Գրոհ արտակարգի, «կարկին-քանոնով»՝ Սեւակի դեմ Այսօր Պարույր Սեւակի ողբերգական մահվան օրն է Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» գիրքը Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի»֊ի նման հայ պոեզիայում նոր ճանապարհի խոսք էր, նորություն էր, նոր արար֊ու֊թյուն… Սակայն, ի դժբախտություն Պարույր Սեւակի եւ նրա անբանաստեղծական վերնագրով գրքի, Չարենցի ժամանակակից, Չարենցի «արեւահամ բառը» ընկալող ու մեկնաբանող Հարություն Սուրխաթյանի նման կողմնացույց գրչի տեր մի քննադատ չկար Պարույր Սեւակի կողքին, որ տեսներ բանաստեղծական հնամաշ կանոնները հերքողին, «կարկին֊քանոններ» չհանդուրժողին, «օրենքներ չկան, կա լոկ իրավունք» հայտարարողին, «լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ» հայտնաբերողին, «վնասակար գաղափարի ագիտատոր լինելուց» հրաժարվողին, «լվի թռիչքով՝ միայն՝ թռիչք թող լինի» իրողությամբ հիացողին, կոմունիզմի հաշիշ գաղափարը մերկացնողին («խոստանում եմ չբարձրանալ ու չքայլել ձիգ տարիներ իմ ոտերի խեղճ թաթերին, ինչի՞ համար, այն, որ չկա՝ չի երեւա»), կրկնող֊նմանակող լինելուց ձեռք քաշողին («ապրել՝ թեկուզ մթին որջում, քան թե դառնալ սիրված… թութակ»), սովետական սուտը հերքողին («ստիպված եմ ոսկին կրծել, նույնիսկ ոսկին, էլ ուր մնաց, թե հավատամ դեռ ոսկու տեղ ծախվող խոսքին»), կեղծի մասին ճիշտ գրելուց չվախեցողին («մի վախեցեք կեղծի մասին ճիշտ գրելուց»), դատարկ գանգերին վայ տվողին («վայ տամ այն գանգին, ուր ձմեռում է խելքը՝ արջի պես»), ազգի տականքին բացահայտողին («նաեւ վայ տամ տականքին, որ իրեն յուղից թանկ է համարում լոկ այն պատճառով, որ… ծանր է յուղից»), վնասարարներից խույս տվողին («ես խույս եմ տալիս ոչ թե խուլերից, այլ կարաս ջարդող ու տկճոր պատռող բոլոր անմակդիր նման ցուլերից»), իր ճգնությամբ հպարտացողին («ստիպում եք մի կո՞ղմ քաշվել ասպարեզից՝ ես հպարտ եմ իմ ճգնությամբ»), կյանքում շատ բան անել կարողացող «անկարողին» («կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել, բայց անկարող եմ ինձանից վանել իմ երկվորյակին՝ անկեղծությանը»), խարխուլ կամուրջի վրա պար եկողին («էհ, մեկ էլ տեսար՝ պար գալս բռնեց խարխուլ ու ճոճկան կամրջի վրա»), անցյալը մոռացածին անիծողին («ավազը հանկարծ հովազ է դառնում՝ ճանկռտում քամու ու նաեւ մարդկանց լպիրշ աչքերը: Ու նաեւ մարդկա՜նց, որ մոռանում են իրենց անցյալը»), քնից172թմբիրից արթնացնողին («ես արթնացող մի ժամացույց եմ…»), կտրվելու գնով ծառի բուն հաստությունը չափողին («այն էլ զգացի, ցավով զգացի, որ կտրվելուց հետո է միայն երեւում ծառի բուն հաստությունը»), ազատության բաղադրատարրը գտանողին («եւ այն հասկացա, ով Ազատություն, որ կարծեմ շատ ես դու նման աղի, երբ քեզ պեղում են՝ հանում ընդերքից, իրենց ձեռքերն են մարդիկ կտրատում, ինչպես ապակուց… Ու երբ լուծվում ես՝ ճիշտ աղի նման դու չես երեւում, դու համ ես դառնում… Իսկ եթե չկաս՝ անհամություն է, որ եւ կարող է կոչվել բռնություն…»), նոր օրենք ու կարգ, սահմանածին ու օրենքից դուրս հայտարարվածին («ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝ հայտարարվում է եւ օրենքից դուրս»): Քննադատների, ավանդական ոտանավորի փեշը բռնած բանաստեղծների եւ գրախոսական գրելու փեշակով ապրողները զինված էին աշակերտական «կարկին-քանոնով» եւ սոցռեալիզմի կաղապարներով, որոնցով հնարավոր չէր գծագրել, առավել եւս՝ կաղապարել «Մարդը ափի մեջ» գրքի նորարարական այլաբանություններն ու ալեբախումները… «Մարդը ափի մեջ» գրքի վրա հողակոշտեր նետողները, փաստորեն, «հետամնացությունը կոչում էին սրբություն, պարզունակությունը անվանում բյուրեղացում, խորունկը համարում խրթին, ապայժմեականը հասկանում ազգային ինքնատիպություն»։ Ընկած այս խարխափանքների արանքներում՝ նրանք չէին հասկանում, որ «կարելի է ամեն ինչ լինել, բացի ժամանակավրեպ լինելուց… Իսկ նորարարությունը ոչ անձնական քմայք է, ոչ էլ կաշվից դուրս գալու պես մի բան։ Ամեն մի տաղանդի ավագագույն հատկանիշն է դա…»։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ