Նոր
տեսլական Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է համազգային
ոգեւորության հերթական սնամեջ ալիքը: Իհարկե, այս անգամ այդ ոգեւորության առանցքում
շուրջպարից քիչ ավելի լուրջ հարց է՝ աբխազական երկաթուղու հավանական վերաբացումը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսիում մեկնարկել է ԱՊՀ երկրների երկաթուղային գերատեսչությունների
ղեկավարների խորհրդի հերթական՝ 41-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են տարածաշրջանում
երկաթուղային հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցեր: Եվ ահա, բազմաթիվ
լրատվական գործակալությունների տեղեկացմամբ, երեկ Թբիլիսիում քննարկվել է Վրաստանը
ՌԴ-ին կապող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հնարավորությունը: «Ռուսական
երկաթուղիներ» ընկերության տնօրեն Գենադի Ֆադեեւն այս կապակցությամբ հայտարարել է,
թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ ծրագրի իրականացմանը, բայց պայմանով,
որ մյուս շահագրգիռ երկրները եւս՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, իրենց լուման
ներդնեն դրա մեջ: Ծրագրի արժեքը, ըստ մոտավոր հաշվարկների, կազմում է 2 մլրդ ռուսական
ռուբլի: Հենց այստեղ է, որ միս ու արյուն է ստանում դատարկ ոգեւորության նյութը:
Տարիներ շարունակ գրեթե համապարփակ շրջափակման մեջ խեղդված Հայաստանի ղեկավարության
համար շրջափակման վերացմանն առնչվող ցանկացած թեմա ուղղակի գտածո է՝ բնակչությանը
էլի մի որոշ շրջան վերահաս լավ կյանքի ինչ-ինչ տեսլականներով սնելու համար: Հոգ չէ
իհարկե, որ այդ խոսակցությունը, առնվազն տեսանելի ապագայի կտրվածքով, քաղաքական ֆանտաստիկայի
ոլորտից է: Փոխարենը հանրությանը հաճո այդ թեման միառժամանակ տաք պահելու եւ դրա
շրջանակներում կառավարության գործադրած անձնուրաց ջանքերը գովազդելու հրաշալի առիթ
կա: Թերեւս այս համատեքստում կարելի է դիտարկել «Հայաստանի երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար
Արարատ Խրիմյանի՝ Թբիլիսիում արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է
իր մասով միանալ այդ ծրագրին, եթե, իհարկե, դրա վերաբերյալ Ռուսաստանի եւ Վրաստանի
միջեւ պետական մակարդակով վերջնական որոշում կայացվի: Դառնալով մյուս «շահագրգիռ»
երկրներին՝ նկատել տանք, որ դրանց թվում նշված Ադրբեջանին, ամենամեծ ցանկության դեպքում
անգամ, շահագրգիռ չես համարի: Ճիշտ հակառակը: Նախ՝ Ադրբեջանի տնտեսությունն այդ երկաթուղուց
գրեթե կախում չունի, եւ երկրորդը՝ Ադրբեջանն ամենեւին շահագրգռված չէ Հայաստանի շրջափակումը
դույզն-ինչ թոթափելու հարցում: Ի լրումն, հաջորդ շահագրգիռ երկրի՝ Վրաստանի վարչապետն
ուղղակի ոչ եւս է արել ամեն տեսակ հույսերը։ «Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, քանի
դեռ կան շատ չլուծված հարցեր»,- ասել է նա: Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ է
Վրաստանն առհասարակ քննարկում այս հարցը: Սա թերեւս բարի կամքի թեթեւ դրսեւորում
է՝ Վրաստանից ռուսական ռազմակայանների արագ դուրսբերման՝ Մոսկվայի համաձայնության
դիմաց: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ