Ի դեպ, Շահինը ժամանակին
միջազգային ճանաչում է ունեցել, արժանանալով համաշխարհային ցուցահանդեսների գլխավոր
մրցանակների: Մեր օրերում գրաֆիկայի այս ձեւը ներկայացնում են Հայկ Գրիգորյանը, Արման
Վահանյանը, Տիգրան Սահակյանը: Պարզապես նկարիչները չեն անդրադառնում փորագրանկարին:
Թեպետ ունեցել ենք, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ պրոֆեսիոնալ անցյալ, ունենք
եւ ներկա. Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսուցանվում են տպագրական գրաֆիկայի
հիմնական ձեւերը: Անցյալ տարի աշխատանքներս ներկայացրել էի Ռումինիայում հայտարարված
մրցույթին: 400 նկարիչների պայքարում իմ գործերը արժանացան երկրորդ մրցանակի: Այդ
մրցույթի երեք մրցանակակիրներս (առաջին մրցանակ՝ Դ. Պելետյե, երրորդ՝ Յոշե) հրավիրվել
էինք այս տարվա մրցույթին (թվով ութերորդ)՝ որպես ժյուրիի անդամ, եւ զուգահեռ բացվեց
մեր աշխատանքների ցուցահանդեսը: Նշեմ, որ այն կազմակերպվել էր հայտնի «Ֆլորեան մուզեում»՝
Ժամանակակից արվեստի թանգարանի կողմից: – Ինչո՞վ բացատրել գրաֆիկայի այս ձեւի
հանդեպ նկարիչների անտարբերությունը եւ ինչպե՞ս անել, որ թե՛ պրոֆեսիոնալների եւ
թե՛ արվեստասերների մեջ հետաքրքրություն առաջանա այս ձեւի հանդեպ: – Փորագրման
ձեւերը բազմազան են, աշխատատար, բնականաբար՝ պահանջում են ժամանակ: Այն կապված է
տեխնոլոգիական բարդ պրոցեսների հետ: Եվ, որ ամենակարեւորն է, մեզանում նման աշխատանքների
պահանջարկը նվազ է: Ինչքան էլ տխուր է, բայց մինչ օրս տպագրական գրաֆիկական աշխատանքների
ոչ մի ցուցադրություն չի կազմակերպվել: Նախ՝ արվեստասերների լայն շրջաններին ցուցահանդեսների
միջոցով, տեղական ուժերով գովազդենք, ավելի ճիշտ՝ հիշեցնենք փորագրանկարի մասին:
Անցկացնենք հանրապետական մրցույթներ, գտնենք միջոցներ՝ ոգեւորելու նկարիչ ուսանողներին:
– Որպես գրաֆիկայի այս ձեւի ներկայացուցիչ, միջազգային դաշտում արդեն ճանաչում
ունեցող, պատրաստվո՞ւմ եք անձամբ գործնական որեւէ առաջարկով հանդես գալ: –
Առաջիկայում կբացվի ինտերնետային էջ, որտեղ այցելուները կծանոթանան ընդհանրապես գեղարվեստի
կյանքի իրադարձություններին, մասնավորապես՝ համառոտ տեղեկություններ կստանան փորագրանկարի
մասին: Կլինեն նաեւ անդրադարձներ, ինչու չէ՝ քննադատական ելույթներ եւ այլն: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ