«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՕՐԵՆՔ Է, ՔԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ» ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հաղորդումը իր եւ խորհրդարանի երկամյա գործունեության մասին: Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին լրանալու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հունիսի 14-ին հանդիպեց լրագրողների հետ: Խորհրդարանի նախագահը իր երկամյա գործունեության ամփոփումը այսպես ներկայացրեց. – Երրորդ գումարման Ազգային ժողովը գումարել է 5 հերթական եւ 5 արտահերթ նստաշրջան, այս ընթացքում ընդունվել են շուրջ 406 օրենքներ, որոնցից 85՝ մայր օրենքներ եւ 321 փոփոխություններ՝ գործող օրենքներում: Այս երկու տարվա ընթացքում ԱԺ վավերացել է 150 միջազգային համաձայնագրեր: Հարկ է նշել, որ բավականին դժվարին այս երկու տարիներին ԱԺ կատարել է ծավալուն օրենսդրական աշխատանք եւ ընդունված նոր օրենքները եկել են լրացնելու այն բացը, որ մենք ունեինք մեր օրենսդրության մեջ: Երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել 257 հանդիպումներ միջազգային ու հասարակական կազմակերպությունների, դիվանագետների հետ, ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունների 12 այցեր, 9 երկրների խորհրդարանների նախագահներ այցելել են պաշտոնական այցով ՀՀ՝ այս թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք բավականին ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտությունը, միջխորհրդարանական կապերը դարձնել ավելի գործուն ու արդյունավետ: Միջխորհրդարանական կապերի ակտիվացումը միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունի կարեւոր նշանակություն, որովհետեւ այսօր սրընթաց զարգացող աշխարհում չափազանց կարեւոր է խորհրդարանական ակտիվ դիվանագիտությունը: ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ անդամակցում է ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Միջխորհրդարանական միությանը, ԱՊՀ ՄԽՎ-ին, ՍԾՏՀ ԽՎ-ին, ՆԱՏՕ-ի ԽՎ-ին, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ին, շուտով ասոցիացված անդամի կարգավիճակ կունենա Արեւմտաեվրոպական միության ԽՎ-ում: Մենք պետք է կարողանանք այդ բոլոր կառույցներում ակտիվ աշխատանքով նպաստել Հայաստանին առնչվող հարցերի բարենպաստ զարգացումներին, մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Ակնհայտ է, որ աշխարհի մայրաքաղաքներում նստած՝ Հայաստանի խնդիրներով չէ, որ մտահոգ են. մենք պիտի լինենք նախաձեռնող՝ մեր երկրին ու ժողովրդին հուզող խնդիրները բարձրացնելու ու լուծելու համար: Այս երկու տարվա ընթացքում ես ստացել եմ ավելի քան 21000 նամակ-դիմում, որը նույնպես աննախադեպ մեծ թիվ է՝ համեմատած նախորդ գումարումների հետ: Բոլոր այդ դիմումներին ու նամակներին տրվել են պատասխաններ, բոլոր դիմումներով զբաղվել են. այն հարցերը, որոնք հնարավոր է եղել, լուծել ենք, այն հարցերը, որոնք կապված են եղել օրենքներում ինչ-որ փոփոխություններ կատարելու հետ, կատարել ենք, նաեւ անձնական խնդիրներն ենք սահմանված կարգով ուսումնասիրել եւ ընթացք տվել: Երկու տարվա ընթացքում ես ունեցել եմ 34 հանդիպումներ հանրապետության մարզերում, գյուղական ու քաղաքային բնակավայրերում, 21 հանդիպումներ Երեւանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում ու ակադեմիական համակարգի ինստիտուտներում, բուհերում ու դպրոցներում, ստեղծագործական միություններում, ձեռնարկություններում: Բոլոր այդ հանդիպումների ժամանակ ղեկավարների ու կոլեկտիվների հետ քննարկվել են իրենց աշխատանքին վերաբերող օրենսդրական խնդիրները, բարձրացվել են ու հնարավորության սահմաններում լուծվել են կոնկրետ հարցեր: Այս ընթացքում մենք փորձել ենք խորհրդարանը դարձնել առավել բաց ու հրապարակային՝ իր գործունեության մեջ: Այսօր խորհրդարան են այցելում դպրոցների աշակերտներ, ուսանողներ, բժիշկներ, վետերաններ, հաշմանդամներ, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ ամբողջ հանրապետությունից: Երկու տարում 20 հանդիպումներ են եղել լրագրողների համար, առաջին անգամ՝ ԱԺ նիստում ես հանդես եկա տարեկան հաղորդմամբ Ազգային ժողովի գործունեության մասին: Այս տարի նույնպես պատգամավորներին կներկայացվի անցած մեկ տարվա գործունեությունը: Երրորդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ ստեղծվեցին ԱԺ նախագահին կից խորհուրդներ, որոնք աշխատում են տարբեր սոցիալական հիմնախնդիրներով մտահոգ հանրության ու հասարակական կազմակերպությունների հետ: Այդ խորհուրդների օգնությամբ կարողացանք լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք հուզում են մեր ժողովրդին եւ արդեն իսկ ունենք թե հասարակության եւ թե միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականները խորհուրդների գործունեությանը: Իհարկե, շատ լավ կլիներ՝ ընդդիմությունը լիարժեքորեն մասնակցեր խորհրդարանի գործունեությանը, որը, բնականաբար, մեր օրենսդրական գործընթացը կդարձներ առավել արդյունավետ: Բայց կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները, որպեսզի խորհրդարանի աշխատանքներին առավել արդյունավետ մասնակցեն բոլոր խմբերն ու խմբակցությունները: «Երկիր մեդիա». Հովհաննես Շողիկյան – Պարոն Բաղդասարյան, թուրք պատգամավորի հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել հայ եւ թուրք երիտասարդների խորհրդարանների հովանու ներքո հայ եւ թուրք երիտասարդների կապերի ստեղծման մասին: Ու՞մ նախաձեռնությունն է դա: Եվ երկրորդ հարցը՝ ինչո՞վ է պայմանավորված «Զամանի» հրապարակման հետ կապված հերքման ուշացումը: – Նախ՝ թուրքական պատվիրակության հետ տեղի ունեցած ամբողջ հանդիպումը ձայնագրված է: Երկրորդը՝ ես մի մարդ եմ, որ բոլոր այցերի ժամանակ անպայման հանդիպում է սփյուռքի մեր հայրենակիցների հետ, այն սփյուռքի, որը մեծ դեր ունի Հայաստան երկրի հզորացման մեջ եւ առաջիկայում ավելի լուրջ դերակատարում պիտի ունենա: Նման կարգի անիմաստ լուրեր մեկնաբանելու ոչ մի ցանկություն չունեմ, որովհետեւ դա պարզ հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը: Մի առիթով ասել եմ՝ մի բանավիճեք հիմարի հետ, որովհետեւ մարդիկ կարող են չնկատել ձեր տարբերությունը: Ինչ վերաբերում է խորհրդարանների հովանու ներքո երիտասարդների շփումներին, ապա դա եղել է ուղղակի զրույց, որ հայ եւ թուրք երիտասարդները հանդիպեն միմյանց հետ, կարող են այդ հանդիպումները լինել նաեւ ԱԺ-ում եւ այլուր: Ես անձամբ կաջակցեմ նման հանդիպմանը, եթե դա տեղի ունենա, որովհետեւ գտնում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում կան բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, բազմաթիվ պրոբլեմներ եւ այդ պրոբլեմները մենք պետք է լուծենք, այլ ոչ թե կռվենք այդ պրոբլեմների հետ: Ըստ էության, շատ լավ է, որ նաեւ այդ թուրք պատգամավորը հանդիպում էր ունեցել ողջ քաղաքական դաշտի հետ, քննարկել էր բազում խնդիրներ: Կարծում եմ, որ մենք պետք է Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նորմալացնելու ճանապարհով գնանք՝ իհարկե, ոչ հայ ժողովրդի ազգային արժանապատվության հաշվին: Ինչ վերաբերում է սփյուռքին, ես հարց տվեցի Թուրհան Չյոմեզին՝ թե երբ եւ ինչու գոյացավ 7 միլիոնանոց հայկական սփյուռքը, նա ուղղակի չպատասխանեց իմ հարցին: Այնպես որ՝ ամեն մեկը կարող է իր ուզած տեսանկյունով մեկնաբանություններ տալ, բայց ես կարծում եմ, որ բոլորն էլ, այդ թվում՝ ձեր հեռուստաընկերությունը, քաջատեղյակ են իմ հստակ դիրքորոշումներին խնդրո առարկայի առնչությամբ: «Երրորդ ուժ». Լիլի Մարտոյան – Աշխարհաքաղաքական զարգացումները տանում են նրան, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ կամ դեպի արեւմուտք, կամ դեպի Ռուսաստան: Հատկապես, երբ Վլադիմիր Պուտինն է ասում, որ ԱՊՀ նախագահների վերջին գագաթաժողովում ինքը դնելու է ԱՊՀ հարցը: Այսինքն՝ ծագում է կողմնորոշման խնդիրը: Ի վերջո՝ դեպի ուր է գնում Հայաստանը եւ առաջիկա ընտրությունների հետ կապված, եւ սահմանադրության հանրաքվեի՝ դա կարո՞ղ է դառնալ այն լուրջ ազդակը, որը կծնի հեղափոխական իրավիճակ, որին այդքան սպասում ենք: – Ես իմ հստակ դիրքորոշումը արտահայտել եմ՝ Հայաստանի ապագան ես տեսնում եմ եվրոպական մեծ ընտանիքում եւ մենք պետք է հետեւողական լինենք եվրաինտեգրման ճանապարհին, եթե ուզում ենք ապրել բաց, ազատ, քաղաքակիրթ հասարակությունում: Բայց սա ամենեւին չի նշանակում, թե մենք պետք է ունենանք վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է: Այսօր ՌԴ տարածքում ապրում են 2,5 միլիոն հայեր, եւ այսօր խոսելով արեւմտյան արժեքների հետեւողական ներդրման, եվրոպական ինտեգրման խորացման, Եվրաատլանտյան համագործակցության զարգացման, Եվրամիություն-Հայաստան համագործակցության ակտիվացման մասին, ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է ճամբարավորենք մեր հարաբերությունները, այսինքն՝ ամեն ինչ պիտի բաժանենք սեւ ու սպիտակի, ինչպես այսօր Հայաստանում, ցավոք, շատ հաճախ ընդունված է: Հայաստանը պետք է վարի հավասարակշռված, նպատակաուղղված արտաքին քաղաքականություն, որի հիմքում իր երկրի եւ ժողովրդի ազգային, պետական շահերն են: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի վերակառուցմանը, ապա դա անհրաժեշտություն է: Ինչ վերաբերում է տեղական ընտրություններին, ապա հենց այդ ընտրությունների հետ կապված ես հանդես եմ եկել հստակ հասարակական նախաձեռնությամբ. եթե մենք ուզում ենք գնալ առաջ, ապա պետք է կարողանանք ՏԻՄ ընտրությունները կազմակերպել բաց, արդար, թափանցիկ սկզբունքներով: Պետք է ձերբակալել բոլոր ընտրակաշառք բաժանողներին: Պետք է խստացնել պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ: Մի քանի հազար ձայնով ձեւավորված որեւէ մակարդակի իշխանությունը ժողովրդի համար լավ բան անել ի զորու չէ: Սա է մեր դիրքորոշումը: Սահմանադրության հետ կապված կա երեք սկզբունքային խնդիր՝ իշխանությունների տարանջատում, դատական համակարգի անկախություն եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ: Իմ դիրքորոշումը ես հստակ արտահայտել եմ՝ մենք պետք է գնանք ամբողջական բարեփոխումներ անելու ճանապարհով: Եթե երկրի Հիմնական օրենքի մակարդակով իշխանությանը տրվում են չափազանց լայն լիազորություններ՝ լավ բան անելու հիմնավորմամբ, չպետք է բացառենք, որ այդ գերլիազորությունները կարող են օգտագործվել նաեւ վատ նպատակներով: Դրա համար շատ կարեւոր է իշխանության թեւերի իրական հավասարակշռությունը, շատ կարեւոր է դատական համակարգի լիակատար անկախությունը: Գիտեք, որ այսօր ամբողջ ժողովուրդն է դժգոհ դատական համակարգից: Մենք պետք է կարողանանք իրոք ստեղծել անկախ, օրենքով պաշտպանված դատական համակարգ, նաեւ՝ իշխանության իրական ապակենտրոնացման ճանապարհով ընտրովի մեխանիզմներով օժտված համայնքներ: Սա է մեր մոտեցումը եւ կարծում եմ, որ մենք այս ճանապարհով էլ գնալու ենք: Եթե հիշում եք՝ երբ Ընտրական օրենսգիրքը մի տարի առաջ դրեցինք շրջանառության մեջ, ուղղակի ջախջախվեց միջազգային հանրության կողմից, բայց հիմա, երբ մենք ընդունել ենք նոր ԸՕ, գնահատականները բավականին լավն են: Նույնը վերաբերում է նաեւ Սահմանադրությանը: Սահմանադրական փոփոխությունները գործընթաց են, մեկ օրում, մեկ ժամում երկրի Հիմնական օրենքում հնարավոր չէ կատարել ամբողջական փոփոխություններ: Պետք է աշխատենք կարծիքների համադրումով, կարծիքների բախումով, քննարկումներ ծավալելով հասնենք այն արդյունքներին, որը մեզնից ակնկալում են: Նախեւառաջ՝ մեր ժողովուրդը, ապա՝ միջազգային հանրությունը: «Հայկական ժամանակ». Նաիրա Զոհրաբյան – Պարոն Բաղդասարյան, այս արտահերթում ըստ ամենայնի, ընդգրկվելու է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը: Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ բացի խմբագրական փոփոխություններից, այլ փոփոխություններ չեն կատարվելու: Տվյալ դեպքում՝ ինչպե՞ս է լինելու ՕԵԿ-ի քվեարկությունը այդ օրենքին: Որպես ԱԺ նախագահ՝ Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ Հայաստանը ընդունելու է Վենետիկի հանձնաժողովի անվերապահորեն բոլոր երեք դիտողությունները եւ մինչեւ ամսի 20-ը ուղարկվելիք փաթեթը պատճառ չի դառնա այդ հանձնաժողովի հերթական հիասթափության համար: – Ես եղել եւ մնում եմ այն համոզմանը, որ Հայաստանում պետավտոտեսչության համակարգում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ: Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, ապա եթե կընդունվեն ՕԵԿ խմբակցության առաջարկությունները, ապա կողմ կքվեարկվենք, եթե չեն ընդունվի այդ առաջարկությունները, դիրքորոշումը կմնա անփոփոխ: Ես անընդունելի եմ համարում խնդիրների անձնավորումը, անձնական հարցեր չունեմ, դա սկզբունքային, քաղաքական դիրքորոշում է: Եվ այն մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, նրանք խոսում են ոչ թե իմ դեմ, այլ խոսում են բարեփոխումների դեմ: Բարեփոխումների անխուսափելիությունը երաշխավորված է, որովհետեւ աշխարհում ոչ մի տեղ նման համակարգ չի գործում: Ես կարծում եմ, որ մենք համակարգային բարեփոխումները պետք է ամբողջությամբ փորձենք իրականացնել: Ցավոք, կան մարդիկ, որ ավելի շատ իշխանությունն են սիրում, քան երկիրը: Մենք պիտի սիրենք երկիրը, որովհետեւ ինձ համար, կոնկրետ, ժողովրդավարությունը ավելի շատ օրենք է, քան բացառություն: Այս առումով՝ երկրի Հիմնական օրենքի մակարդակով նման շռայլ բացառություններ անելու անհրաժեշտությունը ես համարում եմ չհիմնավորված եւ կարծում եմ, որ մենք պիտի գնանք իրոք սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու ճանապարհով: Եվ համոզված եմ, որ այդ առաջարկությունների գերակշիռ մասը պիտի կատարվի, ես չեմ կարող պատասխանել մնացած երեք կողմերի փոխարեն: Որովհետեւ այսօր Հայաստանում իշխանությունը 4 կողմ ունի՝ հանրապետության նախագահը, երեք կուսակցությունները, ես կարող եմ խոսել այն քաղաքական ուժի անունից, որը այսօր թվով երկրորդն է Ազգային ժողովում, այո, մենք պնդում ենք բարեփոխումները մինչեւ վերջ տանելու քաղաքականությունը, պնդել ենք, շարունակում ենք պնդել եւ համոզված եմ, որ այդ բարեփոխումները ի վերջո կատարելու ենք, որովհետեւ բոլորը՝ եւ հասարակությունը, եւ ժողովուրդը, եւ միջազգային հանրությունը, այդ բարեփոխումները մեզնից սպասում են: Ես ուզում եմ ձեզ ասել, որ բավականին դրական փոփոխություններ մենք արդեն արել ենք: Առաջին ընթերցմամբ ընդունված տեքստը եւ այն տեքստը, որ մենք դրել ենք շրջանառության մեջ, մեծ տարբերություն կա եւ դա նաեւ նշել է Վենետիկի հանձնաժողովը: Կարծում եմ, որ մինչեւ ամսի 20-ը մենք կուղարկենք վերափոխված նախագիծ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: «Հայկական ժամանակ». Նաիրա Զոհրաբյան – Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունները ի՞նչ ենք անելու: Տիգրան Թորոսյանի նախընթաց ասուլիսից մենք չզգացինք, որ Հայաստանը կողմ է լինելու Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկություններին… – Այդ մասին մենք կարող ենք խոսել մի քանի օրից: Չեմ կարծում, որ Տիգրան Թորոսյանը կամ ինչ-որ մեկը այդ առաջարկություններին դեմ է: Ուղղակի մենք քննարկումների բավականին դժվարին գործընթացում ենք: Չեմ ուզում այսօր անել հայտարարություններ, որ կարող են այդ գործընթացին խանգարել: Այդ բարեփոխումները չափազանց կարեւոր են: Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման կարեւորության ու անհրաժեշտության մասին, պետք է գիտակցեն, որ դա մենք պետք է սկսենք երկրի Հիմնական օրենքից: (Տպագրվում է որոշ կրճատումներով, ամբողջական տեքստը ՀՀ ԱԺ սայթում՝ www.parliament.am հասցեով): R