«ՕԲՅԵԿՏԻՎ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ» Երկու շաբաթից ավելի Երեւանում է գտնվում
Տոլյատի քաղաքի Կոմսոմոլսկի շրջանի դատախազի տեղակալ Անդրեյ Ռազումովը, որը վերահսկում
է հայ գործարար Ռաֆայել Շահմուրադյանի սպանության նախաքննության ընթացքը (հանցագործությունը
կատարվել է այս տարվա փետրվարի 6-ին Տոլյատիում): Նրա հետ Հայաստան է եկել նաեւ նույն
քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակից Սերգեյ Օլեյնիկովը: Հյուրերն
իրենց առաքելությունն են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության հետ իրավական փոխօգնության
համաձայնագրի շրջանակներում: Պրն Ռազումովը համաձայնեց որոշ տեղեկություններ
հաղորդել «Առավոտ» թերթին: Ըստ նրա, հիմնական վարկածներից մեկն այն է, որ սպանությունը
կապված է Ռաֆայել Շահմուրադյանի տնտեսական գործունեության հետ, եւ քանի որ այդ գործունեությունը
ծավալվում էր հիմնականում Հայաստանում, անհրաժեշտություն ծագեց որոշ միջոցառումներ
անցկացնել հենց այստեղ: Ռուսաստանցի դատախազը տեղեկացրեց, որ հարցաքննվել են սպանվածի
ազգականները, «Արարատ-Լադայի» եւ «Արմենիա-Լադայի» ներկա եւ նախկին աշխատակիցներ,
ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Վերջինիս վերաբերյալ
պրն Ռազումովն ասաց. «Որեւէ օբյեկտիվ հիմնավորում կամ ապացույց այն մասին, որ պրն
Մանուկյանը որեւէ առնչություն ունի մահափորձի եւ սպանության հետ, գոյություն չունի:
Մեղադրել կարելի է ում ուզես, բայց մենք՝ իրավաբաններս, կարիք ունենք փաստերի եւ
ապացույցների, որոնք տվյալ դեպքում չկան: Այդ առումով պատկերը մեզ համար պարզ է»:
Փոքր-ինչ մանրամասնելով այդ թեման՝ դատախազը նաեւ ավելացրեց. «Ռաֆայել Շահմուրադյանը
հնարավորություն ուներ գնելու «Արարատ-Լադայի» ակցիաները մոտ երկուսուկես տարի առաջ,
սակայն այն ժամանակ նա հրաժարվեց այդ գործարքից: Այնուհետեւ 2004-ին իր դեմ մահափորձից
հետո նա գնեց այդ ակցիաներն ավելի թանկ գնով: Հետեւաբար, դիտել այդ գործարքը որպես
սպանության մոտիվ՝ տրամաբանական չեմ համարում»: Զրույցի վերջում, չմտնելով
մանրամասների մեջ, պրն Ռազումովը նշեց, որ հիմքեր ունի հուսալու, որ այդ գործը, այնուամենայնիվ,
կբացահայտվի: Սեփ. լր.