Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոր վրդովմունքով կարդացինք»

Հունիս 17,2005 00:00

Ինչպես են բողոքում եւ արձագանքում «Առավոտի» իրավական բաժնի ընթերցողները

Ուղիղ մեկ շաբաթ էր՝ «Առավոտի» լույսը բացվում էր Էջմիածնի մի բնակչուհու չափազանց բարձրաձայն բողոքներով եւ սպառնալից գրություններով: Տողերիս հեղինակը, նրա կարծիքով, «ապօրինի կերպով մուտք էր գործել դատարան» եւ լուսաբանել էր դատական հերթական դռնբաց նիստերից մեկը:

Նույնքան դժգոհ էր մեզնից Արագածոտնի բնակիչ Ս. Հովհաննիսյանը, քանի որ մերժել էինք տպագրել նրա դիմում-բողոքը, որում անհարգալից արտահայտություններ եւ վիրավորանքներ կային մի բուժհիմնարկի աշխատակիցների հասցեին, որտեղ նա բուժվել էր: Հավանաբար, նա ցանկանում էր «բուժվել» հենց մեր թերթի հրապարակման միջոցով եւ սպառնում էր հոդված չտպագրելու դեպքում «Առավոտից» բողոքել Ստրասբուրգի դատարանին: Իրավական բաժնին բողոքողներն ունեն եւս մի ընդհանուր «հիվանդություն». «Դե, որ չեք տպում, թղթերս հետ տվեք»՝ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք «Առավոտ» էին բերվել 4-5 ամիս առաջ: «Թղթակցությունները չեն գրախոսվում եւ հեղինակներին չեն վերադարձվում»,- այս հղումը զայրացնում է մեր նամակագիրներին:

Հունիսի 1-15-ը «Առավոտի» իրավական բաժնի ստացած 17 նամակներից 7-ում հեղինակները պահանջում են պատժել լրագրողներին՝ «ինֆորմացիոն աղբյուրը» իրենց չտրամադրելու համար: Սովորաբար նման նամակագիրները չեն վիճարկում մեր տպագրած լուրի իսկությունը, նրանց ավելի շատ հետաքրքրում է՝ «այդ ո՞վ է ձեզ ասել»: Եվ խնդիրը դրվում է այսպես՝ «աղբյուրի հերն անիծել»:

«Խոր վրդովմունքով եւ հիասթափությամբ կարդացինք» տողով սկսվող հերթական նամակներից մեկում բանգլադեշցի (խոսքը ոչ թե պետության մասին է, այլ Երեւանի թաղամասի) Պողոս Սարգսյանը գտնում է, որ իր հարեւանի հետ ունեցած վեճը «27-ի» գործից էլ ուշագրավ է եւ արժանի է անհապաղ ու մանրամասն լուսաբանման:

Բողոքների մեծ մասը պետական ապարատից եւ իրավապահ կառույցներից է: Այնտեղից էլ, բնականաբար, ստանում ենք գրավոր եւ բանավոր արձագանքներ: Դատավորներն ու դատախազները, քննիչներն ու դատաբժիշկները մեր լավագույն «ընթերցողներն» են եւ հետեւաբար՝ արձագանքողները: Սակայն այդ առումով առաջին տեղում ոստիկաններն են: Վերջին դեպքում արձագանքը սովորաբար գալիս է խորտկարանից հնչեցրած մի քանի հարկանոց հայհոյանքի տեսքով: Հարկերի քանակը ուղիղ համեմատական է ոստիկանի ուսադիրների աստղերի թվին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել