Շատ
դեպքերում ՀԿ-ների հրապարակած տվյալները «գրանտներ» կորզելու նպատակ են հետապնդում
«Ծխախոտամոլությունն ավելի վտանգավոր է, քան ՁԻԱՀ-ը», «Քաղցկեղը Հայաստանում
երիտասարդանում է», «ՁԻԱՀ-ը թիվ 1 հիվանդությունն է աշխարհում, որից տառապողները
տարեցտարի մեր երկրում ավելանում են» եւ այլն: Սրանք ծխախոտամոլության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի,
քաղցկեղի եւ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարող կազմակերպությունների
հայտարարություններն են, որոնք արվել են վերջին շրջանում հրավիրված մամուլի ասուլիսների
ժամանակ: Այս հայտարարություններից ոչ ընթերցողը, ոչ էլ լրագրողները չեն կողմնորոշվում,
թե իրականում ո՞ր հիվանդությունն է առավել վտանգավոր: Պարզապես ամեն անգամ ՀԿ-ների
ներկայացուցիչները լրագրողներին հրավիրում են՝ ինչքան հնարավոր է «վախենալու» թվեր
հրապարակելու եւ իրենց «առաջընթացները» ներկայացնելու համար: Հանդիպման ուրիշ պատճառ
դժվար է գտնել: Սա ունի իր բացատրությունը. Հայաստանում այս կամ այն հիվանդության
մահացության բարձր ցուցանիշներ արձանագրելը հրավիրում է միջազգային դոնոր կազմակերպությունների
ուշադրությունը, եւ խնդրով «անհանգստացած» կազմակերպությունները հսկայական գրանտներ
են ստանում նրանցից: Թե ինչպես են օգտագործվում այդ գրանտները, բացարձակ թափանցիկ
չէ, լրագրողներին այդ «երկրորդական» խնդիրների վերաբերյալ տեղյակ չեն պահում: Ի դեպ,
օրերս իր հայտարարության մեջ նմանատիպ մտահոգություն էր հայտնել «Հայաստանի PR ասոցիացիան»:
Օրինակ, Հանրային առողջության հայկական ալյանսը (ՀԱՀԱ) առողջապահության նախարարության
Հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանի հետ ամիսը 4-5 անգամ ասուլիս
է հրավիրում եւ միշտ ներկայացնում նույն «առաջխաղացումները», այն է՝ Առողջապահության
համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային
միանալը եւ ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին մեր
օրենքի ընդունումը: Իսկ թե ինչպե՞ս են դրանք Հայաստանում կիրառվում, կազմակերպիչները
ձեռնպահ են մնում որեւէ լուրջ բան պատասխանելուց: Երբ բարձր «կոնվենցիաներից» իջնում
ես առօրյա կյանքի մակարդակին եւ հարցնում, թե ո՞վ պետք է ստիպի, օրինակ, երթուղային
տաքսու վարորդին այլեւս չծխել, Ալյանսի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանն
ասաց. «Դե, կարելի է մարդավարի խնդրել, դժվար թե չգցի սիգարետը»: Մարդավարի խնդրելու
տարբերակն առանց այս կազմակերպության «առաջընթացների» էլ ընդունելի եւ կիրառելի է
եղել բոլոր դարերում, ուստի թե ո՞րն է ծխախոտի դեմ պայքարող տասնյակ կազմակերպությունների
առաքելությունը, դժվար է հասկանալ: Ի դեպ, ասուլիսների ու հանդիպումների ժամանակ
կազմակերպիչների հրապարակած տվյալները հաճախ «իրար չեն բռնում»: Մասնավորապես ՀԱՀԱ-ի
տվյալներով, «ծխելը թոքերի քաղցկեղի բոլոր դեպքերի 90%-ի պատճառն է հանդիսանում»,
իսկ Ազգային ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի հավաստմամբ, ծխախոտամոլությունն
իհարկե նպաստում է թոքերի հիվանդությունների առաջացմանը, բայց այն միայն 4-րդ տեղում
է: ՀԿ-ների եւ հիվանդությունները կանխարգելող այլ կենտրոնների վտանգավոր սովորույթներից
է նաեւ անհիմն կանխատեսումներ անելը: Մասնավորապես՝ վերջին կանխատեսումներից է, որ
մինչեւ 2030-ը ծխելը կդառնա յուրաքանչյուր 6-րդ մարդու մահվան պատճառը, իսկ մինչեւ
2020-ը կարձանագրվի կրծքագեղձի, թոքերի եւ արգանդի քաղցկեղով հիվանդների 15 մլն նոր
դեպք: Հուսանք, որ այս «ցնցող» ցուցանիշները միայն կազմակերպությունների քաղաքականության
արդյունք են եւ ոչ մի կապ չունեն իրականության հետ: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ