Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՎ

Հունիս 16,2005 00:00

Այս
երթուղին է անցել ծնունդով Պոլսից, ավստրալաբնակ 77-ամյա կոմպոզիտոր Շահան Զորյանը:
«Ա. Խաչատրյան» համերգասրահում հունիսի 28-ին կկայանա նրա հեղինակային երեկոն: Ինչպես
զրույցի սկզբում տեղեկացրեց կոմպոզիտորը, 16 տարեկանում է միայն իր մեջ ստեղծագործելու
ցանկություն արթնացել: Սովորել է ճանաչված հայազգի կոմպոզիտոր Էդգար Մանասի մոտ:
Ի դեպ, նրա սանն է եղել նաեւ Հովհաննես Չեքիջյանը: Առաջին ստեղծագործությունները
հանրությանը ներկայացրել է 1957 թվականին. «Թուրքիայում դասական երաժշտություն լսող,
առավել եւս՝ գնահատող չկար: Եթե կար հանդիսատես, ապա ոչ այդ իսլամապաշտ ժողովրդի
մեջ: Բնականաբար, արվեստով տուն չէիր պահի: Այդ էր պատճառը, որ սկսեցի զբաղվել ոսկերչությամբ:
Միայն 1974-ին, երբ մշտական բնակության տեղափոխվեցի Ավստրալիա, սկզբնական շրջանում,
իհարկե, շարունակեցի ոսկերչի արհեստս, այնուհետեւ աստիճանաբար վերարթնացավ ստեղծագործելու
ցանկությունս»,- տեղեկացրեց Շ. Զորյանը: 1999-ին նա առաջին անգամ հայրենիք
էր եկել ու շփվել արվեստագետների հետ, այնուհետեւ 2000-ին Երեւանում կազմակերպել
իր առաջին հեղինակային երեկոն. «Բացվեց շնչառությունս: Տարիներ շարունակ դրսում լսածս,
թե հայրենիքը մի ուրիշ բան է, զգացի սեփական մաշկիս վրա»: Ասածի վկայությունն
է կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների երեկոն, որտեղ կհնչեն նրա հիմնականում
վերջին տարիների ստեղծած երկերը: Ոչ առաջին հեղինակային համերգի, ոչ էլ այս դեպքում՝
կոմպոզիտորի ստեղծագործությունները չեն հնչելու արդեն հայտնի կատարողների մեկնաբանմամբ:
Այս առիթով Շ. Զորյանն ասաց. «Ինձ չի հետաքրքրում արվեստագետի հայտնի, ճանաչված լինելը:
Ի վերջո, անունը բարձր է հնչում տարիների վաստակից հետո: Երիտասարդ տարիքից է պետք
երաժշտին ներկայացնել»: Կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ երեկոյին
հանդես կգան Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներ, դաշնակահարներ Արմինե Նաղդյանը,
Աննա Եղշատյանը, ասպիրանտ Անուշիկ Ամիրյանը, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը, Երեւանի
օպերային թատրոնի երիտասարդ մեներգչուհիներ Արմինե Սեյրանյանը, Լիլիթ Գրիգորյանը:
Ինչպես նշեց արվեստագետը՝ «փափագս էր ստեղծագործություններիս առաջին ժողովածուն հրատարակել
Հայաստանում, ինչը իրականացավ»: Եթե Հայրենիքն այդքան շատ եք սիրում, ապա
ինչո՞ւ միայն 99-ին առաջին անգամ այցելեցիք Հայաստան: Մեր այդ հարցին Շ. Զորյանը
պատասխանեց. «15 հազար կիլոմետր կտրել-անցնելը նաեւ գումարի հետ է կապված: Դրսում
ստեղծագործող հայերի համար ես կառաջարկեի այստեղ՝ Հայաստանում ստեղծել մեկ կառույց,
որը կապ հաստատի Սփյուռքի հետ, հնարավորություն ընձեռի Հայաստանում ճանաչելու սփյուռքահայ
արվեստագետներին: Իսկ արդյունքում, հայաստանցի հանդիսատեսն էլ հնարավորություն կունենա
ծանոթանալու դրսում ծնված ստեղծագործություններին: Այս գործի մեջ կարելի է ներգրավել
հայաստանցի պատանի ստեղծագործողներին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել