Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՀՅԴ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՐԿՐՈՐԴ ԲԵՎԵՌԸ

Հունիս 16,2005 00:00

Էլիզաբեթ
Ջոնսին չէր կարելի ԼՂՀ ղեկավարությանը անվանել քրեածին: Դա կարելի է միայն Արցախի
Դաշնակցության կառույցին: Հաստատված «ավանդույթի» համաձայն՝ ԼՂՀ-ում անցկացվող
ցանկացած ընտրության նախորդում են նախ Ադրբեջանի, իսկ հետո միջազգային կառույցների
հայտարարությունները, որոնցով այդ ընտրությունները որակվում են ապօրինի, իսկ դրանց
արդյունքները չեն ճանաչվում: Ահա եւ Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հանդես
եկավ ավանդական հայտարարությամբ հունիսի 19-ին կայանալիք ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների
առնչությամբ. «Տարածքների զավթման եւ էթնիկ զտման պայմաններում ընտրությունների անցկացումը
հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին ու Ադրբեջանական Հանրապետության
Սահմանադրությանը եւ իրավական ուժ չունի»: Սակայն, կրկնենք, սա հերթական հայտարարությունների
շարքից է: Մինչդեռ բնավ ոչ հերթական էր Արցախի Դաշնակցության եւ ընտրություններում
նրա հետ դաշինքով հանդես եկող «Շարժում-88»-ի նախօրեին արված հայտարարությունը: ՀՅԴ
ամերիկյան կառույցները պայքարում էին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության
դեմ, որով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բնորոշվում էին որպես քրեածին: Մինչդեռ
Արցախի ՀՅԴ-ի հայտարարության որակումները եթե չեն գերազանցում, ապա առնվազն չեն զիջում
պետքարտուղարի օգնականի ձեւակերպումներին՝ «գործող իշխանության որոշ կամակատարներ,
չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, օգտագործելով ուժային իշխանական լծակներ, հենվելով
թալանի, անօրինական ճանապարհով ձեռք բերած նյութական հարստության վրա,… ահ ու սարսափ
սփռելով, ամենուրեք ցանկանում են կեղտոտ խաղերով ու անօրինական ճանապարհով, փողի,
հարստության գայթակղությամբ, ընտրակաշառքներով պատգամավորական աթոռին նստեցնել իշխանամետ
թեկնածուների՝ դրանով իսկ միտք ունենալով հնարավորինս երկարաձգելու իշխանական թողտվության
մթնոլորտը, անօրինականությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, դիրքը, պաշտոնը»:
Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, որ պահպանել է արցախյան
գործիչների հետ իր կապերը՝ ԼՂՀ իշխանությանն ուղղված ՀՅԴ Արցախի կառույցի այս եւ
մեկ այլ մեղադրանքի առնչությամբ, թե երկրում չեն արմատավորվել ժողովրդավարական սկզբունքները՝
ասաց. «Ժողովրդավարությունը պետք է Հայաստանից գնար Ղարաբաղ: ԼՂՀ-ն հիվանդ է նույն
հիվանդություններով, ինչ Հայաստանը: Ուղղակի մենթալիտետի, փոքրության, իրար ճանաչելու
պատճառով բոլոր այդ հիվանդությունները մի քիչ ավելի մեղմ են դրսեւորվում ԼՂՀ-ում,
քան Հայաստանում: Կուզենայի, որ հնարավորինս ազնիվ ընտրություններ անցկացվեին ԼՂՀ-ում:
Եվ ինչքան զրուցել եմ Արկադի Ղուկասյանի եւ ԼՂՀ այլ իշխանավորների հետ՝ երդվում են,
որ ամեն ինչ կազմակերպելու են հնարավորինս արդար: Եվ չէի ուզենա, որ իշխանություն-ընդդիմություն
պայքարը Ղարաբաղում ունենար ղրղզական իրադարձությունների բնույթ: Ամեն ինչ լավ է
չափի մեջ՝ չարժե դիմել ծայրահեղությունների»: Ոչ պակաս ուշագրավ են «ՀՅԴ-Շարժում-88»-ի
ծրագրային որոշ հիմնադրույթներ, որոնցով դաշինքը հանդես է գալիս այս ընտրություններում:
Այսպես՝ վերլուծելով մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «բանակցային
գործընթացում մեր ունեցած տեղն ու դերը՝ գալիս ենք այն եզրահանգման, որ դեպքերի նման
զարգացման դեպքում մեր երկիրը կհայտնվի ոչ միայն խորը եւ անհաղթահարելի ճգնաժամի
մեջ, այլեւ իրական սպառնալիքներ կստեղծվեն նրա անվտանգության համար: Ղարաբաղյան հակամարտության
քաղաքական կարգավորման ներկայիս փուլի ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ ղարաբաղյան
կողմը փաստորեն դուրս է մնացել իր իսկ ճակատագիրը որոշող բանակցային գործընթացից:
Ղարաբաղյան գործոնը դադարում է գոյություն ունենալ որպես տարածաշրջանային ինքնուրույն
ռազմաքաղաքական գործոն: Հիմնախնդրի շուրջ ներկայումս ստեղծված միջազգային անբարենպաստ
մթնոլորտն առաջին հերթին արդյունք է այն բանի, որ ԼՂՀ իշխանություններն ինքնամեկուսացել
են այդ գործընթացից, նրանց պասիվ, անվճռական ու անհետեւողական դիրքորոշումն ի չիք
է դարձրել երկրի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես»: Նման գնահատականներ,
որոնցով անգամ հակամարտության շուրջ ստեղծված մթնոլորտի պատասխանատվությունը կվերագրվի
ԼՂՀ իշխանությանը՝ երբեւէ չեն հրապարակել ոչ միայն ՀՅԴ բյուրոն, այլ անգամ հայաստանյան
կառույցի ներկայացուցիչները: «Ես շատ հակասություններ կարող եմ գտնել Դաշնակցության
դիրքորոշումների մեջ, բայց չէի ուզենա քննարկել դա,- ասաց Վազգեն Մանուկյանը:- Վերջիվերջո,
կուսակցությունն ինքը պետք է որոշի իր գիծը: Անշնորհակալ գործ է հիմա դրա մեջ խառնվելը:
Բայց պիտի ասեմ, որ երբ այս հիվանդություններն առաջանում էին Հայաստանում եւ Ղարաբաղում՝
շատ անգամ Դաշնակցությունը եւ այլ կուսակցություններ աչք էին փակում դրանց վրա, որ
ունենանք ավելի գեղեցիկ պատկեր: Ինչպես երեւում է՝ հիվանդությունը թափանցել է խորքերը»:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ Արցախի կառույցը որոշ դժգոհություններ
ունի մայր կուսակցությունից, թե բավարար ֆինանսական աջակցություն չի ցուցաբերվել
իրենց քարոզարշավի կարիքները հոգալու համար, սակայն ակնկալում են ակտիվ դերակատարություն
ունենալ այս ամբողջ գործընթացում: Առաջիկայում կփորձենք հավելյալ մանրամասներ հաղորդել
այս կապակցությամբ: Իսկ մինչ այդ՝ եւս մի մեջբերում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի
ծրագրային հիմնադրույթներից: Թեեւ այստեղ որոշակի անուններ մատնանշված չեն, սակայն
պարզ է, թե ով է հասցեատերն այս պնդումների. «Մարդիկ պետք է մի պարզ ճշմարտություն
հասկանան՝ եթե գործադիր իշխանությունն ամեն ինչ անում է, որ Ազգային ժողովն էլ իր
վերահսկողության տակ գտնվի, ապա դա նշանակում է, որ նա ուզում է բոլոր լծակները կենտրոնացնել
իր ձեռքում, որ ժողովուրդը չկարողանա նրան վերահսկել: Ոչ մի դեպքում չպիտի դա թույլ
տալ»: Դաշնակցությունը հույս ունի այս դաշինքով ապագա խորհրդարանում մեծամասնություն
կազմել, որ «ստեղծվի երկրորդ իրավաքաղաքական բեւեռը, առանց որի ժողովրդավարությունն
ընդամենը խաբկանք է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ.
Գ. «Առավոտի» թղթակիցը Ստեփանակերտից է լուսաբանելու այս ընտրությունների ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել