Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՀԱՅՐԵՆԻՔ

Հունիս 15,2005 00:00

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՀԱՅՐԵՆԻՔ Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Փարաջանովի մտերիմ ընկերոջ՝ Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարունը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը տարբեր տարիների արժանացել է կինոաշխարհի բարձրագույն պարգեւներին (Ռուսաստանի կինոարվեստի ակադեմիայի սահմանած «Նիկային», Սան-Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի Golden gate գլխավոր մրցանակին, Բեւեռլի Հիլսի միջազգային կինոփառատոնի Golden Palm բարձրագույն պարգեւին), սակայն հայ հանդիսատեսի լայն շրջանակներին այն հասու է դառնում առաջին անգամ: Ֆիլմի ռեժիսոր Միքայել Վարդանովը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ի՞նչ պատճառներով հայ հանրությունը հաղորդակից չի դարձել ձեր ֆիլմին: – Ֆիլմը ստեղծվել է այն տարիներին, երբ Հայաստանում լույս, տրանսպորտ չկար: Աշխատում էինք օրական ընդամենը 2 ժամ: Մի խոսքով, դժվարին տարիներ էին: Ցավոք, «Նիկայի» հանձնման արարողությունը ոչ ոք չտեսավ, որովհետեւ Հայաստանում հովհարային անջատումներ էին: Այնուհետեւ ինձ սկսեցին հրավիրել աշխարհի այլ երկրներ, մի հրավեր էլ ստացա Վաշինգթոնի ազգային պատկերասրահից, որտեղ կազմակերպվեցին իմ ֆիլմի 5 ցուցադրումները, այնուհետեւ Ֆրանսիա, Ռուսաստան, Շվեդիա, Ֆինլանդիա, Կորեա, Չեխիա, Կանադա, ԱՄՆ, որտեղ հաստատվել ու ապրում եմ: Որտեղ էլ լինես՝ Հայաստանը ձգում է: – Բայց դուք ծնվել եք Չեչնիայում: – Այո՛, ես ծնվել եմ Չեչնիայում, հայրս Կարսի ծնունդ է, մայրս՝ Զանգեզուրի: Մենք հայրենիք ենք համարել Հայաստանը, տանն էլ հայերեն էինք խոսել: Հայաստանում ապրել եմ շուրջ 30 տարի: 1966-ին Մոսկվայից տեղափոխվեցի Երեւան՝ չունենալով որեւէ ծանոթ-բարեկամ այստեղ, որովհետեւ լսել էի, որ Փարաջանովը պատրաստվում է «Հայֆիլմում» սկսել «Նռան գույնի» նկարահանումները: Ես աշխատանքի ընդունվեցի վավերագրական ֆիլմերի ստուդիայում, որտեղ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվերով նկարեցի «Հայոց հողի գույնը» ֆիլմը, ուր առաջին անգամ նկարել եմ Մինասին, Էլիբեկյան եղբայրներին, Արտո Չաքմաքչյանին, Երվանդ Խոջաբեկյանին եւ մյուսներին: Ինձ ասում էին՝ էդ ո՞ւմ ես նկարել, դա մեր իսկական մշակույթը չէ: Նկարեցի նաեւ Փարաջանովին՝ «Նռան գույնի» վրա աշխատելիս: Անընդհատ այդ ֆիլմը հանվում էր, հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ԽՍՀՄ հանձնաժողովը վերջապես ընդունեց այն: Նկարահանվեցին այլ ֆիլմեր եւս: «Նռան գույնը» ֆիլմից հետո սկսեցին Փարաջանովին հետապնդել. ոչ փայլուն հարաբերություններ երկրի ղեկավարության հետ, բանտ, ճամբարներ, որտեղից նա նամակագրական կապ էր պահպանում ինձ հետ, ինչի համար ինձ հեռացրին աշխատանքից որպես «պետական աշխատանքային կարգապահության չարամիտ խանգարիչի»: Ցավոք, իմ կարիերայի ընթացքում ես հնարավորություն չեմ ունեցել լիովին ինքնադրսեւորվելու, հետագայում, երբ ժամանակները փոխվեցին, ամեն ինչ այլ ընթացք ստացավ, երբ հիմնեցի իմ սեփական՝ «ՎԱՐԴԱ-ՆՈՎԱ» ստուդիան եւ կյանքի կոչեցի իմ նվիրական մտահղացումը: Խոսքը «Փարաջանով: Վերջին գարունը» ֆիլմի մասին է: Իմ բոլոր ֆիլմերից հատկապես ուզում եմ առանձնացնել օպերատորական աշխատանքը Գենադի Մելքոնյանի «Թթենիում», Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներում»: Կարծում եմ, սրանք իմ վերջին ֆիլմի հետ միասին հավուր պատշաճի կարող են աշխարհին ներկայացնել հայկական կինոարվեստը: Սովորաբար ռեժիսորներն լավագույն աշխատանքները նկարում են իրենց կարիերայի սկզբում: Իմ պարագայում հակառակն է ստացվել՝ վերոնշյալ պատճառներով. «Փարաջանով: Վերջին գարունը» ֆիլմում բյուրեղացել են իմ ողջ կենսափորձը, մասնագիտական հմտությունները, մի խոսքով՝ ամեն ինչ: – Փարաջանովին ինչպես էլ բնորոշենք՝ քիչ է: Դուք որպես մոտ կանգնած անձնավորություն, ի՞նչ նոր բան կասեք նրա մասին: Երկարատեւ նամակագրական կապ եք ունեցել նրա հետ, այդ ի՞նչ նամակներ էին, արժե՞ր արդյոք դրանք հրապարակել: – Իհարկե՝ արժեր: Հանդիսատեսը այդ նամակների մի մասը չի տեսնում: Իսկ ներկայացվողները բավական են, որ գաղափար կազմվի բանտային մթնոլորտի մասին: Փարաջանովը ինձ միշտ ասում էր. «Ոչինչ, այսկերպ ինձ անմահացնում են», որովհետեւ այդ շրջանում նա նորանոր կինոսցենարներ էր արարում, հրաշք կոլաժներ ստեղծում՝ մոտ 800 աշխատանք: Փարաջանովը կարողանում էր բարձրագույն կերպարները դարձնել զուտ մարդկային, ամեն ինչի մոտենալ հումորով: – Հնարավո՞ր է եւս մեկ ֆիլմ նկարեք Փարաջանովի մասին: – Այո, մտադիր եմ, մանավանդ ասելիք շատ կա, եւ նրա ծածկագրված արվեստը, ողջ ժառանգությունը դեռ վերծանումների կարիք ունի: Որդուս՝ Մարտին Վարդանովի հետ որոշել ենք նաեւ գիրք գրել նրա մասին: Մարտինը «Փարաջանով: Վերջին գարունը» ֆիլմի սցենարի համահեղինակն է: – Դուք եղել եք Փարաջանովի տուն-թանգարանում: Այնտեղ փարաջանովյան ոգի, շունչ կա՞: – Թանգարանի՝ այստեղ տեղափոխվելուց օրեր առաջ ես նրա բնակարանում էի: Այնտեղ իսկական փարաջանովյան մթնոլորտ էր, որը այլ պատերի ներսում ամբողջությամբ վերականգնել այլեւս անհնար է: Երեւանյան թանգարանում էլ ոգի կա, բայց միայն նրանց համար, ովքեր չեն եղել Փարաջանովի իսկական տանը: Ի դեպ, ես դեռ 20 տարի առաջ «Գարուն» ամսագրում տպագրված մի հոդվածում գրել էի. «Հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ կհրատարակվեն Փարաջանովի բոլոր սցենարները, լիբրետոները, կոլաժները, իսկ եթե որեւէ քաղաքում հիմնվի նրա թանգարանը, այն, հիրավի, այդ քաղաքի զարդը կդառնա»: Դեռ 20 տարի առաջ համոզված էի, որ դա Երեւանն է լինելու: – Ո՞րն է «Փարաջանով: Վերջին գարունը» ֆիլմի առանձնահատկությունը: – Իմ ֆիլմում փարաջանովյան հերոսները մարդկային բազմահազարանոց բանակի հետ միասին գնում են ճանապարհելու իրենց Կերտողին, Վարպետին՝ դեպի Հավերժություն: Այստեղ Փարաջանովի արվեստը զուգահեռվում, մոտեցվում է նրա կյանքին ու դառնում շարունակությունը: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930