12 տարի անց Բուհը արգելում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ուսանողների հանդիպումը Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից պարգեւատրվեց «Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով»՝ հասարակական, քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման ու Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Արարողությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է կայանար Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: Սակայն, պարոն Հովհաննիսյանի մատուցմամբ՝ «ռեկտորի պայմանավորվածությունը վերջին պահին չեղյալ հայտարարվեց ուսխորհրդի կողմից»: Այս միջադեպն անակնկալ չէր պարոն Հովհաննիսյանի համար, այլ ցավալի. «1993 թվականին ապրիլի 24-ի թեմայով ես պիտի հանդես գայի ԵՊՀ ում. այդ ժամանակ ես արդեն պետական պաշտոնյա չէի, վերջին րոպեին այնտեղ փոխվեց պայմանավորվածությունը եւ արգելվեց իմ կամ իմ համախոհների մուտքը համալսարան: Ելույթը, այնուամենայնիվ, կայացավ Պոլիտեխնիկ ինստիտուտում: Բայց ցավով պիտի արձանագրեմ, որ 12 տարի հետո ԵՊՀ-ի դիրքորոշմանը միացել են ԵՊՏԻ-ն, Ճարտարագիտական համալսարանը»,- ասաց նա: Հանդիպումն ուսանողների հետ, այդուհանդերձ, կայացավ: Առավել համարձակները եկել էին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոն: Նախկին արտգործնախարարը նրանց ներկայացրեց իր եւ իր կուսակիցների պատկերացրած Հայաստանի տեսլականը. «Մեր պատկերացրած Հայաստանում ռեկտորը, որքան էլ հարգարժան լինի, պիտի չթաքնվի պրոռեկտորի հետեւը, նա էլ պիտի չթաքնվի ուսխորհրդի հետեւում, ուսխորհուրդն էլ պիտի չկատարի այս կամ այն մարդու, իշխանավորի պատվերը: Գործիք պիտի չդառնա: Հակառակը՝ այդ միահամուռ ամբողջությունը պիտի միտված լինի ապագային՝ նոր սերունդ դաստիարակելու համար»: Պարոն Հովհաննիսյանը պատմեց, որ իրենք ցանկանում են նոր Հայաստան կերտել, որտեղ բուհերում կարող են ելույթ ունենալ ոչ միայն «հարեւան հանրապետությունից հյուրեր, ցեղասպան պետության ժառանգորդների ներկայացուցիչներ (նկատի ուներ, հավանաբար, վերջերս Հայաստան այցելած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Թուրհան Չյոմեզին- Ն. Գ.), նաեւ նախկին արտգործնախարարը եւ ցանկացած քաղաքացի, որն ասելիք ունի»: Րաֆֆի Հովհաննիսյանն ուսանողներին խոստացավ, որ Հայաստանում որեւէ մեկն իրենց չի ասի այս կամ այն կերպ կվարվեք՝ «նախաձեռնությունը դուք պիտի վերցնեք՝ ոչ թե մի անձի ու կազմակերպության, այլ ձեր իսկ ապագայի համար»: Պատվիրեց դառնալ դրոշակակիրը պայքարի, որն այս տարվա ընթացքում առաջին ծիլերը պիտի տա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ