Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԲՅԵԿՏԻՎ

Հունիս 17,2005 00:00

«ՕԲՅԵԿՏԻՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ» Երկու շաբաթից ավելի Երեւանում է գտնվում Տոլյատի քաղաքի Կոմսոմոլսկի շրջանի դատախազի տեղակալ Անդրեյ Ռազումովը, որը վերահսկում է հայ գործարար Ռաֆայել Շահմուրադյանի սպանության նախաքննության ընթացքը (հանցագործությունը կատարվել է այս տարվա փետրվարի 6-ին Տոլյատիում): Նրա հետ Հայաստան է եկել նաեւ նույն քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակից Սերգեյ Օլեյնիկովը: Հյուրերն իրենց առաքելությունն են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության հետ իրավական փոխօգնության համաձայնագրի շրջանակներում: Պրն Ռազումովը համաձայնեց որոշ տեղեկություններ հաղորդել «Առավոտ» թերթին: Ըստ նրա, հիմնական վարկածներից մեկն այն է, որ սպանությունը կապված է Ռաֆայել Շահմուրադյանի տնտեսական գործունեության հետ, եւ քանի որ այդ գործունեությունը ծավալվում էր հիմնականում Հայաստանում, անհրաժեշտություն ծագեց որոշ միջոցառումներ անցկացնել հենց այստեղ: Ռուսաստանցի դատախազը տեղեկացրեց, որ հարցաքննվել են սպանվածի ազգականները, «Արարատ-Լադայի» եւ «Արմենիա-Լադայի» ներկա եւ նախկին աշխատակիցներ, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Վերջինիս վերաբերյալ պրն Ռազումովն ասաց. «Որեւէ օբյեկտիվ հիմնավորում կամ ապացույց այն մասին, որ պրն Մանուկյանը որեւէ առնչություն ունի մահափորձի եւ սպանության հետ, գոյություն չունի: Մեղադրել կարելի է ում ուզես, բայց մենք՝ իրավաբաններս, կարիք ունենք փաստերի եւ ապացույցների, որոնք տվյալ դեպքում չկան: Այդ առումով պատկերը մեզ համար պարզ է»: Փոքր-ինչ մանրամասնելով այդ թեման՝ դատախազը նաեւ ավելացրեց. «Ռաֆայել Շահմուրադյանը հնարավորություն ուներ գնելու «Արարատ-Լադայի» ակցիաները մոտ երկուսուկես տարի առաջ, սակայն այն ժամանակ նա հրաժարվեց այդ գործարքից: Այնուհետեւ 2004-ին իր դեմ մահափորձից հետո նա գնեց այդ ակցիաներն ավելի թանկ գնով: Հետեւաբար, դիտել այդ գործարքը որպես սպանության մոտիվ՝ տրամաբանական չեմ համարում»: Զրույցի վերջում, չմտնելով մանրամասների մեջ, պրն Ռազումովը նշեց, որ հիմքեր ունի հուսալու, որ այդ գործը, այնուամենայնիվ, կբացահայտվի: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել