«ԽՈՒՃԱՊԻ ՄԻ՛ ՄԱՏՆՎԵՔ» Ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի մեր թերթում արտահայտած տեսակետների, ՕԵԿ պատգամավոր Արտակ Առաքելյանը հակադարձեց. «Շատ վատ է, որ «Հանրապետություն» կուսակցության ներսում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը ունեն տարբեր կարծիքներ։ Լավ կլիներ, որ կարգուկանոն լիներ հենց «Հանրապետություն» կուսակցության ներսում եւ հարգվեր կուսակցության նախագահի տեսակետը։ Երկրորդ՝ ՕԵԿ-ը ներկայումս «Հանրապետության» կամ մեկ այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու որեւէ խնդիր չի հետապնդում։ Երրորդ՝ ՕԵԿ-ը Հայաստանի ամենախոշոր եւ ազդեցիկ կուսակցություններից մեկն է, որը մեծ հարգանք ունի թե՛ երկրի ներսում եւ թե՛ նրա սահմաններից դուրս, եւ թող մյուսները մտածեն մեզ հետ դաշինք կազմելու մասին։ Չորրորդ՝ թող որեւիցե քաղաքական գործիչ կամ ուժ չփորձի մեզ սովորեցնել, թե մենք ինչպես պետք է վարվենք, առավել եւս ոչ վաղ անցյալում, ինչպես մամուլում նշվեց, «ղազագիր» ստորագրած որոշ նորաթուխ գործիչներ։ Եվ վերջապես այն, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ վերջերս գովասանքի խոսք ասացին Արթուր Բաղդասարյանի ժողովրդավարական գործունեության մասին, թող խուճապի չմատնի ոմանց, հատկապես Արթուր Բաղդասարյանի՝ այդ գործիչների հասցեին արված դրական արձագանքը: Իսկ ի՞նչ պետք է աներ Արթուր Բաղդասարյանը՝ պիտի փնովե՞ր իր հասցեին իրականությանը համապատասխանող դրական խոսքեր ասած մարդկանց։ Հարկ է գիտակցել, որ Արթուր Բաղդասարյանը եւ ՕԵԿ-ը միշտ էլ եղել են սկզբունքային եւ հետեւողական ժողովրդավարական Հայաստան կառուցելու գործում եւ հանդես եկել քաղաքական հանդուրժողականության, քաղաքական ազնիվ մրցակցության, այլ ոչ թե թշնամանքի եւ ատելության դիրքերից։ Հարց է ծագում՝ ինչի՞ համար պետք է ապաշխարի «Օրինաց երկիրը»՝ իր հետեւողական գործունեության եւ սկզբունքայնությա՞ն, ժողովրդավարության զարգացման գործում ունեցած իր հետեւողական դիրքորոշումների՞ համար, կամ Արթուր Բաղդասարյանը, որը եվրոպական արժեքների ջատագովներից է Հայաստանում, որի մասին նույնիսկ բարձրաձայնվեց Եվրախորհրդի հատուկ բանաձեւում։ Ուրեմն, հարկ է խորհել, թե դեռ ով եւ ովքեր քավարան կամ ապաստան մտնելով՝ ապաշխարանքի լուրջ կարիք ունեն իրենց իսկ գործունեության եւ մեղանչանքների համար»։