Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏՆՎԵԼ

Հունիս 16,2005 00:00

ԳՏՆՎԵԼ ԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը չի մանրամասնում, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ինչ են որոշել նախագահն ու կոալիցիան: Երեկ նախագահի մոտ տեղի ունեցավ կոալիցիայի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց Սահմանադրությունը եվրոպական կառույցների առաջարկով բարեփոխելու արդեն չարչրկված հարցը: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի երկրորդ միջանկյալ եզրակացության մեջ ընդգծված է, որ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների տեքստը պետք է էական վերանայման ենթարկվի երկրորդ ընթերցումից առաջ, եւ պետք է ամբողջությամբ արտացոլի հանձնաժողովի նախորդ եզրակացությունը: Նախագահականում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մեր թերթին հարցազրույց տվեց եւ շեշտեց, որ գտնվել են եվրոպական առաջարկներին համարժեք լուծումներ: – Նախագահի հետ խորհրդակցելուց հետո ի՞նչ որոշում կայացվեց. կոալիցիան ընդունելո՞ւ է Վենետիկի բոլոր սկզբունքային առաջարկությունները, մասնավորապես՝ Արդարադատության խորհրդի, կառավարության ձեւավորման եւ Երեւանի քաղաքապետի ընտրովիության մասով: – Լուծումներ գտնվել են բոլոր երեք ուղղություններով էլ, ես կարծում եմ՝ դրանք եվրոպական չափանիշների շրջանակում են: Սա կարող է շատ լավ հիմք լինել հունիսի 23-ի եւ 24-ի հանդիպումների համար: – Խնդրում եմ ավելի հստակեցրեք, թե ի՞նչ են նշանակում այդ լուծումները: – Կարծում եմ՝ լուծումները ճիշտ կլինի հստակեցնել եւ մեկնաբանություններ տալ հունիսի 17-ին, երբ նախագիծը վերջնական տեսքի բերված կլինի եւ կուղարկվի Վենետիկի հանձնաժողովին: – Երեւանի քաղաքապետի ընտրովիության մասին առաջարկն ընդունվե՞լ է: – Մայրաքաղաքի հետ կապված խնդիրը լուծվել է այնպես, ինչպես եվրոպական բազմաթիվ երկրներում: – Կոնկրետ՝ ինչպե՞ս: – Չեմ ուզում մանրամասնել մինչեւ հունիսի 17-ը, երբ արդեն կլինեն հստակ ձեւակերպումները: Այդ ժամանակ կարելի կլինի խոսել մանրամասների մասին: – Իսկ գտնված լուծումների դեմ որեւէ ընդդիմադիր հայտարարություն չարվե՞ց մասնավորապես ՕԵԿ-ի կողմից: Գտնված լուծումներին բոլո՞րն էին համաձայն: – Քննարկման բոլոր մասնակիցները (Անդրանիկ Մարգարյան, Տիգրան Թորոսյան-ՀՀԿ, Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան- ՕԵԿ, Արմեն Ռուստամյան, Լեւոն Մկրտչյան- ՀՅԴ-.- Մ. Ե.) միանշանակորեն համաձայն են եղել բոլոր լուծումներին, որեւէ տարաձայնություն չկար եւ չի եղել: – Որպես ԵԽ-ում մեր պատվիրակության ղեկավար, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունների կողմից գտնված լուծումները հերթական անգամ չընդունվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից: – Այդ լուծումները իսկապես գտնվում են եվրոպական ստանդարտների շրջանակների մեջ, եւ երկրորդ՝ ես կարծում եմ, հունիսի 23-ին եւ 24-ին, իհարկե, կարող է անհրաժեշտություն լինել շտկումների, ճշգրտումների եւ այլն, սակայն դրանք իսկապես լուծումներ են, որոնք շատ լավ հիմք են աշխատանքային քննարկման համար: – Սակայն Վենետիկի հանձնաժողովի երկրորդ միջանկյալ եզրակացության մեջ հատուկ նշված է, որ Վենետիկի բոլոր առաջարկները պետք է ընդունվեն անվերապահորեն եւ ամբողջությամբ, մինչդեռ հիմա դուք ասում եք, որ ընդամենը լուծումներ են գտնվել: – Վենետիկի հանձնաժողովը ոչ թե առաջարկություններ է արել լուծումների հետ կապված, այլ մատնանշել է հիմնախնդիրները, եւ այդ բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ անվերապահորեն լուծումներ առաջարկված են: Ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այդ հիմնախնդիրներն արձանագրվել են ԱԺ-ում դեռեւս առաջին ընթերցմամբ նախագծերը քննարկելու ժամանակ: Այսինքն՝ այստեղ բացարձակապես որեւէ տարաձայնություն չկա Վենետիկի հանձնաժողովի հետ: Ավելին, Հուշագրում, որը հունիսի 2-ին եւ 3-ին կազմվեց Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ, նույնպես հստակ արձանագրված է, որ հիմնախնդիրների առումով տարաձայնություն չունեինք լուծվելիք հարցերի հետ կապված: Այն, ինչ արձանագրված է Հուշագրում, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բոլոր երեք ուղղություններով կարեւոր փոփոխություններ անել նախագծում, այժմ այդ աշխատանքն արդեն ավարտվել է: – Դուք, որպես ԵԽ-ում մեր պատվիրակության ղեկավար, վստա՞հ եք, որ այսօր Քոչարյանի հետ համատեղ աշխատելու արդյունքում գտնված «լուծումները» որեւէ արտառոց իրավիճակի չեն հանգեցնի Հայաստանին՝ կապված ԵԽ-ին անդամակցելու հետ: – Ես, իսկապես, շատ մեծ հույս ունեմ, որ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ շտկումներ անելուց հետո մեր այդ հանդիպման արդյունքում կունենանք բոլոր հարցերի լուծումը նախագծի մեջ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այդպես կլինի: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀ. Գ. Երեկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեկնեց Թբիլիսի՝ մասնակցելու Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության նախագահության նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել