Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏՆՎԵԼ ԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Հունիս 16,2005 00:00

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը չի մանրամասնում,
թե սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ինչ են որոշել նախագահն ու
կոալիցիան: Երեկ նախագահի մոտ տեղի ունեցավ կոալիցիայի խորհրդի հերթական նիստը,
որի ընթացքում քննարկվեց Սահմանադրությունը եվրոպական կառույցների առաջարկով բարեփոխելու
արդեն չարչրկված հարցը: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի երկրորդ միջանկյալ եզրակացության
մեջ ընդգծված է, որ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների տեքստը պետք է էական
վերանայման ենթարկվի երկրորդ ընթերցումից առաջ, եւ պետք է ամբողջությամբ արտացոլի
հանձնաժողովի նախորդ եզրակացությունը: Նախագահականում տեղի ունեցած հանդիպումից հետո
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մեր թերթին հարցազրույց
տվեց եւ շեշտեց, որ գտնվել են եվրոպական առաջարկներին համարժեք լուծումներ: –
Նախագահի հետ խորհրդակցելուց հետո ի՞նչ որոշում կայացվեց. կոալիցիան ընդունելո՞ւ
է Վենետիկի բոլոր սկզբունքային առաջարկությունները, մասնավորապես՝ Արդարադատության
խորհրդի, կառավարության ձեւավորման եւ Երեւանի քաղաքապետի ընտրովիության մասով: –
Լուծումներ գտնվել են բոլոր երեք ուղղություններով էլ, ես կարծում եմ՝ դրանք եվրոպական
չափանիշների շրջանակում են: Սա կարող է շատ լավ հիմք լինել հունիսի 23-ի եւ 24-ի
հանդիպումների համար: – Խնդրում եմ ավելի հստակեցրեք, թե ի՞նչ են նշանակում
այդ լուծումները: – Կարծում եմ՝ լուծումները ճիշտ կլինի հստակեցնել եւ մեկնաբանություններ
տալ հունիսի 17-ին, երբ նախագիծը վերջնական տեսքի բերված կլինի եւ կուղարկվի Վենետիկի
հանձնաժողովին: – Երեւանի քաղաքապետի ընտրովիության մասին առաջարկն ընդունվե՞լ
է: – Մայրաքաղաքի հետ կապված խնդիրը լուծվել է այնպես, ինչպես եվրոպական բազմաթիվ
երկրներում: – Կոնկրետ՝ ինչպե՞ս: – Չեմ ուզում մանրամասնել մինչեւ
հունիսի 17-ը, երբ արդեն կլինեն հստակ ձեւակերպումները: Այդ ժամանակ կարելի կլինի
խոսել մանրամասների մասին: – Իսկ գտնված լուծումների դեմ որեւէ ընդդիմադիր
հայտարարություն չարվե՞ց մասնավորապես ՕԵԿ-ի կողմից: Գտնված լուծումներին բոլո՞րն
էին համաձայն: – Քննարկման բոլոր մասնակիցները (Անդրանիկ Մարգարյան, Տիգրան
Թորոսյան-ՀՀԿ, Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան- ՕԵԿ, Արմեն Ռուստամյան, Լեւոն
Մկրտչյան- ՀՅԴ-.- Մ. Ե.) միանշանակորեն համաձայն են եղել բոլոր լուծումներին, որեւէ
տարաձայնություն չկար եւ չի եղել: – Որպես ԵԽ-ում մեր պատվիրակության ղեկավար,
հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունների կողմից գտնված լուծումները
հերթական անգամ չընդունվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից: – Այդ լուծումները
իսկապես գտնվում են եվրոպական ստանդարտների շրջանակների մեջ, եւ երկրորդ՝ ես կարծում
եմ, հունիսի 23-ին եւ 24-ին, իհարկե, կարող է անհրաժեշտություն լինել շտկումների,
ճշգրտումների եւ այլն, սակայն դրանք իսկապես լուծումներ են, որոնք շատ լավ հիմք են
աշխատանքային քննարկման համար: – Սակայն Վենետիկի հանձնաժողովի երկրորդ միջանկյալ
եզրակացության մեջ հատուկ նշված է, որ Վենետիկի բոլոր առաջարկները պետք է ընդունվեն
անվերապահորեն եւ ամբողջությամբ, մինչդեռ հիմա դուք ասում եք, որ ընդամենը լուծումներ
են գտնվել: – Վենետիկի հանձնաժողովը ոչ թե առաջարկություններ է արել լուծումների
հետ կապված, այլ մատնանշել է հիմնախնդիրները, եւ այդ բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ
անվերապահորեն լուծումներ առաջարկված են: Ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այդ հիմնախնդիրներն
արձանագրվել են ԱԺ-ում դեռեւս առաջին ընթերցմամբ նախագծերը քննարկելու ժամանակ: Այսինքն՝
այստեղ բացարձակապես որեւէ տարաձայնություն չկա Վենետիկի հանձնաժողովի հետ: Ավելին,
Հուշագրում, որը հունիսի 2-ին եւ 3-ին կազմվեց Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ,
նույնպես հստակ արձանագրված է, որ հիմնախնդիրների առումով տարաձայնություն չունեինք
լուծվելիք հարցերի հետ կապված: Այն, ինչ արձանագրված է Հուշագրում, որ Հայաստանի
իշխանությունները մտադիր են բոլոր երեք ուղղություններով կարեւոր փոփոխություններ
անել նախագծում, այժմ այդ աշխատանքն արդեն ավարտվել է: – Դուք, որպես ԵԽ-ում
մեր պատվիրակության ղեկավար, վստա՞հ եք, որ այսօր Քոչարյանի հետ համատեղ աշխատելու
արդյունքում գտնված «լուծումները» որեւէ արտառոց իրավիճակի չեն հանգեցնի Հայաստանին՝
կապված ԵԽ-ին անդամակցելու հետ: – Ես, իսկապես, շատ մեծ հույս ունեմ, որ Վենետիկի
հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ շտկումներ անելուց հետո մեր այդ հանդիպման արդյունքում
կունենանք բոլոր հարցերի լուծումը նախագծի մեջ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այդպես
կլինի: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀ. Գ. Երեկ ԱԺ
փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեկնեց Թբիլիսի՝ մասնակցելու Հարավային Կովկասի խորհրդարանական
նախաձեռնության նախագահության նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել