Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղելիները

Հունիս 17,2005 00:00

Համատեղելիները «Հանրապետության տնտեսությունն անշեղորեն աճում է, եւ այդ աճի ցուցանիշը համաշխարհային մասշտաբներով ամենաբարձրերից է: Մենք հույս ունենք, որ տնտեսության աճի ներկայիս տեմպերը կպահպանվեն նաեւ հետագայում: Երկրում ձեւավորվել է հրաշալի ներդրումային մթնոլորտ, եւ արտասահմանյան կապիտալը հանգիստ կարող է մուտք գործել ներքին շուկա: Վերջին 1,5 տարվա ընթացքում աղքատությունը կրճատվել է մոտ 10 տոկոսով, սակայն այդ խնդիրը մեզ դեռ խիստ մտահոգում է… »: Կարո՞ղ եք գուշակել, թե ով է այս լավ ծանոթ տեքստի հեղինակը: Սխալվում եք: Ամենեւին էլ Ռ. Քոչարյանը չէ, ու ոչ էլ անգամ՝ Վ. Օսկանյանը: Այս անուշիկ ձեւակերպումները 3 օր առաջ Սանկտ Պետերբուրգում Վլ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մենթալիտետների ինչպիսի՜ ներդաշնակություն: Հետո էլ Հայաստանում ասում են, թե հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են: Մինչդեռ ցայսօր ոչ մի այլ երկրի ներկայացուցիչ այդքան ճշգրտորեն չի կրկնել Քոչարյանին, որքան նրա հետ չհամատեղվող Ալիեւը, ինչը, ի դեպ, Հայաստանի իշխանություններին լիովին իրավունք է տալիս Ադրբեջանի նախագահի դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ՝ նպատակ ունենալով վերջինիս հարկադրել հարգել հեղինակային իրավունքները: Դառնալով այլ նմանություններին՝ նշենք, որ այդպիսիք շատ են, ու վերոհիշյալ հանդիպումը հատկապես նպաստել է դրանց բացահայտմանը: Նախ՝ Պուտինի հետ հանդիպման բուն փաստը: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սա արդեն Ալիեւ-Պուտին երրորդ հանդիպումն է: Հանգամանք, որ օրինաչափորեն կարող է հարուցել Ռ. Քոչարյանի ռազմավարական խանդը: Ապա՝ հարցերի այն շրջանակը, որը դարձել է երկու նախագահների զրույցի առարկան: Խոսքը, առաջին հերթին, բնականաբար, ղարաբաղյան հակամարտության մասին է: Այս առնչությամբ, գոնե լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինն Ալիեւին ասել է ճիշտ նույն բանը, ինչ սովորաբար ասում է Քոչարյանին, որն է՝ ՌԴ-ն շահագրգռված է այդ խնդրի լուծմամբ եւ պատրաստ է ուժերի ներածին չափով օժանդակել կարգավորման գործընթացին, եթե, իհարկե՝ կողմերն իրենք ցանկանան այդ բանը: Անասելիորեն նույնն են եղել նաեւ Ալիեւի խոսքերը: Վերջինս գոհունակություն է հայտնել երկու երկրների բազմակողմ համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ՝ իհարկե հավելելով, որ իրականում համագործակցության պոտենցիան շատ ավելին է, քան փաստացի իրացվում է: Եվ մի շատ էական նմանության մասին եւս՝ Իլհամ Ալիեւը, ինչպես եւ Քոչարյանը, չի վախենում գունավոր հեղափոխությունից: Համենայնդեպս, նա այդ մասին ասել է ուկրաինական «Հինգերորդ ալիք» հ/ը-ին տված հարցազրույցում՝ նշելով, թե իր վարկանիշն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում՝ 77 տոկոս: Փաստորեն, լավ էլ համատեղելի են: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930