Մնում է, որ դրանք ընդունի Եվրոպայի խորհուրդը
Այսօր Ստրասբուրգում հայ խորհրդարանականները ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ կփորձեն համոզել Վենետիկի հանձնաժողովին, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ գտնված կոալիցիոն լուծումները համապատասխանում են նույն եվրոպական չափանիշներին: Որքանով է հաջողվելու օպերացիան, կերեւա հունիսի 19-ին, երբ պարզ կդառնա՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը արտահերթ մտնելո՞ւ է ԵԽԽՎ օրակարգ, թե՞ ոչ: Այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ այս անգամ հարցը հաստատ կմտնի օրակարգ եւ կքննարկվի, որովհետեւ մեր իշխանություններն արդեն սպառել են վստահության լիմիտը: Իսկ այդ քննարկումը, ըստ պրն Քոչարյանի, միայն մի բան կտա՝ «Հայաստանին դուրս կթողնեն ԵԽ-ից կամ միջանկյալ կդադարեցնեն պատվիրակության լիազորությունները: Եվ չի կարելի թերագնահատել այն իրողությունը, որ ԵԽ-ի համբերության բաժակը լցվում է, անընդհատ առաջարկներ են արվում, իսկ դրանք անընդհատ չեն ընդունվում»:
Եթե «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ այս անգամ անհնարին է լինելու «ֆռռացնելը», ապա կոալիցիայի անդամները զարմանում են, թե ինչո՞ւ պետք է մեզ դուրս մղեն ԵԽ-ից, երբ կոալիցիան, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, խելոք-խելոք քննարկում է Վենետիկի առաջարկությունները եւ փորձում ելքեր գտնել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում բավականին հստակ շարադրեց այն, ինչ կոչվում է լուծումներ: Այսպիսով, Երեւանի քաղաքապետի ընտրովիության հարցը լուծվելու է առանձին օրենքով, Գլխավոր դատախազին նախագահի առաջարկով նշանակելու է խորհրդարանը, Արդարադատության խորհրդի նախագահին ընտրելու են խորհրդի անդամները. «Վենետիկի հանձնաժողովի պահանջը հետեւյալն է. եթե մարզային կարգավիճակ եք ընդունում Երեւանի համար, ուրեմն ամբողջությամբ ընդունեք, եթե համայնքային՝ նույնը, մենք ընդունում ենք համայնքային կարգավիճակը, եւ մնացած սցենարների դեպքում հղում կարվի օրենքին: Արդարադատության խորհրդի դեպքում եւս օրենքի խնդիր է դառնում բոլոր սցենարների հաշվարկումը: Կառավարության ձեւավորման դեպքում քննարկվել, բայց դեռ չի արձանագրվել հետեւյալը՝ երբ նախագահը երկու անգամ ներկայացնում է վարչապետին եւ կառավարությանը, իսկ ԱԺ-ն երկու անգամ էլ չի հաստատում, այդ դեպքում պարտադրանք կա, որ նախագահը կարող է ցրել ԱԺ-ն, բայց կա նաեւ պարտադրանք, որ դրանից հետո նոր ձեւավորված ԱԺ-ն կարող է հայտարարել նախագահական ընտրություններ: Սա ամենաքաղաքակիրթ ձեւերից մեկն է, որը, կարծում ենք, արդյունավետ կիրագործվի նաեւ Հայաստանում: Այս ամբողջ ընթացքում փորձ կատարվեց հարցը քաղաքականացնել, որ իբր Վենետիկը նոր առաջարկներ է անում, որ մեծամասնությունը չի ընդունում: Պիտի վերացնել այն հանգամանքը, որ որեւէ պետություն, որեւէ միջազգային խորհուրդ պարտադրանք է ներկայացնում Հայաստանին: Հայաստանը ԵԽ լիարժեք անդամ է, եւ որեւէ պարտադրանքի գործոն չկա»:
Ի տարբերություն կոալիցիայի անդամի, ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի ձեւակերպմամբ, խնդիրը շատ ավելի պարզ է՝ մենք բոլորս պատանդ ենք մեկ անձի ձեռքին. «Ռ. Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ իր համար երրորդ անգամ առաջադրվելը բացառված է, ցանկություն ունի, բայց նաեւ հասկանում է, որ դա այլեւս հնարավոր չէ: Հիմա նրա միակ հիմնական նպատակը հետեւյալն է՝ ամեն ինչ անել իրավահաջորդ նշանակելու համար այն անձին, որն իրեն ապահովության երաշխիքներ կտա: Իսկ եթե երկրի Սահմանադրությունը փոխվեց եւ դարձավ ժողովրդավարական, այդպիսի երաշխիքներ նրան ոչ ոք չի կարող եւ չի տա: Նման երաշխիքներ տալու համար պետք է ունենալ այն նույն լիազորությունները, ինչպիսիք ունի այսօր գործող նախագահը: Այստեղ կա երկուսի շահ՝ այն անձի, որը ցանկանում է երաշխիքներ ստանալ եւ այն մեկի, որը պետք է ունենա լծակներ՝ այդ երաշխիքները տալու համար: Հանուն այս մոտեցման, ե՛ւ մեր ժողովուրդը, ե՛ւ Ղարաբաղը պատանդ են այս «շահին»: Հիմա մենք բոլորս այս մոտեցման պատանդն ենք դարձել»:
Այս գնահատականը չի կիսում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա վստահ է, որ նման բան չկա. «Գիտեք ինչ, ես ժամանակին ցույց եմ տվել Աստվածաշնչի իրավաբանական մեկնաբանությունը, ըստ այդմ, հենց որ ստեղծվել է թագավորական իշխանությունը, սկզբում իրավունքն է եղել, եւ առաջին թագավորին ժողովրդի պահանջով նշանակել է դատավորը: Այդ օրվանից սկսած, թագավորական իշխանությունը միշտ էլ ձգտել է իր ձեռքում պահել եւ հոգեւոր, եւ գործադիր, եւ դատական իշխանությունը: Եվ այդ ձգտումն այսօր շարունակվում է աշխարհի բոլոր երկրներում: Բայց ձգտումն այլ բան է, իրականությունը՝ այլ: Եվրոպական արժեքները մեզ թելադրում են, որ իշխանությունը ոչ թե պետք է կենտրոնացնել մեկի ձեռքին, այլ՝ իշխանությունը պետք է հավասարակշռել»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ