Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Հունիս 16,2005 00:00

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՎ Այս երթուղին է անցել ծնունդով Պոլսից, ավստրալաբնակ 77-ամյա կոմպոզիտոր Շահան Զորյանը: «Ա. Խաչատրյան» համերգասրահում հունիսի 28-ին կկայանա նրա հեղինակային երեկոն: Ինչպես զրույցի սկզբում տեղեկացրեց կոմպոզիտորը, 16 տարեկանում է միայն իր մեջ ստեղծագործելու ցանկություն արթնացել: Սովորել է ճանաչված հայազգի կոմպոզիտոր Էդգար Մանասի մոտ: Ի դեպ, նրա սանն է եղել նաեւ Հովհաննես Չեքիջյանը: Առաջին ստեղծագործությունները հանրությանը ներկայացրել է 1957 թվականին. «Թուրքիայում դասական երաժշտություն լսող, առավել եւս՝ գնահատող չկար: Եթե կար հանդիսատես, ապա ոչ այդ իսլամապաշտ ժողովրդի մեջ: Բնականաբար, արվեստով տուն չէիր պահի: Այդ էր պատճառը, որ սկսեցի զբաղվել ոսկերչությամբ: Միայն 1974-ին, երբ մշտական բնակության տեղափոխվեցի Ավստրալիա, սկզբնական շրջանում, իհարկե, շարունակեցի ոսկերչի արհեստս, այնուհետեւ աստիճանաբար վերարթնացավ ստեղծագործելու ցանկությունս»,- տեղեկացրեց Շ. Զորյանը: 1999-ին նա առաջին անգամ հայրենիք էր եկել ու շփվել արվեստագետների հետ, այնուհետեւ 2000-ին Երեւանում կազմակերպել իր առաջին հեղինակային երեկոն. «Բացվեց շնչառությունս: Տարիներ շարունակ դրսում լսածս, թե հայրենիքը մի ուրիշ բան է, զգացի սեփական մաշկիս վրա»: Ասածի վկայությունն է կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների երեկոն, որտեղ կհնչեն նրա հիմնականում վերջին տարիների ստեղծած երկերը: Ոչ առաջին հեղինակային համերգի, ոչ էլ այս դեպքում՝ կոմպոզիտորի ստեղծագործությունները չեն հնչելու արդեն հայտնի կատարողների մեկնաբանմամբ: Այս առիթով Շ. Զորյանն ասաց. «Ինձ չի հետաքրքրում արվեստագետի հայտնի, ճանաչված լինելը: Ի վերջո, անունը բարձր է հնչում տարիների վաստակից հետո: Երիտասարդ տարիքից է պետք երաժշտին ներկայացնել»: Կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ երեկոյին հանդես կգան Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներ, դաշնակահարներ Արմինե Նաղդյանը, Աննա Եղշատյանը, ասպիրանտ Անուշիկ Ամիրյանը, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը, Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ մեներգչուհիներ Արմինե Սեյրանյանը, Լիլիթ Գրիգորյանը: Ինչպես նշեց արվեստագետը՝ «փափագս էր ստեղծագործություններիս առաջին ժողովածուն հրատարակել Հայաստանում, ինչը իրականացավ»: Եթե Հայրենիքն այդքան շատ եք սիրում, ապա ինչո՞ւ միայն 99-ին առաջին անգամ այցելեցիք Հայաստան: Մեր այդ հարցին Շ. Զորյանը պատասխանեց. «15 հազար կիլոմետր կտրել-անցնելը նաեւ գումարի հետ է կապված: Դրսում ստեղծագործող հայերի համար ես կառաջարկեի այստեղ՝ Հայաստանում ստեղծել մեկ կառույց, որը կապ հաստատի Սփյուռքի հետ, հնարավորություն ընձեռի Հայաստանում ճանաչելու սփյուռքահայ արվեստագետներին: Իսկ արդյունքում, հայաստանցի հանդիսատեսն էլ հնարավորություն կունենա ծանոթանալու դրսում ծնված ստեղծագործություններին: Այս գործի մեջ կարելի է ներգրավել հայաստանցի պատանի ստեղծագործողներին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930