Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրվեժի

Հունիս 16,2005 00:00

Ջրվեժի դաչնիկներն առավելությո՞ւն ունեն Հարցնում են էրեբունու զանգվածների «դաչնիկները»՝ համոզված, որ իրենց ջուրը կտրել են՝ ջրվեժցիներին «բոլ-բոլ» ապահովելու համար: Խմբագրության ստացած բողոքի համաձայն, անցյալ սեպտեմբերից նրանց այգիները դատապարտվել են չորության, որովհետեւ իրենց հողամասերը սնող խողովակի մեջ անհայտ անձինք «ճղել-արգելափակոց են մտցրել», որ դեպի Ջրվեժի ամառանոցներ գնացող մայր խողովակի մեջ ջուրն առատ լինի: Նշենք, որ խոսքը վերաբերում է ոչ բոլոր էրեբունցիներին, այլ շուրջ 20 այն հողամասերին, որոնք գտնվում են բարձունքի վրա: Արգելափակոցի պատճառով խողովակում ճնշումը չի բավականացնում, որ ջուրը նախկինի պես բարձրանա մինչեւ նրանց այգիները: Էրեբունի զանգվածների ամառանոցները 500-ական մետր չափաբաժնով տրամադրվել են 1981-ին՝ երկաթգծի ենթակայության տարբեր հիմնարկների, ինչպես նաեւ՝ ավտոդողերի գործարանի աշխատողներին: Այսինքն, այգիները հին են՝ շուրջ 20 տարվա: «Սովետի ժամանակ խողովակը ձեռքներիս մեջ չէինք կարողանում պահել՝ ջուրն էնքան ուժեղ էր գալիս, որ ձեռքներիցս դուրս էր թռչում: Հիմա հազիվ է բավարարում, հերթով ենք ջրում, օր ունենք: Իսկ անցյալ տարվանից ընդհանրապես չկա: Բոչկաներ ենք շարել դրսում, որ անձրեւաջուր հավաքվի՝ մի կերպ ծառերը ջրենք: Էն էլ չփրկեց՝ էս տարի իմ ու տղայիս այգիներում մոտ 20 պտղատու ծառ չկանաչեց, ելակի թփերն էլ չորացան: Իսկ սեզոնը դեռ չսկսված՝ փողերն արդեն հավաքել են: Առանց այդ էլ ամառանոց գնալու համար մի կիսաքանդ ավտոբուսի մեջ հազար հոգով լցված մի կերպ տեղ ենք հասնում, ջուրն էլ, որ չկա՝ գնալներս անիմաստ է դառնում»,- հայտնեց բողոքը խմբագրություն ներկայացրած Շավարշ Վարդանյանը: Նրա ասելով, բազմաթիվ անգամ այդ մասին տեղեկացրել է ջրամատակարարման գծով պատասխանատու Աշոտ Գրիգորյանին, նրա վերադասին՝ նույնպես, բայց միշտ լսել է, թե «խողովակում ջուր կա»: «Ճիշտ է, կա, բայց ի՞նչ օգուտ, որ մեզ չի հասնում»,- տեղին դժգոհեց քաղաքացին: Մի քանի օր առաջ նա, մյուս «ջրազրկվածներն» ու ավտոդողերի այգեգործական ընկերության նախագահը ուսումնասիրել են, այսպես կոչված՝ 3-րդ կոլեկտորի ջրի խողովակը, եւ հայտնաբերել դրա մեջ խցկված արգելափակոցները: Խնդրի պարզաբանման համար «Առավոտը» դիմեց «Երեւան» ջրօգտագործողների ընկերությանը: Փոխնախագահ Իսրայել Հովհաննիսյանը նախ զարմացավ՝ «եթե նման հարց կա, ինչո՞ւ մի անգամ մեզ չեն դիմել», ապա խոստացավ, որ «մինչեւ այդ հողամասերի հաջորդ ջրելու ժամանակը՝ ուրբաթ եւ շաբաթ օրը, մենք այդ հարցը կկարգավորենք, նրանք անպայման ջուր կունենան»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել