Համատեղելիները
«Հանրապետության տնտեսությունն անշեղորեն աճում է, եւ այդ աճի
ցուցանիշը համաշխարհային մասշտաբներով ամենաբարձրերից է: Մենք հույս ունենք, որ տնտեսության
աճի ներկայիս տեմպերը կպահպանվեն նաեւ հետագայում: Երկրում ձեւավորվել է հրաշալի
ներդրումային մթնոլորտ, եւ արտասահմանյան կապիտալը հանգիստ կարող է մուտք գործել
ներքին շուկա: Վերջին 1,5 տարվա ընթացքում աղքատությունը կրճատվել է մոտ 10 տոկոսով,
սակայն այդ խնդիրը մեզ դեռ խիստ մտահոգում է… »: Կարո՞ղ եք գուշակել, թե ով է այս
լավ ծանոթ տեքստի հեղինակը: Սխալվում եք: Ամենեւին էլ Ռ. Քոչարյանը չէ, ու ոչ էլ
անգամ՝ Վ. Օսկանյանը: Այս անուշիկ ձեւակերպումները 3 օր առաջ Սանկտ Պետերբուրգում
Վլ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մենթալիտետների
ինչպիսի՜ ներդաշնակություն: Հետո էլ Հայաստանում ասում են, թե հայերն ու ադրբեջանցիներն
անհամատեղելի են: Մինչդեռ ցայսօր ոչ մի այլ երկրի ներկայացուցիչ այդքան ճշգրտորեն
չի կրկնել Քոչարյանին, որքան նրա հետ չհամատեղվող Ալիեւը, ինչը, ի դեպ, Հայաստանի
իշխանություններին լիովին իրավունք է տալիս Ադրբեջանի նախագահի դեմ հայց ներկայացնել
միջազգային արբիտրաժ՝ նպատակ ունենալով վերջինիս հարկադրել հարգել հեղինակային իրավունքները:
Դառնալով այլ նմանություններին՝ նշենք, որ այդպիսիք շատ են, ու վերոհիշյալ
հանդիպումը հատկապես նպաստել է դրանց բացահայտմանը: Նախ՝ Պուտինի հետ հանդիպման բուն
փաստը: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սա արդեն Ալիեւ-Պուտին երրորդ հանդիպումն
է: Հանգամանք, որ օրինաչափորեն կարող է հարուցել Ռ. Քոչարյանի ռազմավարական խանդը:
Ապա՝ հարցերի այն շրջանակը, որը դարձել է երկու նախագահների զրույցի առարկան: Խոսքը,
առաջին հերթին, բնականաբար, ղարաբաղյան հակամարտության մասին է: Այս առնչությամբ,
գոնե լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինն Ալիեւին ասել է ճիշտ նույն բանը, ինչ սովորաբար
ասում է Քոչարյանին, որն է՝ ՌԴ-ն շահագրգռված է այդ խնդրի լուծմամբ եւ պատրաստ է
ուժերի ներածին չափով օժանդակել կարգավորման գործընթացին, եթե, իհարկե՝ կողմերն իրենք
ցանկանան այդ բանը: Անասելիորեն նույնն են եղել նաեւ Ալիեւի խոսքերը: Վերջինս գոհունակություն
է հայտնել երկու երկրների բազմակողմ համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ՝
իհարկե հավելելով, որ իրականում համագործակցության պոտենցիան շատ ավելին է, քան փաստացի
իրացվում է: Եվ մի շատ էական նմանության մասին եւս՝ Իլհամ Ալիեւը, ինչպես
եւ Քոչարյանը, չի վախենում գունավոր հեղափոխությունից: Համենայնդեպս, նա այդ մասին
ասել է ուկրաինական «Հինգերորդ ալիք» հ/ը-ին տված հարցազրույցում՝ նշելով, թե իր
վարկանիշն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում՝ 77 տոկոս: Փաստորեն,
լավ էլ համատեղելի են: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ