«Հայաստանում ծիրանը վաղուց է հասել,
բայց հայրենիքում այդ ծիրանը չիր են դարձնում»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում
նկատեց լոսանջելեսաբնակ Արմեն Զատիկյանը: Թերեւս չափազանցած չենք լինի, եթե
ասենք, որ այս օրերին հայաստանյան ԶԼՄ-ները չափազանց մեծ նշանակություն են տալիս
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցին: Որոշները
հեգնում են, որոշները չափազանց կարեւորում են այդ այցը: Իսկ ամերիկաբնակ մեր հայրենակիցներն
ինչպե՞ս են վերաբերվում հայրենի ընդդիմադիրների ամերիկյան այցերին: Պարզվում է՝ անկախ
այն բանից, թե ով է ԱՄՆ մեկնողը՝ Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, թե որեւէ այլ
գործիչ, հայերը Սփյուռքում էլ են հյուրընկալ: Այսպես մեր հարցադրմանն ի պատասխան
ասաց լոսանջելեսաբնակ, իսկ նախկինում ՀՀ քաղաքացի Արմեն Զատիկյանը, որը 2003-ի ՀՀ
նախագահի ընտրությունների ժամանակ «Արդարություն» դաշինքի թեկնածուի ԱՄՆ նախընտրական
շտաբի անդամ էր: «Մերոնք միշտ օտարների մոտ են գնացել՝ Տիզբոն, հետո՝ Մոսկվա, հիմա՝
Վաշինգթոն: Սովորության համաձայն, հայը միշտ գնում է օտարների դուռը՝ «դաբրոներ»
ստանալու եւ նոր տերեր որոնելու,- հեգնեց Ա. Զատիկյանն ու հավելեց:- Ես չեմ ուզում
կենտրոնանալ հատկապես Ա. Սարգսյանի այցի վրա, որովհետեւ սա դառնում է սովորություն.
հերթով գալու-գնալու են: Իսկ ԱՄՆ հայ համայնքն այս ամենին առայժմ որեւէ գնահատական
չի տալիս: Հայ համայնքը շատ անտարբեր է, որովհետեւ հասկացավ, որ Հայաստանը Սփյուռքին
որպես հայրենիքի քաղաքացիներ չի ընդունում»,- ասաց նա: Պարոն Զատիկյանն ասում
է՝ սփյուռքահայերն անտարբեր են, բայց հայաստանյան եւ ԱՄՆ-ում լույս տեսնող «Ժամանակ»
թերթերը գրեցին, որ երբ Ա. Սարգսյանը մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասել
էր՝ Հայաստանում ծիրանը հասել է, սփյուռքահայերը սկսել են արտասվել: Պարոն Զատիկյանը
նախ քմծիծաղ տվեց. «Ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել եւ նման բան չի եղել: Խոսքը
Հնչակյան կուսակցության կազմակերպած «20 կախաղանների» օրվան նվիրված մեծ հանդիպման
մասին է: Սովորական հանդիպում էր, որտեղ Ա. Սարգսյանը խոսեց Հայաստանի ներկա իրավիճակի
մասին, ասաց, որ Հայաստանի ապագան տեսնում է դեպի Արեւմուտք թեքված, դեպի ԱՄՆ, որ
ԱՄՆ-ը օգնում է այն ժողովուրդներին, որոնք իրենք պայքարում են ժողովրդավարության
համար: Հավաքվածները հիմնականում Հնչակյան կուսակցության անդամներ էին, թեեւ բաց
հանդիպում էր ու կային նաեւ ոչ հնչակյաններ: Բայց ընդհանուր առմամբ անտարբերություն
էր: Երեկ Ա. Սարգսյանը Արման Բաբաջանյանի «Այսօր» հեռուստածրագրի ուղիղ եթերի
հյուրն էր: Նա մեկ ժամ ներկայացրեց տարբեր հարցերի շուրջ իր տեսակետները, հետո ուղիղ
եթերում պետք է պատասխաներ հեռախոսազանգերին: Բայց դա էլ, ինչպես միշտ՝ հայավարի
էր. հարցերն ուղիղ եթերում ոչ թե զանգահարողներն էին տալիս, ինչպես ընդունված է սովորաբար,
այլ՝ նախապես պատրաստված գրավոր հարցեր էին ներկայացվում. տիպիկ հայկական ծրագիր
էր: Ոչ մի էական հարց այդպես էլ չտրվեց, բացի մեկից, որի հեղինակը հետաքրքրվում էր՝
Ա. Սարգսյանը «Արդարություն» դաշինքի անդա՞մ է: Եթե այո՝ այստեղ հանդիպե՞լ է այդ
դաշինքի անդամների հետ: Ա. Սարգսյանը պատասխանեց՝ ես պատրաստ եմ հանդիպել բոլորի
հետ»: Հայաստանում ազդեցիկ է հնչում, երբ ասում են, որ ընդդիմության ներկայացուցիչը
հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: ԱՄՆ-ում ապրող հայերի համար դա ոգեւորիչ չէ՞:
«Ես ուրախ եմ, որ ընդհանրապես հայ մարդը կարողանում է ռուսական ստրկությունից եւ
ՌԴ-ի մատուցած արջի ծառայություններից հրաժարվել եւ հասկանալ, որ ՌԴ-ն ինքը ժողովրդավարական
չլինելով՝ որեւէ մեկին, այդ թվում՝ հային, բարեկամ լինել չի կարող: Իսկ Վաշինգթոնն
այսօր մեզ հումորով է վերաբերվում: Նրա դիրքորոշումը հետեւյալն է՝ քանի դուք ձեր
լավն ու վատը չեք հասկացել, որքան ուզում եք՝ եկեք ու գնացեք, որովհետեւ հայերը որպես
ազգ ինքնուրույն չեն դեռեւս: Վաշինգթոնը չգիտի՝ արժե՞ մեզ հետ բարեկամություն անել,
թե՞ ոչ»: Իսկ Սփյուռքը ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում գունավոր կամ անգույն
հեղափոխությունների մասին խոսակցություններին: Փոփոխությունների ակնկալիքներ կա՞ն:
«Սփյուռքահայերը հիասթափված են ՀՀ իշխանություններից եւ ընդդիմությունից, որովհետեւ
չաշխատող հայաստանցիներին պահելու հիմնական բեռը իրենց վրա է արդեն 15 տարի, բայց
դրա վերջը չի երեւում: Սփյուռքը տեսնում է, որ հայ ժողովուրդը ծուլացել է, հրաժարվել
է պայքարելուց, թեեւ առանց այն էլ պայքարող չէր, եւ սկսել է պարել: Սփյուռքը 2003-ի
նախագահական ընտրություններում կատարել էր իր ընտրությունն ու 97 տոկոսով ընտրել
էր Ռ. Քոչարյանի այլընտրանքին, իսկ ընդդիմությունը դա չօգտագործեց: Փոխարենը՝ պառակտվեց:
Մինչդեռ Սփյուռքը պահանջում է հայրենի ընդդիմության բոլոր առաջնորդների միավորում:
Եթե այդ մարդիկ չեն հասկանում, նշանակում է կամ տհաս են, կամ Քոչարյանի թիմից են»,-
ասաց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ