Լրահոս
Օրվա լրահոսը

Միջխորհրդարանական վեհաժողով է ստեղծվել

Հունիս 18,2005 00:00

Հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, Վրաստանի
խորհրդարանում ստորագրվել է եռակողմ հուշագիր Հարավային Կովկասի երկրների՝ Վրաստանի,
Հայաստանի եւ Ադրբեջանի, միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին: Վրաստանի
խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սիյա Նովրուզովի
եւ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի միջեւ ստորագրման արարողությունից
հետո տեղի ունեցած բանակցություններից հետո նրանք հիմնավորել են Հարավային Կովկասի
երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման անհրաժեշտությունը: ԱՊԱ գործակալության
վրացական կենտրոնին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն
հուշագրի ստորագրումը համարել է կարեւոր իրադարձություն: «Ես ուրախ եմ, որ ադրբեջանական
եւ հայկական կողմերը ստորագրեցին այս համաձայնագիրը, չնայած այդ պետությունների միջեւ
գոյություն ունեցող պատերազմական վիճակին: Հարկ է շեշտել, որ չնայած մեր հարեւանների
միջեւ գոյություն ունեցող հակամարտությանը, որոշ հարցերի լուծման համար մեր հարեւան
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ երկխոսություն
վարել։ Դա իր հերթին կարող է նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը»,-
ասել է Բուրջանաձեն՝ հավելելով, թե՝ նորաստեղծ կառույցը «պայմաններ կստեղծի երեք
պետությունների համար միասնական ճակատով բանակցություններ վարել Եվրոպական միության,
ՆԱՏՕ-ի եւ եվրոպական կառույցների հետ»։ «Դրանով մենք կարող ենք աշխարհի երկրներին
ցույց տալ, որ չնայած Հարավային Կովկասի երկրների միջեւ առկա հիմնախնդիրներին, մենք
կարող ենք հանդես գալ միասնական դիրքորոշմամբ»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը կարծիք է հայտնել,
թե ժամանակավրեպ է խոսել այս նոր կառույցի գործունեության մասին, երբ Հայաստանի եւ
Ադրբեջանի միջեւ գոյություն ունի ԼՂ չկարգավորված խնդիր։ Այդուհանդերձ, նա կարծիք
է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո հնարավոր է ստեղծել ինչպես քաղաքական,
այնպես էլ տնտեսական համատեղ կառուցվածքներ. «Բոլոր ոլորտներում համագործակցության
մասին հնարավոր կլինի խոսել միայն հակամարտության կարգավորումից հետո։ Մեր այսօրվա
հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հարավային Կովկասում գոյություն ունեցող
հիմնախնդիրների լուծումը կարեւոր է, առաջին հերթին Ադրբեջանի համար՝ ԼՂ հիմնախնդրի
կարգավորման իմաստով, եւ դրա լուծման որոնումներում անհրաժեշտ են համատեղ քննարկումներ»։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ խորհրդարանը
շատ բան է արել Հարավային Կովկասի երկրների միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու
գաղափարը կյանքի կոչելու համար. «Ուզում եմ նշել, որ մեր խորհրդարանները դեռ շատ
անելիքներ ունեն, որպեսզի այն, ինչ այսօր ստեղծվել է թղթի վրա, ոչ թե մնա որպես գաղափար,
այլ վերածվի կազմակերպության, որը կոնկրետ աշխատանք է իրականացնում։ Ինչ վերաբերում
է մեր տարածաշրջանում գոյություն ունեցող դժվարություններին եւ թյուրիմացություններին,
ապա վստահ եմ, որ որքան էլ դրանք դժվարին լինեն, այնուամենայնիվ, լուծելի են»։ Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել