Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 16,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԾԻՐԱՆԻ ՉԻՐԸ «Հայաստանում ծիրանը վաղուց է հասել, բայց հայրենիքում այդ ծիրանը չիր են դարձնում»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց լոսանջելեսաբնակ Արմեն Զատիկյանը: Թերեւս չափազանցած չենք լինի, եթե ասենք, որ այս օրերին հայաստանյան ԶԼՄ-ները չափազանց մեծ նշանակություն են տալիս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցին: Որոշները հեգնում են, որոշները չափազանց կարեւորում են այդ այցը: Իսկ ամերիկաբնակ մեր հայրենակիցներն ինչպե՞ս են վերաբերվում հայրենի ընդդիմադիրների ամերիկյան այցերին: Պարզվում է՝ անկախ այն բանից, թե ով է ԱՄՆ մեկնողը՝ Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, թե որեւէ այլ գործիչ, հայերը Սփյուռքում էլ են հյուրընկալ: Այսպես մեր հարցադրմանն ի պատասխան ասաց լոսանջելեսաբնակ, իսկ նախկինում ՀՀ քաղաքացի Արմեն Զատիկյանը, որը 2003-ի ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ «Արդարություն» դաշինքի թեկնածուի ԱՄՆ նախընտրական շտաբի անդամ էր: «Մերոնք միշտ օտարների մոտ են գնացել՝ Տիզբոն, հետո՝ Մոսկվա, հիմա՝ Վաշինգթոն: Սովորության համաձայն, հայը միշտ գնում է օտարների դուռը՝ «դաբրոներ» ստանալու եւ նոր տերեր որոնելու,- հեգնեց Ա. Զատիկյանն ու հավելեց:- Ես չեմ ուզում կենտրոնանալ հատկապես Ա. Սարգսյանի այցի վրա, որովհետեւ սա դառնում է սովորություն. հերթով գալու-գնալու են: Իսկ ԱՄՆ հայ համայնքն այս ամենին առայժմ որեւէ գնահատական չի տալիս: Հայ համայնքը շատ անտարբեր է, որովհետեւ հասկացավ, որ Հայաստանը Սփյուռքին որպես հայրենիքի քաղաքացիներ չի ընդունում»,- ասաց նա: Պարոն Զատիկյանն ասում է՝ սփյուռքահայերն անտարբեր են, բայց հայաստանյան եւ ԱՄՆ-ում լույս տեսնող «Ժամանակ» թերթերը գրեցին, որ երբ Ա. Սարգսյանը մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ Հայաստանում ծիրանը հասել է, սփյուռքահայերը սկսել են արտասվել: Պարոն Զատիկյանը նախ քմծիծաղ տվեց. «Ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել եւ նման բան չի եղել: Խոսքը Հնչակյան կուսակցության կազմակերպած «20 կախաղանների» օրվան նվիրված մեծ հանդիպման մասին է: Սովորական հանդիպում էր, որտեղ Ա. Սարգսյանը խոսեց Հայաստանի ներկա իրավիճակի մասին, ասաց, որ Հայաստանի ապագան տեսնում է դեպի Արեւմուտք թեքված, դեպի ԱՄՆ, որ ԱՄՆ-ը օգնում է այն ժողովուրդներին, որոնք իրենք պայքարում են ժողովրդավարության համար: Հավաքվածները հիմնականում Հնչակյան կուսակցության անդամներ էին, թեեւ բաց հանդիպում էր ու կային նաեւ ոչ հնչակյաններ: Բայց ընդհանուր առմամբ անտարբերություն էր: Երեկ Ա. Սարգսյանը Արման Բաբաջանյանի «Այսօր» հեռուստածրագրի ուղիղ եթերի հյուրն էր: Նա մեկ ժամ ներկայացրեց տարբեր հարցերի շուրջ իր տեսակետները, հետո ուղիղ եթերում պետք է պատասխաներ հեռախոսազանգերին: Բայց դա էլ, ինչպես միշտ՝ հայավարի էր. հարցերն ուղիղ եթերում ոչ թե զանգահարողներն էին տալիս, ինչպես ընդունված է սովորաբար, այլ՝ նախապես պատրաստված գրավոր հարցեր էին ներկայացվում. տիպիկ հայկական ծրագիր էր: Ոչ մի էական հարց այդպես էլ չտրվեց, բացի մեկից, որի հեղինակը հետաքրքրվում էր՝ Ա. Սարգսյանը «Արդարություն» դաշինքի անդա՞մ է: Եթե այո՝ այստեղ հանդիպե՞լ է այդ դաշինքի անդամների հետ: Ա. Սարգսյանը պատասխանեց՝ ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ»: Հայաստանում ազդեցիկ է հնչում, երբ ասում են, որ ընդդիմության ներկայացուցիչը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: ԱՄՆ-ում ապրող հայերի համար դա ոգեւորիչ չէ՞: «Ես ուրախ եմ, որ ընդհանրապես հայ մարդը կարողանում է ռուսական ստրկությունից եւ ՌԴ-ի մատուցած արջի ծառայություններից հրաժարվել եւ հասկանալ, որ ՌԴ-ն ինքը ժողովրդավարական չլինելով՝ որեւէ մեկին, այդ թվում՝ հային, բարեկամ լինել չի կարող: Իսկ Վաշինգթոնն այսօր մեզ հումորով է վերաբերվում: Նրա դիրքորոշումը հետեւյալն է՝ քանի դուք ձեր լավն ու վատը չեք հասկացել, որքան ուզում եք՝ եկեք ու գնացեք, որովհետեւ հայերը որպես ազգ ինքնուրույն չեն դեռեւս: Վաշինգթոնը չգիտի՝ արժե՞ մեզ հետ բարեկամություն անել, թե՞ ոչ»: Իսկ Սփյուռքը ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում գունավոր կամ անգույն հեղափոխությունների մասին խոսակցություններին: Փոփոխությունների ակնկալիքներ կա՞ն: «Սփյուռքահայերը հիասթափված են ՀՀ իշխանություններից եւ ընդդիմությունից, որովհետեւ չաշխատող հայաստանցիներին պահելու հիմնական բեռը իրենց վրա է արդեն 15 տարի, բայց դրա վերջը չի երեւում: Սփյուռքը տեսնում է, որ հայ ժողովուրդը ծուլացել է, հրաժարվել է պայքարելուց, թեեւ առանց այն էլ պայքարող չէր, եւ սկսել է պարել: Սփյուռքը 2003-ի նախագահական ընտրություններում կատարել էր իր ընտրությունն ու 97 տոկոսով ընտրել էր Ռ. Քոչարյանի այլընտրանքին, իսկ ընդդիմությունը դա չօգտագործեց: Փոխարենը՝ պառակտվեց: Մինչդեռ Սփյուռքը պահանջում է հայրենի ընդդիմության բոլոր առաջնորդների միավորում: Եթե այդ մարդիկ չեն հասկանում, նշանակում է կամ տհաս են, կամ Քոչարյանի թիմից են»,- ասաց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930