Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր

Հունիս 16,2005 00:00

Նոր տեսլական Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է համազգային ոգեւորության հերթական սնամեջ ալիքը: Իհարկե, այս անգամ այդ ոգեւորության առանցքում շուրջպարից քիչ ավելի լուրջ հարց է՝ աբխազական երկաթուղու հավանական վերաբացումը: Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսիում մեկնարկել է ԱՊՀ երկրների երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 41-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցեր: Եվ ահա, բազմաթիվ լրատվական գործակալությունների տեղեկացմամբ, երեկ Թբիլիսիում քննարկվել է Վրաստանը ՌԴ-ին կապող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հնարավորությունը: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության տնօրեն Գենադի Ֆադեեւն այս կապակցությամբ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ ծրագրի իրականացմանը, բայց պայմանով, որ մյուս շահագրգիռ երկրները եւս՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, իրենց լուման ներդնեն դրա մեջ: Ծրագրի արժեքը, ըստ մոտավոր հաշվարկների, կազմում է 2 մլրդ ռուսական ռուբլի: Հենց այստեղ է, որ միս ու արյուն է ստանում դատարկ ոգեւորության նյութը: Տարիներ շարունակ գրեթե համապարփակ շրջափակման մեջ խեղդված Հայաստանի ղեկավարության համար շրջափակման վերացմանն առնչվող ցանկացած թեմա ուղղակի գտածո է՝ բնակչությանը էլի մի որոշ շրջան վերահաս լավ կյանքի ինչ-ինչ տեսլականներով սնելու համար: Հոգ չէ իհարկե, որ այդ խոսակցությունը, առնվազն տեսանելի ապագայի կտրվածքով, քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից է: Փոխարենը հանրությանը հաճո այդ թեման միառժամանակ տաք պահելու եւ դրա շրջանակներում կառավարության գործադրած անձնուրաց ջանքերը գովազդելու հրաշալի առիթ կա: Թերեւս այս համատեքստում կարելի է դիտարկել «Հայաստանի երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Արարատ Խրիմյանի՝ Թբիլիսիում արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է իր մասով միանալ այդ ծրագրին, եթե, իհարկե, դրա վերաբերյալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պետական մակարդակով վերջնական որոշում կայացվի: Դառնալով մյուս «շահագրգիռ» երկրներին՝ նկատել տանք, որ դրանց թվում նշված Ադրբեջանին, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, շահագրգիռ չես համարի: Ճիշտ հակառակը: Նախ՝ Ադրբեջանի տնտեսությունն այդ երկաթուղուց գրեթե կախում չունի, եւ երկրորդը՝ Ադրբեջանն ամենեւին շահագրգռված չէ Հայաստանի շրջափակումը դույզն-ինչ թոթափելու հարցում: Ի լրումն, հաջորդ շահագրգիռ երկրի՝ Վրաստանի վարչապետն ուղղակի ոչ եւս է արել ամեն տեսակ հույսերը։ «Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, քանի դեռ կան շատ չլուծված հարցեր»,- ասել է նա: Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ է Վրաստանն առհասարակ քննարկում այս հարցը: Սա թերեւս բարի կամքի թեթեւ դրսեւորում է՝ Վրաստանից ռուսական ռազմակայանների արագ դուրսբերման՝ Մոսկվայի համաձայնության դիմաց: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել