Լրահոս
Օրվա լրահոսը

Խճճեցին 3 հարեւաններին

Հունիս 18,2005 00:00

Արհամարհելով
դատարանի որոշումը՝ կադաստրը հրաժարվում է գրանցել սեփականության իրավունքը Ա.
Խաչատրյան փողոցի (Արաբկիր համայնք) թիվ 7 հասցեի երեք տան բնակիչները ավելորդ քաշքշուկների
մեջ են հայտնվել: Գագիկ Հովհաննիսյանը, որը դիմել է խմբագրությանը, պարտավորված
է իր տան մի հատվածը քանդել, քանի որ, ըստ ներկայացված փաստաթղթերի, ժամանակին այդ
հատվածի նկատմամբ կադաստրի պետական կոմիտեն չի գրանցել իր սեփականության իրավունքը:
Պատկերն այսպիսին է. ժամանակին եղել է հողատարածք, հայրենադարձներին վարկ է տրամադրվել
այնտեղ տուն կառուցելու համար, հետո տարածքը երկուսի միջեւ է բաժանվել: Գ. Հովհաննիսյանը
նրանցից մեկի ժառանգն է: Մյուս հարեւանի տունը մի քանի սեփականատեր է ունեցել: Այժմ
այն երկու տարբեր մարդկանց է պատկանում: Նույն հողատարածքի վրա գտնվող 3 տները ձեռքից
ձեռք անցնելու գործարքների պետական անհաջող ձեւակերպումներից հետո հարեւաններն արդեն
չեն կարողանում գլուխ հանել՝ ինչը իրավաբանորեն ում է պատկանում: Սակայն կա ընդհանուր
օգտագործման 525 քառակուսի մետր հող, հողի վրա տուն, տան կողքը եւ դրա երկրորդ հարկում
տարածված մեկ այլ տուն, ինչպես նաեւ այդպիսի մի երրորդ տուն: Ու ստացվել է այնպես,
որ տներից մեկի տերը այն գնելուց հետո որոշել է քանդել տալ Հովհաննիսյանի տան մի
մասը, որովհետեւ ապօրինի է: Մյուս հարեւանը նույնպես նման պահանջով դիմել է դատարան:
Դատարանը պարզել է, որ Գ. Հովհաննիսյանի սեփականության իրավունքը կադաստրի անհիմն
գործունեության պատճառով չի գրանցվել: Հետագայում անգամ դատարանն է պարտավորեցրել
Կադաստրի կոմիտեին՝ գրանցել սեփականության իրավունքը, սակայն դարձյալ անարդյունք.
կադաստրի կողմից առանց որեւէ պատճառաբանության գրանցումը չի կատարվել: Ինչպես նշեցինք,
հողատարածքը, որի վրա գտնվում են տները, ընդհանուր օգտագործման իրավունքով են պատկանում
երեք հարեւաններին: Այս մասին վկայում են մի շարք փաստաթղթեր: Սակայն այդ հողի ժառանգության
իրավունքի գրանցման Հովհաննիսյանի խնդրանքը եւս, դատարանի արձանագրմամբ, դարձյալ
առանց պատճառաբանության կադաստրը գրանցում չի կատարել: Արդյունքում ստեղծվել է իրար
հետ «չխոսող» փաստաթղթերի մի փաթեթ, որի պատճառով Հովհաննիսյաններին պատկանող տան
27.7 քմ մի հատված ապօրինի է ճանաչվել, եւ այդ տարածքից նա վտարման ենթակա է: Սակայն
քանի որ հողն ընդհանուր օգտագործման է, Հովհաննիսյանն էլ իր հերթին է դիմել դատարան՝
այդ հիմքով իր ամբողջ տարածքը օրինական ճանաչելու համար: Ուշագրավ է, որ քաղաքապետարանն
էլ է ընդունում, որ հողատարածքը ընդհանուր է, որովհետեւ Հովհաննիսյանի սեփականության
իրավունքի չգրանցումը հիմնավորել է «համասեփականատիրոջ կողմից համաձայնագիր ներկայացված
չլինելով»: Հետաքրքիր է, որ հարեւանների սեփականության իրավունքը գրանցելիս քաղաքապետարանը
նման համաձայնագրի կարիք չի ունեցել: Լ. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել