Լրահոս
Օրվա լրահոսը

«Չտոնելն ավելի վատ է»

Հունիս 17,2005 00:00

Հոգեւորականն
ու գրականագետը՝ 1700 եւ 1600-ամյակների մասին Հայերը տոնասեր ժողովուրդ են,
սակայն տոները մեզանում կարծես համընդհանուր տոնակատարությունների չեն վերաճում:
Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի միջոցառումների առիթով «Առավոտը» որոշեց հոգեւոր
եւ աշխարհիկ այրերից պարզել՝ իրե՞նք էլ նման կարծիքի են հայոց տոների «մատուցման»
մասին: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ եպիսկոպոս
Կճոյանը ասաց, որ հոբելյաններն ու տոները հայ ժողովրդի կյանքում մեծ նշանակություն
ունեն. «Այո՛ մենք տոնում ենք դրանք, սակայն այդ տոների խորհուրդը չի ներթափանցում
մեր մեջ եւ ներգործուն չի դառնում, որպեսզի դրանով առաջնորդվենք: Տոնը զուտ տոն է
մնում եւ կենդանի հաղորդակցություն այսօրվա կյանքի հետ չի ունենում: Մի խոսքով՝ թերի
է մնում: Իսկ հաղորդակից լինել՝ նշանակում է տոնով ապրել, տոնի խորհրդով առաջնորդվել»:
Ըստ սրբազանի՝ ե՛ւ Քրիստոնեության ընդունման 1700, ե՛ւ Գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակներին
նվիրված միջոցառումները շաղախված չեն եղել այսօրվա մարդու հոգեւոր եւ մտավոր աշխարհին:
Բայց մյուս կողմից, ըստ սրբազանի, «չտոնելն էլ ավելի վատ է»: Նավասարդ եպիսկոպոս
Կճոյանը համաձայնեց մտավորականների շրջանում տարածված այն մտայնության հետ, որ մենք
քրիստոնեության 1700-ամյակը եւս ըստ արժանվույն չներկայացրինք աշխարհին, հիմա այդ
ամենը գիտակցելով՝ «չխրատվեցինք ու նույնը շարունակում ենք իրագործել այսօր՝ նաեւ
Գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակի տոնակատարությունների պարագայում»: Արարատյան
հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի կարծիքով, հոբելյաններն արտասահմանցիներին
ներկայացնելու համար միջազգային գիտաժողովներ են անցկացվում, որոնց մասնակցում են
նաեւ արտերկրից ժամանած գիտնականներ. «Սակայն այդ գիտաժողովում հնչած զեկույցները
միայն կարդացողի ու ներկա ունկնդիրների համար են, բայց ոչ՝ ժողովրդի: Ժողովուրդն
իրականում անհաղորդ է այդ ամենին: Պետք է այնպես անել, որ զեկուցում-միջոցառումները
գիտականից դառնան հանրամատչելի, նույնիսկ կենցաղային»: Գրականագետ Դավիթ Գասպարյանը
եւս դժգոհ է համահայկական տոնակատարությունների անցկացումից: Բայց հույսով սպասում
է՝ միգուցե պետական բարձր մակարդակով կազմակերպվելիք միջոցառումներն այս անգամ տեղը
տեղին կազմակերպվեն: «Սրանք այնպիսի միջոցառումներ են, որոնք պետք է համաշխարհային
մասշտաբով արվեն: Սրանք նաեւ մեր ազգն աշխարհին ներկայացնելու լավագույն առիթն են»,-
ասաց նա: Դ. Գասպարյանը փաստեց. «Ինչո՞վ ենք այսօր ներկայանում աշխարհին, եթե տնտեսություն
չունենք, մեր գիտությունը անկման մեջ է, ժողովուրդը՝ արտագաղթի: Շուրջ բոլորը խեղճ
ու կրակություն է, ամենուրեք միայն եղեռնից ու գաղթից ենք խոսում: Ախր աշխարհին կարող
ենք ներկայանալ նաեւ մեր գրական-մշակութային, հոգեւոր արժեքներով: Այնպես որ, պարտավոր
ենք շքեղ նշել Գրերի գյուտի 1600-ամյակը, որ աշխարհի ամեն ծայրում ապրող յուրաքանչյուր
հայի մեջ Մաշտոցն ապրի, որ գրագիտությունը դառնա չափանիշ: Թե չէ հիմա ոչ հայեցի խոսք
է հնչում անգամ եթերից»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել